Թուրքիայում անխնա տարածվում են թուրանականության գաղափարախոսությունը, իսկ մեր երկրում հասարակությունը կտրված է իրականությունից. թուրքագետ
«Այն պարագայում, երբ թուրքական բոլոր դասագրքերում Հայաստանը ներկայացվում է՝ որպես իրենց համար թիվ մեկ թշնամի, մեր երկրում հասարակությունը շարունակում է կտրված մնալ տեղի ունեցող կարևորագույն գործընթացների վերաբերյալ մասնագիտական բյուրեղացված տեսակետից»,- Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակի պայմաններում առկա խնդիրների վերաբերյալ կլոր սեղան- քննարկման ժամանակ հայտարարեց թուրքագետ Լուսին Սահակյանը՝ հավելելով, որ այս ուղղությամբ տարբեր ոլորտների մասնագետները մեծ անելիքներ ունեն:
«Այս հակադրության մեջ ենք մենք: Բացեք թուրքական՝ 2020-2021 թվականների պատմության նորագույն դասագրքերն ու կտեսնեք, որ այնտեղ թիվ 1 թշնամին Հայաստանն է: Այս ֆոնին ի՞նչ ենք մենք դասավանդում մեր դասագրքերում: Երբեմն ասում ենք՝ գյուղացին, ժողովուրդը չի հասկանում… պարտադիր էլ չէ, որ գյուղացին հասկանա հայ-թուրքական հարաբերություններից: Նա դա չի կարող հասկանալ, քանի որ դա շատ բարդ խնդիր է: Այդ ամենը պետք է ներկայացնել հանրությանը՝ հատուկ մոտեցմամբ»,- ասաց մասնագետը:
Թուրքագետը կարևորեց նաև, որ հայ քաղաքական միտքը նույնպես հենվի մեր մասնագետների ուսումնասիրությունների վրա: Արձանագրեց, որ կուտակված այդ գիտական միտքը տարիների ընթացքում անտեսել է քաղաքական միտքը:
«Առ այսօր Թուրքիայում ամենից շատ վաճառվող գրքերից մեկը թուրանականության մասին գիրքն է, որը տարեկան 50 հազարի չափով տպագրվում ու տարածվում է: Սա այն պարագայում, երբ Նժդեհին այսօր այստեղ համարում են ֆաշիստ»,- ասաց նա:
Այս համատեքստում Լուսին Սահակյանն անդրադարձավ նաև թուրքական ու հայկական մամուլում հրապարակվող թեմաների տարբերություններին՝ արձանագրելով, որ հարևան երկրում հատուկ շեշտադրում ունեն այդ երկրի ազգային ինքնասիրությունը շոյող հոդվածները, այնինչ մեր երկրում հրապարակումները չեն իրականացվում որևէ գաղափարի հիմքով:
Մանրամասները՝ տեսանյութում.
Նազելի Ստեփանյան