Բաժիններ՝

Բրիտանական կառավարության աջակցությամբ անցկացված կիբերտեխնոլոգիական ֆորումում քննարկվել են հայկական ընկերությունների կիբերանվտանգության ապահովման հնարավորությունները

Ավելի քան 50 հայկական կիբերտեխնոլոգիական ընկերություններ, կիբերանվտանգության փորձագետներ և կառավարության ներկայացուցիչներ մասնակցել են «Կիբերանվտանգությունը բիզնես առաջնորդների համար. ինչպես հաղթահարել կիբեր մարտահրավերները» խորագրով համաժողովին։

Միացյալ Թագավորության (ՄԹ) բիզնեսի և առևտրի նախարարության աջակցությամբ Բրիտանական դեսպանատան և Startup Grind Yerevan-ի կողմից կազմակերպված այս կեսօրյա միջոցառումը եզակի հնարավորություն էր լսելու կիբերանվտանգության բնագավառի առաջատար փորձագետներին և քաղաքականություն մշակողներին, կապ հաստատելու տեղական և արտասահմանյան ճանաչված մասնագետների հետ և ծանոթանալու ոլորտի վերջին զարգացումների և նորագույն տեխնոլոգիաների հետ։

Գործարար կառույցներում կիբերանվտանգության արդյունավետ ռազմավարության իրականացումը բիզնեսի կայունության հիմնաքարն է: Այնուամենայնիվ, մրցունակ մնալու նպատակով անվտանգության կանոնակարգեր մշակելիս և իրականացնելիս ընկերությունները բախվում են բազմաթիվ մարտահրավերների:

Այսօրվա քննարկումը մասնակիցներին օգնեց ձեռքբերելու հմտություններ և կապեր՝ կիբերանվտանգության առաջադեմ փորձից օգտվելու համար։ Շեշտը դրվեց անհրաժեշտ գործողությունների վրա և անդրադարձ կատարվեց Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը բացման խոսքում ասաց.

«Բրիտանիան առաջատար է կիբերանվտանգության ոլորտում իր տեխնիկական նորարարություններով, հմուտ աշխատուժով, արդյունավետ իրավական և կարգավորող միջավայրերով և փորձով, որը ձեռք է բերվել բրիտանիայի տնտեսության բոլոր ոլորտներում ինտերնետ տեխնոլոգիաների զանգվածային կիրառմամբ: Միացյալ Թագավորության կիբերանվտանգության ռազմավարությունը սահմանում է մեր մոտեցումը՝ ուղղված կիբերհանցագործությունների դեմ պայքարին և կիբերհարձակումների նկատմամբ դիմակայունության ապահովմանը: Այս ռազմավարության հիմքում ընկած է գործընկերությունը մասնավոր հատվածի և համագործակցությունը այլ երկրների հետ:

Շատ ուրախ ենք մեր փորձը կիսել մեր հայ գործընկերների հետ։ Միացյալ Թագավորության բիզնեսի և առևտրի նախարարության աջակցությամբ իրականացվող այս համաժողովին ուրախ եմ ողջունել Հայաստանից և արտերկրից, ներառյալ Միացյալ Թագավորությունից, մասնակցող ականավոր մասնագետների։ Հպարտ եմ, որ այս միջոցառումը մեծապես հիմնված է բրիտանական փորձի վրա»:

Ստարտափ Գրայնդ Հայաստանի տնօրեն Նարինե Կոտիկյանը բացման խոսքում ասաց․

«Այս միջոցառումը մանրակրկիտ պլանավորվել ու նախագծվել է այն հիմնարար գաղափարի շուրջ, որ այն պետք է ծառայի ոչ միայն որպես գիտելիքի աղբյուր ինֆորմացիոն անվտանգության գլոբալ պրոցեսների ու զարգացումների շուրջ, այլ որ ավելի կարևոր է` պետք է հանդիսանա հարթակ, որտեղ ոլորտային լուծումներ առաջարկող ընկերությունները, հաճախորդներն ու մասնագետները կկարողանան քննարկել էկոհամակարգի արդիական խնդիրներն ու հնարավորությունները և, ինչու ոչ, սկիզբ կդնեն ապագա կոմերցիոն համագործակցության համար բրիտանական և հայաստանյան կազմակերպությունների միջև»:

ՄԹ կառավարության Գիտության, նորարարության և տեխնոլոգիաների նախարարության ինովացիոն քաղաքականության և կիբերանվտանգության բաժնի ղեկավար Բրեդլի Ֆինը ներկայացրեց կիբերանվտանգության համաշխարհային միտումները և Միացյալ Թագավորության մոտեցումը՝ ուղղված սպառնալիքների նվազեցմանը, գաղտնիության պաշտպանությանն ու թվային նորարարության խթանմանը:

Համաժողովի մասնակիցները մասնակցեցին նաև կիբերանվտանգության մարտահրավերների և դրանց լուծման վերաբերյալ պանելային քննարկմանը, որին հաջորդեցին քննարկումներ անվտանգության հիմնական չափորոշիչներին համապատասխանեցման և կիբերտեխնոլոգիական ստարտափների համար ՄԹ-ում առկա հնարավորությունների վերաբերյալ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս