Արցախի լուծարման պահանջը դրվել է դեռ հրադադարի հաջորդ օրը. հաջողվել է ժամանակ շահել. Տիգրան Աբրահամյան
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ 2024-ի հունվարին 1-ից ԼՂ Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ:
Հրամանագրում գրված է նաև, որ «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին»:
Որքանով է իրատեսական արցախցիների վերաինտեգրումն Ադրբեջանին,լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Արցախի պետական կառավարման համակարգի լուծարման պահանջ եղել է մարտական գործողությունների դադարի հաջորդ օրը, սակայն Արցախի իշխանությունները փորձել են բանակցությունների միջոցով մի փոքր հետաձգել դա, այս դեպքում՝ մի քանի ամիս, որպեսզի հնարավոր լինի հիմնական աշխատանքները տեղում ավարտել, այդ թվում՝ արցախցիների անվտանգության հետ կապված, տեղափոխման և այլն:
«Եթե այդ լուծարումը տեղի ունենար հրադադարի հաստատումից անմիջապես հետո, բնականաբար, այդ հարցերի հետ կապված լիազորությունը լինելու է ադրբեջանական իշխանություններինը»,- ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի կողմիցձերբալակմանը, նրան մեղադրանք առաջադրելուն, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին ուղարկված ծանուցմանը, Տիգրան Աբրահամյանը նշել է, որ կա ադրբեջանական սև ցուցակ, բայց այդտեղ կա որոշակի դասակարգում:
«Այսինքն, ունեն կոնկրետ առաջնահերթություններ, և այս պահին փորձում են դրանցով առաջնորդվել: Դասակարգման մի քանի ուղղություններով այս պահին կարծես թե հարց չկա բարձրացված, բայց կոնկրետ և՛ Դավիթ Բաբայանի, և՛ Ռուբեն Վարդանյանի հետ կապված կան այլ առանձնահատկություններ, որոնց մասին այս պահին չեմ ուզում խոսել՝ ելնելով բանակցային գործընթացի որոշակի նրբություններից»,- ասել է պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում