«Կառավարությունը ո՛չ կարող է, ո՛չ էլ ցանկություն ունի որևէ բան անելու, բայց ըստ իս՝ լուծումներ կան». Մովսես Հակոբյանը՝ ադրբեջանական գերության մեջ գտնվող նախկին պաշտոնյաների մասին
Սեպտեմբերի 19-ին երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության դեմ, սպանեց, գերեվարեց քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների և նրա ցեղասպան քաղաքականության արդյունքում արցախահայությանը բռնի տեղահանեց Արցախից։
Արցախում ռազմական գործողություններին հաջորդեց Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պաշտոնյաների առևանգումը, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը հայտարարել էր՝ զենքերը վայր դնելուց հետո բոլորը կարող են լքել Արցախը։
Սեպտեմբերի 27-ին լուրեր տարածվեցին, որ Ադրբեջանի կողմից գերեվարվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ժամեր անց լուրը հաստատեց Ռ. Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը՝ տարածելով հայտարարություն։ Ռուբեն Վարդանյանի հետ գերեվարվել էր նաև Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Սեպտեմբերի 27-ին էլ Ադրբեջանը գերեվարեց ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։
Սեպտեմբերի 27-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել, որում ասել էր, որ ընդգրկված լինելով Ադրբեջանի «սև ցուցակում», ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար, ուստի որոշել է գնալ Շուշի։
Այս ամենին հաջորդեց Արցախի նախկին նախագահների առևանգումը՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, նաև՝ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի։
168.am-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ ադրբեջանական գերության մեջ գտնվող արցախցի նախկին պաշտոնյաներին հայրենիք վերադարձնելու համար ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը։
«Կառավարությունը ո՛չ կարող է անել, ո՛չ էլ ցանկություն ունի որևէ բան անելու, բայց ըստ իս՝ լուծումներ կան»,- նշեց Մովսես Հակոբյանը։
Հարցին՝ որո՞նք են այդ լուծումները, Մովսես Հակոբյանը պատասխանեց.
«Այդ լուծումները բարձրաձայնելու չեն»։