Գնել Սանոսյանը ճանապարհների պահպանման, վերանորոգման առաքելությունը վստահում է «զեմլյակներին»
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պարզվում է, հանրապետության ճանապարհների պահպանման, վերանորոգման առաքելությունը վստահում է միայն «զեմլյակներին»:
ՏԿԵ նախարարը միայն օգոստոս ամսին հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել և վերահաստատել Գեղարքունիքի մարզում գրանցված երկու ընկերությունների հետ:
Ի դեպ, երջանիկ պատահականությամբ, երկու ընկերությունների միանձնյա շահառուները կանայք են:
Այսպիսով, մեր կնամեծար նախարարը նախ խիստ հրատապ գնում է կատարել օգոստոսի 17-ին՝ «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ»-ից. դեռ նախորդ տարի կնքված (2022թ., հուլիսի 14) պայմանագրի՝ այս օգոստոսին հաստատված համաձայնագրից տեղեկանում ենք, որ պայմանագրի առարկան Մ-2 միջպետական ճանապարհի (Աղվանի-Տաթև), Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն են: Պայմանագրի ընդհանուր գինը շուրջ 2 միլիարդ 392 միլիոն 48 հազար դրամ է, իսկ 2023 թվականին իրականացվելիք աշխատանքների արժեքը, ըստ համաձայնագրի, շուրջ 660 միլիոն 223 հազար դրամ է:
«ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն գրանցվել է 2019 թվականին, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, միանձնյա շահառուն Շուշիկ Խալոյանն է:
Ընկերությունը գրանցումից ընդամենն ամիսներ անց սկսել է ակտիվ համագործակցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։
2020 թվականին հրատապ բաց մրցույթով այս նորաստեղծ ընկերությանն է տրվել Շորժա-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի մի հատվածի ասֆալտապատման աշխատանքների իրականացման հնարավորությունը. պայմանագրի գինը՝ 144 միլիոն 888 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն:
2021 թվականին դարձյալ նույն ընթացակարգով դարձյալ այս ընկերության հետ կնքվել է կապալային աշխատանքների գնման մեկ այլ պայմանագիր, որով «ՎՄՎ Քամփնին» պարտավորվել է կատարել Մելիքգյուղ ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
2022 թվականի դեկտեմբեր 28-ին հրատապ մեկ անձ ընթացակարգով ընկերության հետ կքնվել է Աղվանի-Տաթև, Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների առաջին փուլի համաձայնագիրը. ըստ որի՝ 2022 թվականի աշխատանքների գինը կազմել է 1 միլիարդ 731 միլիոն 925 հազար դրամ :
2023 թվականին հուլիսին հրատապ բաց մրցույթով այս ընկերությունն է ընտրվել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մյասնիկյան փողոցի մայթերի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար. պայմանագրի գինը կազմել է 95 միլիոն 995 հազար դրամ:
Վերջին պայմանագիրն օգոստոս ամսին էր. Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներ 2023 թվականին՝ շուրջ 660 միլիոն 223 հազար դրամ արժողությամբ:
Հաջորդ ընկերությունը, որի հետ օգոստոսին հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագիր է կնքել Գնել Սանոսյանը, «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ն է: Օգոստոսի 25-ին կնքված 21 միլիոն 97 հազար դրամ արժողությամբ պայմանագրով այս ընկերությունն է ստանձնել Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման պարտավորությունը:
2017 թվականին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում գրանցված այս ընկերության միանձնյա սեփականատերը, ըստ էլեկտրոնային ռեգիստրի, Ռուզաննա Գոզեյանն է:
Այս ընկերությունը 2018 թվականից դարձել է պետական գնումների մասնակից՝ պայմանագրեր կնքելով հիմնականում ՏԿԵ նախարարության հետ: Միայն այս տարի «Քյավառ սերվիս»-ը նախարարության հետ կնքել է 4 պայմանագիր, որոնցից 3-ը՝ հրատապ բաց մրցույթ գնման ընթացակարգով, իսկ 1-ը՝ հրատապ մեկ անձ ընթացակարգով:
Առհասարակ, Գնել Սանոսյանի ղեկավարած նախարարությունը միայն 2023 թվականին 7 պայմանագիր է կնքել՝ հրատապ մեկ անձ, և 137 պայմանագիր՝ մեկ անձ ընթացակարգով: