Ադրբեջանը պատերազմի նախապատրաստվել էր 2022 թվականի դեկտեմբերի 12-ից. Տիգրան Աբրահամյան
«Որքանով ինքս եմ տեղյակ, առաջին փուլում, երբ Եվլախում տեղի ունեցավ առաջին հանդիպումը, Արցախի Հանրապետության երկու ներկայացուցիչների, այդ թվում՝ պատգամավորների ներկայությամբ խնդիրը քննարկվում էր բլոկադայի և հումանիտար խնդիրների հանգուցալուծումների շրջանակներում։ Հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ հրադադար էր հաստատվում՝ հրդադարի բանակցությունները և դրան հաջորդած ժամանակահատվածում հիմնական խնդիրը հետևյալում էր՝ Ադրբեջանը փորձում էր հրադադարի պայմանավորվածությամբ հաստատել Ադրբեջանի կողմից վաղուց հայտարարված նպատակները»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե Եվլախի բանակցություններն ի՞նչ արդյունք տվեցին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նպատակներից առաջինը վերաբերում էր Արցախի պետական կառավարման համակարգի լուծարմանը, ՊԲ-ի լուծարմանը, ինչը կնշանակեր, որ հրադադարից հետո արցախցիների բռնի տեղափոխությունը Հայաստան, որն ըստ էության Ադրբեջանի էթնիկ զտումների հետևանք էր, պետք է իրականացվեր ադրբեջանցիների կողմից։
«Պատկերացրեք իրավիճակ, որ եթե հենց հրադադարի հաստատման օրը պետական կառավարման համակարգը լուծարվեր, բնականաբար, տեղից իրավիճակը ծանր էր, երբ արցախցիները դեռ Արցախում էին, ադրբեջանական զինուժը մուտք գործեր Արցախ ու վերահսկողություն սահմաներ պետական կառավարման համակարգում։ Սա, բնականաբար, ուղեկցվելու էր վայրագություններով, զինված բախումներով։ Եթե իրավիճակը լուծվեր այն պայմաններով, որոնք ադրբեջանական կողմը փորձում էր առաջին օրը ներկայացնել, ապա մենք կունենայինք շատ ավելի ծանր ու բարդ վիճակ»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ փաստացի Արցախը 9 ամիս բլոկադայի մեջ էր, և այդ պայմաններում աստիճանաբար փակվել էին մատակարարման բոլոր ուղիները, այդ թվում՝ ՊԲ-ի համար։
«Մարտական գործողություները, որոնք ծավալվեցին, մենք մոտենում էինք մի վիճակով, երբ նույնիսկ բանակը մատակարարումների խնդիր ուներ։ Արդեն ասել եմ, որ Ադրբեջանի կողմից պատերազմի նախապատրաստությունը տեղի էր ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, երբ բլոկադայի ենթարկվեց Արցախը, որովհետև Ադրբեջանի նպատակն էր հյուծել, դիմադրությունից զրկել Արցախը և դրանից հետո գնալ մարտական գործողությունների ծավալման»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում