Արցախի խնդիրը «լուծելուց հետո», բնական է, որ իրենց հաջորդ գլխավոր թիրախը «Զանգեզուրի միջանցք»-ն է. թուրքագետը՝ Էրդողանի Նախիջևան կատարած այցի մասին

«Զանգեզուրի միջանցք»-ը թուրքա-ադրբեջանական տանդեմի, «թուրքական պետականության» հարյուրամյա ծրագիրն է, որը շատ մոտ է իրականություն դառնալուն: 168.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին Էրդողանի՝ Նախիջևան կատարած այցին:

Փորձագետի խոսքով՝ իրենց գաղափարն ավելի տեսանելի դարձնելու համար թուրքական կողմը գործադրում է հնարավոր բոլոր լծակներն ու հնարավորությունները՝ սկսած քարոզչական գործընթացներից՝ մինչև այդ երկրի պաշտոնյաների հայտարարություններ:

«Դա իրենց համար գերնպատակ է, ունի գերկարևոր նշանակություն` ո՛չ միայն Թուրքիայի, այլև տարածաշրջանի տեսանկյունից: Ուստի, հատկապես այս վերջին ակտիվությունները մենք պետք է պայմանավորենք հենց այդ նպատակին հասնելու ձգտումների տիրույթով: Ինչ վերաբերում է նաև որոշակի ակնարկներին ու սպառնալիքներին, ապա, չբացառելով թուրք-ադրբեջանական ցեղասպան պետությունների կողմից հնարավոր ագրեսիաներն ու պատերազմական գործողությունները, կարծում եմ, որ դրանք նաև հոգեբանական ճնշում գործելու նպատակ ունեն: Իսկ քաղաքական մեսիջներն ուղղված են այս հարցում ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող երկրներին՝ Ռուսաստանին ու առավել ևս՝ Իրանին»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ թուրքագետի՝ տարածվող տեսակետը, թե Արցախի հանձնմամբ մեր երկրում ու տարածաշրջանում իրավիճակը կարող էր կայունանալ՝ իրականության հետ որևէ կապ չունի: Դա է փաստում նաև տարածաշրջանում առկա գերանկայուն իրավիճակը: Իսկ Արցախը, ըստ նրա, այն պատվարն էր, որը Հայաստանն ու տարածաշրջանը պահում էր ագրեսիվ պանթյուրքիստական ձգտումներից:

Կարդացեք նաև

«Հիմա այդ պատվարը չկա, և այդ պանթյուրքիստական ագրեսիան և տարատեսակ ձգտումներն ուղիղ ազդելու են ո՛չ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի այլ պետությունների, այդ թվում և՝ Իրանի վրա: Մենք պետք է արձանագրենք, որ Թուրքիան և Ադրբեջանն այլևս մեկ պետություն են՝ նաև ռազմական առումով: Շուշիի հռչակագրից հետո նրանց ռազմական նպատակներն ու թիրախները, ըստ էության, դարձել են նույնական: Նախիջևանում ռազմական արդիականացման գործողությունները տեղավորվում են հենց այդ տրամաբանության շրջանակներում»,- ասաց նա:

Անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, թե Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Նախիջևանում կնպաստի «անվտանգությանը Ղարաբաղում և կյանքի կարգավորմանը տարածաշրջանում»՝ Ռուբեն Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ առաջին անգամ չէ, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարողանում են գլոբալ հարցերում միմյանց հետ գործակցել ու գալ փոխզիջումային տրամաբանության:

Այդուհանդերձ, ըստ նրա, Պեսկովը, լինելով թուրքագետ, աչքի է ընկնում թուրքական քաղաքականության նկատմամբ իր ակնհայտ դրական վերաբերմունքով, և ո՛չ միշտ է նրա հայտարարությունն ու ՌԴ պաշտոնական տեսակետը համընկնում:

«Այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիայի առաջարկը՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարների միջև հանդիպման ֆորմատի հետ կապված, եթե անգամ չունի էլ ռուսական կողմի աջակցություն, ապա գոնե չունի նաև ռուսական խոչընդոտ: Այսինքն, ռուսները, դրա հետ կապված, ըստ էության, խնդիր չունեն»,- տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս