ՌԴ-ն կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական էսկալացիայի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել մարտական գործողությունները և բացառել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ էսկալացիայի կապակցությամբ հակամարտող կողմերին վճռականորեն կոչ ենք անում անհապաղ կանգնեցնել արյունահեղությունը, դադարեցնել մարտական գործողությունները և բացառել զոհերը քաղաքացիական բնակչության շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է պաշտոնական Երևանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։ Սա փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև փոխվել է ՌԴ խաղաղապահների դրությունը։
ՌԴ խաղաղապահ զորախումբը տարածաշրջանում տեղակայման պահից ի վեր բարեխղճորեն կատարել է հրադադարի ռեժիմի պահպանման և ադրբեջանական ու հայկական կողմերի միջև շփումների ապահովման խնդիրները: Մեր խաղաղապահները հողի վրա համակարգել են հումանիտար իրավիճակի շտկմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև աջակցել են Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսության մեկնարկին: ՌԴ խաղաղապահ զորախումբը այս ժամերին էլ աջակցություն է ցուցաբերում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ՝ բժշկական օգնություն, զբաղվում է տարհանմամբ ։
Այժմ գլխավորն այն է, որ անհապաղ պետք է վերադառնալ 2020-2022 թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը, որտեղ ամրագրված են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը, դադարեցնել զինված դիմակայությունը և անել հնարավորը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համար»,- նշված է հայտարարության մեջ։