«Հաշվի առնելով Ադրբեջանի հետ Իսրայելի սերտ հարաբերությունները՝ Ադրբեջանի համար ոչ այնքան հաճելի իրավիճակ է ձևավորվում». Արմեն Պետրոսյան
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Գազայի հատվածում «Երկաթե թրեր» ռազմական գործողության մեկնարկի մասին՝ ի պատասխան պատեղստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման գործողությունների:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այսօր կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Շարժումը հայտնել է 35 գերեվարված իսրայելցու մասին:
Ի՞նչ զարգացումներ կարող են ունենալ այս ռազմական գործողությունները, այն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Հարավային Կովկասի վրա։
168.am-ի հետ զրույցում արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն այս հարցերին պատասխանելիս նախ հիշեցրեց, որ Պաղեստին-Իսրայել բախումները նորություն չեն, հատկապես Գազայի հատվածում։ Գործող խմբավորումների և Իսրայելի միջև պարբերական բախումներ են տեղի ունենում գրեթե յուրաքանչյուր տարի՝ տարբեր մասշտաբներով։
«Կարծում եմ՝ այս վերջին գործողություններն ավելի շատ կապված են Իսրայել-Սաուդիան Արաբիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, որը բավականաչափ ակտիվ կերպով առաջ է մղում Միացյալ Նահանգները։ Այս գործընթացում առանցքային դեր ունի պաղեստինյան հիմնախնդիրը, որովհետև Սաուդիան Արաբիան հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում կարող է լինել միայն այդ հիմնախնդրի կարգավորման պարագայում։ Երևի թե պաղեստինյան այս խմբավորումների ակտիվությունը պայմանավորված է կրկին կարգավորման գործընթացում պաղեստինյան հիմնախնդրի անտեսում թույլ չտալու նպատակներով։ Վերջին շրջանում տարաբնույթ տեղեկատվություն էր տարածվում առ այն, որ Սաուդիան Արաբիան որոշակիորեն զիջել է իր նախկին պնդումները պաղեստինյան հիմնախնդրի մասով, ենթադրենք՝ պայմանավորելով ատոմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ ինչ-որ երաշխիքներ ստանալու պայմանով։
Այս պարագայում նման լարվածությունը, հերթական բախումը, ընդ որում, սիմվոլիկ, քանի որ Իսրայելում այս օրերին նշվում է 1973 թվականի Դատաստանի օրվա պատերազմի հերթական տարելիցը, որը ոչ միանշանակ արդյունքներով պատերազմ էր, կրկին ուղերձ էր միջազգային հանրությանը, որ չնայած աշխարհի այլ տարածաշրջաններում եղած այլ հակամարտություններին, այնուամենայնիվ մեր ժամանակների ամենաարյունալի հակամարտությունը՝ պաղեստինա-իսրայելյան հակամարտությունը, շարունակվում է չլուծված մնալ»,- շեշտեց Արմեն Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս հակամարտությունը մշտապես որոշակի ազդեցություն ունեցել է տարբեր տարածաշրջանների վրա, քանի որ դրա հետ կապված կան հստակ դիրքորոշումներ նաև Հարավային Կովկասի երկրների դերակատարների առումով։ Որպես օրինակ՝ փորձագետը բերեց Իրանին, ինչպես նաև Թուրքիային, որոնք մշտապես աջակցել են պաղեստինյան կազմակերպություններին՝ ընդդեմ Իսրայելի։ Իրանը՝ սպառազինության տրամադրման եղանակով, Թուրքիան՝ դիվանագիտական հարթությունում, բնականաբար, ազդեցություն ունենում են, հաշվի առնելով նաև Ադրբեջանի հետ Իսրայելի սերտ հարաբերությունները՝ Ադրբեջանի համար ոչ այնքան հաճելի իրավիճակ է ձևավորվում։
«Սովորաբար նման բախումների ժամանակ ամբողջ մուսուլմանական աշխարհը միավորվում է կամ գոնե ցույց է տալիս միավորման իմիտացիա ընդդեմ Իսրայելի, իսկ տվյալ դեպքում Ադրբեջանի հետ հարաբերությունները հաշվի առնելով՝ խնդիրներ են առաջանում, իհարկե, ոչ հրապարակային»,- շեշտեց Արմեն Պետրոսյանը։
Թե ի՞նչ զարգացում կունենա այս բախումը, Արմեն Պետրոսյանն ասաց, որ հիմա դժվար է կանխատեսումներ անել, քանի որ այդ ամենը պայմանավորված է Իսրայելի, ՀԱՄԱՍ-ի և միջնորդների ծրագրերով։ Սովորաբար նման գործողությունները մի քանի օրեր կամ ամիսներ են տևում՝ պայմանավորված, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ նպատակներ է հետապնդում։
«Նման լարվածությունից հետո սովորաբար ակտիվանում են միջնորդները, հիմնական միջնորդը Եգիպտոսն է, եթե Գազայի հատվածի հետ է առճակատումը։ Եթե Պաղեստին գետի Արևմտյան ափին է առճակատումը՝ սովորաբար Հորդանանն է ակտիվ միջնորդական դերակատարում ունենում։ Այսինքն՝ կդժվարանամ ասել, թե ինչ զարգացում կլինի, քանի որ այս գործողությունը մանրամասն ու դետալային գծագրված գործողություն է, չի բացառվում, նաև հաշվի առնելով իսրայելական կողմի կորուստները, Իսրայելը որոշում կայացնի ավելի երկարատև պատժիչ գործողություններ իրականացնել Գազայի հատվածում։ Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Իսրայելը մեծ կորուստներ է ունեցել»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։