ԼՂ-ից բռնի տեղահանվածները օգտվելու են ՀՀ-ում առկա բոլոր անվճար բժշկական ծառայություններից

Աշխարհի բազմաթիվ երկրներում հոկտեմբերը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի ընթացքում իրազեկման միջոցառումներ են անցկացվում՝ հորդորելով կանանց հետազոտվել։ Մասնագետները հիշեցնում են՝ հիվանդության վաղ հայտնաբերումը շատ կարևոր է, այն նպաստում է բուժման արդյունավետության բարձրացմանը, բուժառուի կյանքի որակի բարելավմանը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը նշեց, որ Հայաստանում բոլոր պայմանները ստեղծված են, որ կանայք մոտենան բուժհաստատություններ, անցնեն համապատասխան հետազոտություն։

«Մեր հորդորն ու կոչն է, մի հետաձգեք բժշկի այցելությունը, անպայման գնացեք և հետազոտվեք։ Իրազեկված լինելը, կանխարգելիչ միջոցառումները, հիվանդությունների վաղ հայտնաբերումն օգնում են ավելի լավ արդյունքներ գրանցել»,-ասաց Քնար Ղոնյանը։ Նա տեղեկացրեց, որ հիվանդությունների կանխարգելման համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, որոնք գտնվում են Հայաստանում, կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրին մոտ գտնվող պոլիկլինիկա, ամբուլատոր կենտրոն։

«Նրանք ընդամենը գրանցվելու կարիք ունեն։ Մեր հայրենակիցներն օգտվելու են այն բոլոր անվճար ծառայություններից, որոնք նախատեսված են օրենսդրությամբ։ Գրանցվելու դեպքում, առաջին իսկ այցի ընթացքում, մեր հայրենակիցները կիրազեկվեն իրենց իրավունքների, արտոնությունների մասին։ Ունենք վաղ հայտնաբերման սքրինինգային անվճար ծրագիր, դրանից բացի, չարորակ նորագոյացության հաստատման դեպքում, պետությունը, վիրաբուժական միջամտությունների մասով, ամբողջությամբ ապահովում է բուժառուների բժշկական օգնությունը։ Ամբողջությամբ անվճար է նաև ճառագայթային բուժումը»,-ասաց Քնար Ղոնյանը։ Դրանից բացի, ապահովվում են դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները։

Կրծքագեղձի քաղցկեղի մասով առկա է նաև առանձնացված դեղապահովման ծրագիր։ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը տեղեկացրեց, որ թանկարժեք դեղորայքի հետ կապված պետությունը ծախսը վերցրել է իր վրա։

«Գոյություն ունի կրծքագեղձի քաղցկեղի HER դրական ենթատեսակ, որն ագրեսիվ է։ Այն պահանջում է հատուկ թիրախային բուժում՝ բավական թանկ դեղամիջոցով։ Այն հասու չէր և շատ կանայք այդ բուժումը չէին կարողանում ստանալ։ 2020 թվականի մարտ ամսից, պետությունը մշակեց տրաստուզումաբ դեղամիջոցի ապահովման ծրագիր։ Մինչ այժմ 739 կին արդեն մասնակցել է այդ ծրագրին, 12 ամիս անվճար 17 ներարկում են ստացել։ Ասեմ, որ մեկ սրվակն արժե 1000 ԱՄՆ դոլարի չափով։ Մինչ այժմ մոտ 13 մլն դոլարի դեղամիջոց տրվել է կանանց։

«Եթե այս թիրախային դեղը չի ստանում կինը, ապա մետաստազների առաջացման և հիվանդությունների զարգացման հավանականությունը մեծ է։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ բավական իջել է մետաստատիկ հիվանդների թիվը։ 2015 թվականին ունեինք մոտ 35-40 տոկոս առաջնակի հայտնաբերված մետաստատիկ հիվանդներ, 2019 թվականին՝ 27 տոկոս, 2023 թվականին՝ 15 տոկոս։ Մենք կարողացել ենք ապահովել լավ սքրինինգ, վաղ հայտնաբերում, ճիշտ, գրագետ բուժում ու այս բոլորը բերել է այսպիսի լավ ցուցանիշի»,-ասաց Հայկուհի Գեոկչյանը։

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը, մանրամասնելով կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի պիլոտային ծրագիրը, նշեց, որ այն կարևոր նախաձեռնություն է հիվանդության կանխարգելման առումով։ Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի հունվարին, գործում է մինչ այս պահը։ Շարժական մամոգրաֆիկ կենտրոնը եղել է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում։ Ներկայում այն գործում է Շիրակում։ Կանայք անվճար կարող են հետազոտվել։

«Մեկնարկից ի վեր 24 հազար 500 կին է հետազոտվել, թիրախային խումբը 50-69 տարեկան կանայք են։ Հետազոտված կանանց շրջանում հայտնաբերվել է քաղցկեղի 250 դեպք։ Նրանց մեծ մասը ստանում է մասնագիտական բուժում։ Դեպքերի 85-90 տոկոսի դեպքում հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվել»,-ասաց Արթուր Ավետիսյանը։

Մասնագետը նկատեց, որ մամոգրաֆիայի շարժական կենտրոն կանանց շրջանում դիմելիությունը 40 տոկոս է կազմում, իսկ դա նշանակում է, որ իրազեկման առումով դեռ անելիքներ կան։

Տեսանյութեր

Լրահոս