«Մենք բավականին «էժան» տրվեցինք Ռուսաստանին, իսկ հիմա նույնքան «էժան» կանգնած ենք Արևմուտքի առաջ. Մեզ «էժան» գնում են և հետո «թանկով» վաճառում»
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է. «Ֆրանսիայի արտգործնախարար տիկին Կոլոնան նշում է, որ Արցախում տեղի ունեցածը նման է էթնիկ զտման: Տիկին նախարարն, իհարկե, չի մանրամասնել՝ «աչքերո՞վ» է նման էթնիկ զտման, թե՞ «ճակատն է» դրան նման: Բայց, կարծես թե, վատ չէ, երբ ասում է, որ նման է էթնիկ զտման:
Բայց հարց է առաջանում․ ինչո՞ւ, օրինակ, Գրանադայի քառակողմ հանդիպման հայտարարության մեջ չկա գոնե նման մի գնահատական հիշեցնող ձևակերպում: Չէ՞ որ այդ սենյակում «հրամանատարը» Ֆրանսիան էր: Ո՞վ էր դեմ եղել հայտարարության մեջ այդպիսի արձանագրման: Միշե՞լը, Շո՞լցը, թե՞ Փաշինյանը:
Իսկ գուցե Ադրբեջանի հետ միլիարդավոր դոլարների ծրագրեր իրականացնող նավթարդյունաբերական բիզնե՞սը, և դրա համա՞ր է նախարարը ասում, որ օրակարգում չկա պատժամիջոցների հարց:
Բազմիցս եմ ասել՝ մեզ, որպես հանրություն և պետություն, կհարգեն այն ժամանակ, երբ մենք կդադարենք աշխարհը «սիրել ականջներով», այլ կփորձենք հասկանալ աշխարհը հարցերով:
Ու քանի որ աշխարհում շատ ավելի հասուն են, մեզ չափելու են հենց մեր հարցերով, եթե անգամ այդ հարցերը տհաճ են նրանց համար: Որովհետև այդ կերպ նրանք չափելու են՝ գործ ունեն պրիմիտիվ, միայն «նվերներ» ակնկալող հանրույթի՞, օրգանիզմի՞ հետ, թե՞ մտածողների և տողատակեր գտնող-հասկացողների, որոնք այնքան էլ էժան չեն՝ ոչ թե փողի, այլ մտքի «փոխարժեքի» տեսանկյունից:
Սրանք հանգամանքներ ու գործոններ են, որոնք պետք է հետաքրքրեն նրանց, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, այլ ոչ թե՝ քաղաքականությանը հետևելով:
Ինչպես նշել եմ մի քանի անգամ, շատ ժամանակ առաջ մենք, որպես հանրային-պետական, քաղաքական օրգանիզմ, բավականին «էժան» տրվեցինք Ռուսաստանին, իսկ հիմա նույնքան «էժան» կանգնած ենք Արևմուտքի առաջ: «Էժան» ու մանր, ու այդ ամենը ոչ թե փողի, այլ մտքի չափումով:
Մեզ «էժան» գնում են և հետո «թանկով» վաճառում: Որովհետև մենք հարցեր տալիս ենք ոչ թե այդ առևտրային գործարքներրից առաջ, այլ՝ հետո: Եթե որպես հանրային, քաղաքական, պետական օրգանիզմ՝ մենք, օրինակ, Ռուսաստանին հարցեր տայինք «բանը բանից» առաջ (իսկ այդ ժամանակ հարցեր հետևողական բարձրացնում էինք միայն եզակիներս), ոչ թե «բանը բանից անցնելուց» հետո, ապա կունենայինք իրադարձությունների բոլորովին այլ ընթացք:
Եվ իրադարձությունների ընթացքի ոչ մի խորքային արդյունավետ փոփոխություն մենք չենք ունենալու, եթե այսօր հարցեր չտանք արևմտյան գործընկերներին:
Սա քաղաքականության մեխանիկան է, որը չպատկերացնելու և «երջանկության մեխանիկայով» առաջնորդվելու դեպքում քաղաքականությունը հասցնում է լրիվ հակառակ հանգրվանի»: