Արցախի վրա Ադրբեջանի հшրձակումից 2 օր առաջ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՌԴ-ն գաղտնի բանակցություններ են անցկացրել Թուրքիայում. Politico
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի սահմանի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա սկսելուց մի քանի օր առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի կարգով արտահերթ բանակցություններ են վարել. դրանք տեղի են ունեցել Թուրքիայում: Այս մասին գրում է Politico-ն:
Բանակցություններին քաջատեղյակ բարձրաստիճան դիվանագետը Politico-ին ասել է, որ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 17-ին՝ Ստամբուլում: Նրա խոսքով՝ այն տեղի է ունեցել Արցախի իննամսյա շրջափակմանը վերջ դնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձերի շրջանակում:
Հանդիպմանն ԱՄՆ-ն ներկայացրել է Կովկասյան բանակցությունների հարցով ԱՄՆ ավագ խորհրդական Լուի Բոնոն, ԵՄ-ի կողմից եղել է Հարավային Կովկասում միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ՌԴ-ի կողմից՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով ՌԴ հատուկ բանագնաց Իգոր Խովաևը:
Պարբերականը նկատում է, որ նման բարձր մակարդակի հանդիպումը հազվադեպ երևույթ է:
Politico-ի հետ զրույցում ԵՄ պաշտոնյան ասել է.«Մենք կարծում ենք, որ կարևոր է պահպանել կապի ուղիները համապատասխան զրուցակիցների հետ՝ թյուրիմացություններից խուսափելու համար»:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել հանդիպումը՝ ասելով միայն, որ «չեն մեկնաբանում մասնավոր դիվանագիտական քննարկումները»։
Այնուամենայնիվ, խնդրին ծանոթ ամերիկացի պաշտոնյան, որն անանուն մնալու պայմանով խոսել է զգայուն դիվանագիտական հարցի շուրջ, բացատրել է, որ քննարկումները եկել են այն ըմբռնումով, որ տարածաշրջանում դեռևս իշխում է Կրեմլը:
«Մենք պետք է կարողանանք աշխատել ռուսների հետ այս հարցում, քանի որ նրանք ազդեցություն ունեն կողմերի վրա, հատկապես, երբ մենք այժմ գտնվում ենք անորոշ վիճակում», – ասել է ամերիկացի պաշտոնյան: