Մալթան դատապարտում է ցանկացած գործողություն, որը վտանգում է քաղաքացիների կյանքը. Մալթայի ներկայացուցիչ
Մալթան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված ռազմական գործողություններով։ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստին այս մասին ասաց Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը։
«Մի քանի շաբաթ է անցել այն օրվանից, երբ անվտանգության խորհուրդը կոչ արեց թոթափել լարվածությունը և բոլոր կողմերին կոչ արեց կառուցողական երկխոսություն ծավալել։ Նման գործողությունները խոչընդոտ են խաղաղության ճանապարհին։
Մալթան դատապարտում է ցանկացած գործողություն, որը վտանգում է քաղաքացիների կյանքը։ Կրկին կոչ ենք անում պաշտպանել կանանց, երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձնանց և այլ խոցելի խմբերին։ Տեղի բնակչության տեղահանությունը, ավերածությունները և զոհերը դատապարտելի են։ Կոչ ենք անում առանց խոչընդոտների հրատապ մարդասիրական օգնություն հասցնել նրանց, ովքեր դրա ամենաշատ կարիքն ունեն»,- ասաց Իեն Բորջը։
Մալթայի ԱԳ նախարարի խոսքով՝ ագրեսիվ և վտանգավոր հռետորաբանությունը, ինչպես նաև ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության տարածումը կհանգեցնեն կողմերի միջև անվստահության, ուստի Մալթան կոչ է անում չիրականացնել նման քարոզներ։
«Հրադադարի համաձայնեցումից հետո Մալթան կոչ է անում ամբողջովին դադարեցնել մարտական գործողությունները և հարգել հրադադարը։ Մենք հաստատակամորեն հավատում ենք, որ քաղաքացիների իրավունքների և անվտանգության երաշխիքները պետք է լինեն առաջնահերթ։ Կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ բռնությունից և վերադառնալ երկխոսության և դիվանագիտության դաշտ, որպեսզի ապահովվի այս իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը։ Կոչ ենք անում բոլոր կողմերին բարեխղճորեն ներգրավվել, ջանքերը կենտրոնացնել կառուցողական և դրական քննարկումների ուղղությամբ։
Լիովին սատարում ենք Եվրամիության դերակատարումը՝ որպես երկխոսության միջնորդի բոլոր մակարդակներում։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կրկին կոչ անում բոլոր կողմերին ներառական երկխոսության և բանակացության մեջ մտնել հանուն տևական խաղաղության։ Խաղաղության ցանկացած համաձայնություն երկու կողմերի միջև պետք է պաշտպանի տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքները և անվտանգությունը»,- ընդգծեց Մալթայի ԱԳ նախարարը։