Լարսում մեքենաների կուտակումները կապված են խմիչքների փորձաքննության իրականացման հետ. Քերոբյան

«Ես չեմ ասել, թե չգիտեմ` ինչի պատճառով են Լարսում հազարավոր բեռնատարներ կուտակվել: Լարսում մեքենաներն անցնում են: Ո՛չ բոլորը, բայց նախորդ օրվա ընթացքում, ալկոհոլային խմիչքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենա արդեն իսկ անցել է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Լարսի անցակետում բեռնատարների ընթացքի դադարեցման վերաբերյալ հարցին:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Վերին Լարսի անցակետում բազմաթիվ բեռնատարների կուտակումներ են:

Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանը խստացրել է կոնյակի վերահսկողության գործընթացը՝ իրենց բացատրությամբ՝ կեղծ կոնյակների հայտնաբերմամբ պայմանավորված:

Մեկ այլ տեղեկություններով՝ այսպիսով ՌԴ-ն պատասխանում է իր նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը:

«Բնականաբար, մեր կառավարության և Էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության կարևորագույն մաս է կազմում նաև այն, որ ՀՀ-ում արտադրվող ապրանքները լինեն բարձր որակի: Մենք որոշ ժամանակ արդեն սկսել էինք գործընթաց, որպեսզի ՀՀ-ից արտահանվող խմիչքը լինի բարձր որակի»,- ասաց Քերոբյանը՝ հերքելով տեղի ունեցող գործընթացում քաղաքական ենթատեքստի առկայության մասով տեսակետը:

Քերոբյանն անցակետում իրականացվող գործընթացի ձգձգումը բացատրեց նրանով, որ այս պահին սպասում են որոշ մեքենաներից վերցված խմիչքների նմուշների պատասխաններին:

«Այս պահին լաբորատոր քննություններ են ընթանում: Սպասում ենք դրանց արդյունքներին: Մյուս մեքենաներն անցնում են: Ես չէի ուռճացնի խնդիրը»,- ասաց նախարարը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս