ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ հեռացրել է խոսնակ Մաքքարթիին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների 216 կողմ, 210 դեմ հարաբերակցությամբ քվեարկել է պալատի խոսնակ, հանրապետական մեծամասնության առաջնորդ Քևին Մաքքարթիին պաշտոնանկ անելու օգտին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Մաքքարթիի կուսակիցները նրա դեմ քվեարկել են այն բանից հետո, երբ նա Սենատի դեմոկրատների հետ համաձայնության եկավ և ընդունեց բանաձև կառավարությանը կարճաժամկետ ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ՝ «շաթդաունից» խուսափելու համար։ Խոսնակին հեռացնելու գործընթացը նախաձեռնել էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մեթ Գեցը։
Առայժմ պարզ չէ, թե ով կլինի հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի հաջորդ խոսնակը։
Մաքքարթին հայտնել է, որ չի պատրաստվում նորից առաջադրվել խոսնակի պաշտոնի համար։
Ըստ Սպիտակ տան խոսնակի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս ունի, որ Ներկայացուցիչների պալատը հնարավորինս շուտ նոր խոսնակ կընտրի՝ հաշվի առնելով, որ «մարտահրավերները, որի առաջ կանգնած է երկիրը, չեն սպասի»։