
Նաբլուսում 120 պաղեստինցի է վիրավորվել իսրայելցի զինվորականների հետ բախումների ժամանակ

Իսրայելական բանակի հատուկ ստորաբաժանումները Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքում արաբ բնակիչների խռովությունները ճնշելիս գործածել են հրազեն և արցունքաբեր գազ։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Կարմիր մահիկի պաղեստինյան ծառայությունից հայտնել են, որ վիրավորների թիվը 70-ից հասել է 120-ի։ Հոսպիտալացվածների մեծ մասն ունեն շնչահեղձության ախտանիշներ, իսկ 3 մարդ հրազենային վնասվածք է ստացել։
Ինչպես հայտնել է WADA գործակալությունը, իսրայելցի զինվորականները շրջափակել են նախահայր Հովսեփի գերեզմանի տարածքը, որպեսզի ապահովեն հրեա նորաբնակների անվտանգությունը կրոնական արարողությունների անցկացման համար։ Տեղացի արաբները փորձել են խոչընդոտել իսրայելցի ուժայիններին՝ փակելով դեպի «Բեյթ-Ֆուրիկ» անցակետ տանող ճանապարհը։ Սկսվել են բախումներ։
Իր հերթին Al-Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ «Ալ-Աքսայի նահատակների բրիգադները», որոնք պաղեստինյան ՖԱԹՀ շարժման ռազմականացված թևն են, Նաբլուսում բախվել են իսրայելցի զինվորականների հետ և հրկիզել բուլդոզերներից մեկը: