Օտարերկրացիների հետաքրքրությունները նվազել են. Ո՞ւր մնաց թեզը, թե Հայաստանը դարձրել է «ապրելու համար հրաշալի երկիր»

Մինչ Նիկոլ Փաշինյանն ու իր կեղծ քարոզչական թեզերը տիրաժավորող պաշտոնյաները հայտարարում են, թե իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանը դարձրել են ապրելու համար հրաշալի երկիր, պաշտոնական տվյալները բոլորովին այլ բան են ասում։ Դրանք փաստում են, որ իշխանությունների հայտարարությունները կեղծիք են ու կտրված իրականությունից։ Օտարերկրացիներն ամենևին էլ չեն պատրաստվում իրենց կյանքը կապել Հայաստանի հետ։ Դրա ամենացայտուն արտահայտությունը տեսնում ենք անշարժ գույքի շուկայում։

Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ օտարերկրացիները խուսափում են անշարժ գույք գնել Հայաստանում։ Ընդհակառակը՝ վաճառում են իրենց ունեցվածքը։

Սա բոլորովին էլ չի խոսում Հայաստանի նկատմամբ նրանց ունեցած հետաքրքրությունների մասին։ Եվ դրա համար բազմաթիվ պատճառներ կան։ Առաջնայինը, թերևս, այն անվտանգային միջավայրն է, որում երկիրը հայտնվել է իրավմամբ այս իշխանությունների քրտնաջան աշխատանքի հետևանքով։

Կադաստրի կոմիտեի տվյալներով, այս տարվա առաջին յոթ ամիսներին օտարերկրացիները Հայաստանում շատ ավելի քիչ անշարժ գույք են գնել, քան գնել էին անցած տարի։

Կարդացեք նաև

Օտարերկրացիների գնած անշարժ գույքը 12,3 տոկոսով կրճատվել է։ Անցած տարվա առաջին յոթ ամիսներին գնել էին 1071 անշարժ գույք, այս տարի գնել են 939-ը։

Բացառությամբ մեկի, մյուս բոլոր երկրների քաղաքացիներն ավելի քիչ անշարժ գույք են գնել, քան գնել էին անցած տարի։

Սա այն բանի ուղղակի վկայությունն է, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում իշխանությունների այն հայտարարություններն ու պնդումները, որ Հայաստանը դարձրել են ապրելու համար հրաշալի երկիր։

Առաջին հորիզոնականում Միացյալ Նահանգների քաղաքացիներն են, որոնք այս տարի Հայաստանում անհամեմատ ավելի քիչ անշարժ գույք են գնել։

Անցած տարվա առաջին յոթ ամիսներին գնել էին 142-ը, այս տարի գնելը են 80-ը։

56 տոկոսով ավելի քիչ, քան անցած տարի։

Սա այն «վստահության» ուղղակի բնութագիրն է, որը Միացյալ Նահանգների քաղաքացիները ցուցաբերել են Հայաստանի ու Հայաստանի իշխանությունների իրականացրած քաղաքականության նկատմամբ։

Բայց միայն նրանք չեն, որ այդպես են մտածում։ Ավելի քան 44 տոկոսով քիչ անշարժ գույք են այս տարի Հայաստանում գնել նաև Իրանի քաղաքացիները։ Սեծապես ավելի քիչ, քան անցած տարվա երկրորդ կեսին էին գնել։

Եվրոպական երկրների քաղաքացիների կողմից Հայաստանում գնված անշարժ գույքի քանակն այս տարվա առաջին յոթ ամիսներին, նախորդի տարվա համեմատ, կրճատվել է 28,6 տոկոսով։ Անցած տարի գնել էին 150-ը, այս տարի գնել են 107-ը։

ԱՊՀ պետությունների քաղաքացիների պարագայում Հայաստանում գնված անշարժ գույքի քանակը կրճատվել է կիսով չափ։ Սրա մեջ, իհարկե, չի մտնում Ռուսաստանը։

Մնացած երկրների դեպքում էլ նվազումը հասնում է 25-30 տոկոսի։

Սիրիայի քաղաքացիներն այս տարի ընդհանրապես հրաժարվել են գույք գնել Հայաստանում։ Անցած տարի 2 այդպիսի գույք էին գնել, որից մեկը՝ բնակարան, մյուսը՝ արտադրական նշանակության շինություն։ Այս տարի զրո գույք են գնել։

Ընդամենը մեկ երկիր է եղել, որի քաղաքացիներն այս տարի մի փոքր ավելի շատ անշարժ գույք են գնել Հայաստանում։

Դժվար չէ կռահել, թե ո՞րն է այդ երկիրը։ Խոսքը, իհարկե, Ռուսաստանի մասին է։ Բայց դա էլ լավ օրից չի գալիս, առավել ևս՝ կապ չունի Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունների հետ, որ ապրելու համար հրաշալի երկիր են ստեղծել։ Ուղղակիորեն զգացնել է տվել ռուս-ուկրաինական հակամարտությունն ու դրա հետևանքները, երբ բազմաթիվ մեր հայրենակիցներ Ռուսաստանում առկա քաղաքական, տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ փորձում են ապահովագրել իրենց, Հայաստանում բնակարան կամ այլ անշարժ գույք են ձեռք բերում։

Այս տարվա առաջին յոթ ամիսներին Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում 654 անշարժ գույք են գնել։

Սա գրեթե 36-ով ավելի է, քան անցած տարի էին գնել։ Անցած տարի գնել էին 618-ը։

Տարբերությունը շատ մեծ չէ։ Հասկանալի է, որ դրա վրա էլ առկա է անցած տարվա սկզբի ցածր ակտիվության ազդեցությունը, երբ դեռևս չէր սկսվել ռուս-ուկրաինական հակամարտությունը։

Գերազանցապես Ռուսաստանի քաղաքացիների կամ այդ երկրի քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցների ցուցաբերած ոչ շատ մեծ, բայց որոշակի ակտիվության արդյունք է, որ այս տարի Հայաստանում օտարերկրացիների գնած անշարժ գույքի քանակների կրճատումն ավելի մեծ չի եղել։ Հակառակ պարագայում նվազումը շատ ավելին կլիներ, քան տարեսկզբի յոթ ամիսներին արձանագրված 12,3 տոկոս անկումն է։

Օտարերկրացիները Հայաստանում նախընտրել են գնել հիմնականում բնակարան ու բնակելի տուն։ Բայց բնակարանների ու բնակելի տների գնումն էլ է այս տարի կրճատվել։

Այս տարվա 1071 գործարքից 661-ը կամ կամ գրեթե 62 տոկոսն այդպիսի գործարքներն են եղել։

Անցած տարվա նույն ժամանակում օտարերկրացիները Հայաստանում 720 բնակարան ու բնակելի տուն էին գնել՝ 59-ով ավելի շատ, քան այս տարի։

Օտարերկրացիների գնած բնակարանների քանակն այս տարվա յոթ ամիսներին ավելի քան 8,1 տոկոսով կրճատվել է։

Գրեթե կրկնակի կրճատվել է նաև բիզնես հիմնելու համար պայմաններ ստեղծելու նպատակով գնված անշարժ գույքի քանակը. այս տարի այլ երկրների քաղաքացիներն ընդամենը 11 արտադրական նշանակության անշարժ գույք են գնել Հայաստանում։

Օտարերկրացիները շատ ավելի ակտիվ են եղել իրենց գույքը վաճառելու առումով։ Յոթ ամսում 668-ով ավելի շատ գույք են վաճառել, քան գնել։

Վաճառել են հիմնականում բնակարաններ. 1739 գույքից 1067-ը եղել է բնակարան ու բնակելի տուն։

Եթե համադրենք, կստացվի, որ օտարերկրացիները Հայաստանում գնել են 661 բնակարան, վաճառել՝ 1067-ը։

Վաճառքը 406-ով գերազանցել է գնվածին։

Այսպիսին է օտարերկրացիների արձագանքը Հայաստանի անշարժ գույքի շուկայում։ Որքան էլ իշխանությունները հայտարարեն, թե ապրելու համար հրաշալի երկիր են ստեղծել, դրա համար էլ օտարերկրացիները գալիս են Հայաստան, այս թվերը բոլորովին այլ բան են ասում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս