
Արևմուտքը, որը հմուտ է «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու գործում, տարօրինակ պատահականությամբ չնկատեց ցուցարարների հետապնդման բազմաթիվ փաստեր․ ՌԴ ԱԳՆ-ն՝ հայաստանյան ցույցերի մասին

«Ն.Վ. Փաշինյանի թիմի անպատասխանատու մոտեցումն առաջացրել է հայ հասարակության մի մասի հասկանալի դժգոհությունը, որն արտահայտվել է ժողովրդական բողոքի ակցիաներով»,- այս մասին քիչ առաջ հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախօրեի Անկախության մասին ուղերձին։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ պնդումները, թե այդ բողոքի ակցիաները ոգեշնչել է Ռուսաստանը, իհարկե, իրականության հետ կապ չունեն։
«Հայաստանի կառավարության ղեկավարը պետք է քաջ գիտակցի, որ Մոսկվան նման բաներով չի զբաղվում, ի տարբերություն Արևմուտքի, որը բավականին հմուտ է «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու գործում, բայց տարօրինակ պատահականությամբ նախընտրեց չնկատել ցուցարարների հետապնդման բազմաթիվ փաստեր իշխանությունների կողմից։ Միաժամանակ, ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպանը սերտ կապեր է պահպանում իշխանության հետ։ Այս ֆոնին, ակնհայտորեն իշխանությունների դրդմամբ, հայաստանյան մամուլում ծավալվել է իսկական հակառուսական վակխանալիա։
Համոզված ենք, որ Երևանը մեծ սխալ է թույլ տալիս՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ ու դարավոր կապերը և երկիրը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը գիտակցում է սա»,- այսպես է ավարտել հատուկ հայտարարությունը ՌԴ ԱԳՆ-ն։