Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց օգնելու համար
Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Դանիայի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ օգնությունը կտրամադրվի Դանիայի Կարմիր Խաչի ընկերության միջոցով, որն աջակցում է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կարմիր խաչի շարժման գործընկերներին՝ օգնություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղի շրջաններից հակամարտությունից տուժած, իրենց տներից տեղահանված հայ բնակչությանը: Անհապաղ արձագանքը կկենտրոնանա ապաստան տրամադրելու, պարենային անվտանգության, առողջության և խնամքի վրա:
«Հակամարտության պատճառով հազարավոր մարդիկ այս օրերին լքում են Լեռնային Ղարաբաղը և հետևաբար, օգնության կարիքը զգալիորեն մեծանում է: Անհրաժեշտ է ինչպես անհապաղ օգնություն՝ ապաստանի և շտապ օգնության տեսքով, այնպես էլ հոգեսոցիալական աջակցություն: Այդ իսկ պատճառով Դանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությունը կարևոր է»,- ասել է Դանիայի Կարմիր Խաչի գլխավոր քարտուղար Անդերս Լադեկարլը։
Հայաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը իր հերթին հայտարարել է, որ Հայաստանում և կովկասյան տարածաշրջանում բոլորն ազդված են այս օրերին և ժամերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործող բազմաթիվ հայերի իրավիճակից և անորոշ ապագայից:
«Իրավիճակը շատ բարդ է, և այդ իսկ պատճառով Դանիայի Կարմիր Խաչի ընկերության միջոցով աջակցելու Դանիայի որոշումը կարևոր է։ Հուսով եմ, օգնությունը կօգնի մեղմել բազմաթիվ տուժած ընտանիքների անմիջական կարիքները
Դանիան լիովին աջակցում է ԵՄ-ի կողմից Ադրբեջանի ռազմական գործողության և դրա պատճառած մարդկային կորուստների խստիվ դատապարտմանը։ Առաջին հերթին կարևոր է խուսափել նոր սրացումներից։ ԵՄ-ում մենք ակտիվորեն աշխատում ենք հակամարտության դեէսկալացիայի և միջնորդության միջոցով երկարաժամկետ լուծման ուղղությամբ:
ԵՄ-ում այլ գործողությունների տարբերակները շարունակաբար դիտարկվում են զարգացող իրավիճակի լույսի ներքո»,- նշել է Հայաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը: