ԼՂ-ից բռնի տեղահանված 158 բուժաշխատող աշխատանքի համար դիմել է Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտ
Լեռնային Ղարաբաղից տեղահանված 158 բուժաշխատող արդեն դիմել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտ՝ հաշվառվելու, այնուհետև աշխատանքով ապահովվելու համար։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դիմողներից 81-ը բժիշկներ են, 77-ը՝ միջին մասնագիտական կրթությամբ բուժաշխատողներ։
Կարևոր այս գործընթացը ճիշտ կազմակերպելու, ոչ մի մասնագետի առանց աշխատանք չթողնելու, ինչպես նաև մարզերի բժշկական հաստատություններում նրանց ռեսուրսը ճիշտ բաշխելու համար առողջապահության նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանը և Արտակ Ջումայանը հանդիպել են Երևանի ու մարզերի բժշկական կենտրոնների ղեկավարների, ինչպես նաև մարզերի առողջապահության վարչության պետերի հետ։
Հանդիպմանը մանրամասն ներկայացվել է յուրաքանչյուր մարզում բուժաշխատողների առկա թափուր հաստիքները, առաջարկվել ստեղծել տվյալների բազա աշխատանքները համապարփակ կազմակերպելու համար։
Առողջապահության նախարարի տեղակալները, ուղենշելով անելիքները, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողները պետք է հնարավորինս արագ ինտեգրվեն Հայաստանի առողջապահական համակարգում, ասել են, որ հաջորդ քայլը լինելու է բուժաշխատողների, ըստ անհրաժեշտության, վերապատրաստումն ու հավաստագրերի տրամադրումը։
Քննարկմանը փոխնախարարներն ու բուժհաստատությունների ղեկավարները խոսել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին Երևանում և մարզերում ժամանակին ու որակյալ բուժսպասարկում տրամադրելու հարցի շուրջ։