Արմեն Աշոտյանի գործով ՄԻԵԴ մի գանգատ արդեն ուղարկել եմ, մեկն էլ պատրաստվում եմ ուղարկել. Աթանեսյան
«Արմեն Աշոտյանի գործով արդեն մի գանգատ ներկայացրել եմ Եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Խոսքը գնում է անցյալ տարի՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի Հանրապետությունից նրա ելքն ապօրինի սահմանափակելուն, երբ առհասարակ հրաժարվեցին քրեական հետապնդում իրականացնել: Կալանքի վերաբերյալ գանգատ կուղարկեն մոտակա 10 օրվա ընթացքում: Վճռաբեկի որոշումն օգոստոսի վերջին եմ ստացել»,- այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբանների հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ասաց նրա փաստաբանական թիմի անդամ Տիգրան Աթանեսյանը:
Վերջինս նկատեց՝ ինքը պնդում է, որ Եվրոպական դատարանը կոռումպացված է, և այդպես մտածելու հիմքեր ունի:
«Այս քաղաքական հետապնդումներով 4-5 ագամ ՄԻԵԴ-ին խնդրել եմ կիրառել միջանկյալ միջոց՝ պետությանը պարտավորեցնել անձին՝ Արմեն Աշոտյանին, կալանքից ազատ արձակել: Եվ ամեն անգամ ստանում եմ աշխատակազմից ինչ-որ մի աշխատողի գրություն, որ դա արվում է միայն արտահանձնման կամ մահապատժի դեպքում: Նախ սահմանափակում չկա… Երկրորդը՝ բա Ալեքսեյ Նավալնի՞ն… Կալանավորեցին, երկու օր հետո Եվրոպական դատարանի նախագահը, քիչ էր մնում՝ ինքը տաներ, Նավալնուն տար որոշումը: Նավալնիին արտահանձնո՞ւմ էին, թե՞ նրան մահապատիժ էր սպառնում»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: