Բաժիններ՝

Վանաձորի դրամատիկական թատրոնի «Մի ֆունտ սիրտ» ներկայացումը կմասնակցի միջազգային փառատոնի

Վանաձորի դրամատիկական թատրոնի «Մի ֆունտ սիրտ» ներկայացումը, որը գրել է Սամվել Խալաթյանը՝ հիմնվելով Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության վրա, կմասնակցի հոկտեմբերի 1-10-ը Մոսկվայում կայանալիք մոնոներկայացումների Solo փառատոնին:

Փառատոնին տասը օր շարունակ հանդիսատեսին կներկայացվի 17 բեմականացում:

Ըստ փառատոնի կազմակերպիչների՝ հոբելյանական փառատոնում (այն 15-րդն է) ներկայացված են թատրոնների ընթացիկ թատերաշրջանի ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից դրամատուրգիայի լավագույն բեմադրությունները:

Վանաձորի թատրոնը հանդես կգա հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի թատերական աշխատողների միության Մոսկվայի «Ստրաստնոյ» մշակութային պալատում:

«Մի ֆունտ սիրտ» ներկայացման գլխավոր հերոսի՝ Շայլոկի կերպարը մարմնավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը։ Ներկայացման բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, երջանկահիշատակ Վահե Շահվերդյանն է: Այս պիեսով Սամվել Խալաթյանն առաջարկում է Շայլոկի կերպարի իր տեսլականը։ Դրամատուրգի ուշադրությունը կենտրոնանում է հզորների կողմից փոքր ազգերի ազգային արժանապատվության նվաստացման վրա և պարզվում է, որ հերոսի «վրեժը» հենց սրանով է թելադրված, այլ ոչ թե վաշխառուի շահույթ ստանալու ձգտմամբ։

Կերպարի նոր փորձառությունների ողջ խորությունը ցուցադրելու համար պիեսում հայտնվում է մեկ այլ Շայլոկ՝ ժամանակակից օլիգարխ և ավազակ: Ներկայացման մեջ կան երկու Շայլոկներ՝ մեր ժամանակների և Շեքսպիրի ժամանակի։ Ըստ այսօրվա օլիգարխի՝ եթե ոսկին կա, ի՞նչ հայրենիք, ի՞նչ ազգ, ի՞նչ պատիվ, ի՞նչ ազգային արժանապատվություն։ Ներկայացումը յուրատեսակ մենամարտ է երկու Շայլոկների միջև: Դերակատար Արամայիս Սարգսյանը մեծ հաջողությամբ է կերտել հոգեբանական բարդ անցումներով, զգացմունքների և կրքի պոռթկումներով լի Շայլոկի կերպարը, որը թատերաշխարհի տաղանդավոր վարպետ, բեմադրիչ Վահե Շահվերդյանի խորհրդանշային բեմականացմամբ հառնում է դասական շնչով:

Փառատոնին կցուցադրվի 10 լայնածավալ և 7 կամերային ներկայացում։ Աշխարհագրությունը ներառում է 12 քաղաք՝ Վանաձոր (Հայաստան), Վլադիմիր, Վոլոգդա, Յոշկար-Օլա, Կալուգա, Կիրով, Մոսկվա, Պսկով, Սուխում (Աբխազիա), Տոլյատի, Տյումեն և Չելյաբինսկ։ Փառատոնի ծրագրում ներառված են նաև ավտո-գեղարվեստական նախագծեր, վավերագրական ֆիլմեր գիտնականների մասին, ժամանակակից պիեսներ և արձակ, դասականների անկանխատեսելի մեկնաբանություններ՝ Շեքսպիրից մինչև Էրոֆեև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս