Սերժ Սարգսյանի օրոք՝ փողը խնայում էին, Փաշինյանի օրոք՝ բաժանում՝ որպես պարգևավճար

12 հազար քառակուսի կիլոմետրով Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ օրերս կայացած Կառավարության նիստում հաստատվեց 2024 թվականի պետական բյուջեի նախագիծն ու այն ուղարկվեց Ազգային ժողով։

Արցախից բռնի տեղահանված 120 հազար հայի կարիքների բավարարման հետ որևէ աղերս չունեցող 2024 թվականի բյուջեի նախագծով փաշինյանական կառավարությունը հավատարիմ է մնացել իր սկզբունքին՝ սահմանված են ահռելի չափով պարգևատրումներ, միլիոնավոր դրամներով ավելացել են Փաշինյանի իշխանությունը պահողներին՝ Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը տրվող գումարները։

168.TV-ի եթերում Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին երկու տարում, Փաշինյանի ղեկավարած կառավարության և Սերժ Սարգսյանի իշխանության օրոք հաստատված բյուջեները համեմատելուց հետո արձանագրեց՝ Փաշինյանի կառավարության կազմած բյուջեն ամեն տարի դառնում է էլ ավելի պոպուլիստական։

«Տարեցտարի այս Կառավարության կազմած բյուջեն դառնում է ավելի պոպուլիստական։ Սա վտանգավոր է։ Ընթացիկ ծախսերի և պարգևավճարների մասով գումարների ծավալները խոսում են ժողովրդի նկատմամբ անազնիվ վարքագծի մասին։ Թոշակառուն և միջին վիճակագրական քաղաքացին կարող է չունենալ այնքան ֆինանսական գիտելիքներ՝ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում, հետևաբար, երբ Կառավարությունը պարտք է վերցնում և թոշակները վճարում և չի ուժեցացնում պետության անվտանգությունը, դա սխալ և վտանգավոր քաղաքականություն է»,- ասաց Արամյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ անգամ հիմա, երբ Արցախից մեր հայրենակիցները տեղահանվել են, ու Հայաստանի բյուջեից պետք է գումարներ հատկացվեն նրանց կարիքները հոգալու համար, Փաշինյանի Կառավարությունը գնալու է տնտեսության ողնաշարը հանդիսացող կապիտալ ծախսերի կրճատման հաշվին աշխատավարձ և թոշակ, պարգևավճար բարձրացնելու ճանապարհով։

«Այս Կառավարությունն ամբոխահաճո է։ Ես չեմ տեսնում պրոֆեսիոնալ մոտեցում։ Վախենում եմ, որ անգամ այս իրավիճակում այս Կառավարությունը գնալու է ընթացիկ ծախսերի էական մեծացման, ճիշտ այնպես, ինչպես արեց 2020 թվականի պատերազմից հետո, երբ բարձր պահելով ընթացիկ ծախսերը՝ գումարները չուղղեց անվտանգային միջավայրի բարելավմանը»։

Թե ինչպես պետք է վարվի պրոֆեսիոնալիզմ և խելամտություն ունեցող Կառավարությունը նման վիճակներում, Վարդան Արամյանը ցույց տվեց համեմատության մեջ՝ հիշելով, թե ինչպես էին իրենք գումար խնայելով՝ դիմագրավում տնտեսական հարվածներին։

«Օրինակ՝ 2016 թվականը Հայաստանի տնտեսության համար վատ տարի էր, բայց և՛ այդ տարի, և՛ հաջորդ՝ 2017 թվականին մեր Կառավարությունը հաջողություն արձանագրեց, ինչի արդյունքում ցածր տնտեսական ակտիվության վրա պոռթկում ունեցանք՝ հասնելով 7.2 տոկոս աճի։ Իսկ ինչպե՞ս դա արվեց. Օրինակ, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին ասացինք՝ փորձեք ձեր նախարարությունում 500 միլիարդ խնայողություն անել՝ առանց հարվածելու որակին, որպեսզի այդ գումարն ուղղենք կապիտալ ծախսերին։ Միշտ հիշում եմ՝ նա ուղիղ 4 միլիոն 990 միլիոն դրամով կարողացավ կրճատել նախարարության ծախսերը՝ ավելի ցածր բյուջեով ավելի լավ արդյունք արձանագրելով։ Սա խոսում է պրոֆեսիոնալ մասնագետի մասին։ Հիմա ունի՞ այս կառավարությունը նման որակ, ես որևէ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց նայելով նրանց ձախողած արդյունքներին, պետք է ասեմ՝ ոչ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս