«Սխեման պարզ է գործում. Փաշինյանը ներգրավվելով ադրբեջանական օրակարգի մեջ՝ քայքայում է նախևառաջ Հայաստանին՝ իր դեմքով». Տաթևիկ Հայրապետյան

Սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել էր ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանին փոխանցված հայկական  կողմի առաջարկներին, և ասել, որ պատգամավորի հարցի պատասխանը շատ կարճ է լինելու։

«Այս ընթացքում, մեր վերջին շփումների ժամանակ հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ խմբագրումները կամ մեկնաբանությունները, մեր հերթն էր դա անելու, և արել ենք։ Բառացիորեն երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի առաջարկները։ Դժբախտաբար պիտի ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները միմյանցից բավականին հեռու են»,- նշել էր Արարատ Միրզոյանը։

Կոնկրետ ո՞ր հարցերի շուրջ է, որ ՀՀ իշխանությունը և Ադրբեջանի իշխանությունը չեն կարողանում համաձայնության գալ, Արցախի հարցից զատ, ի՞նչ պայմաններ է  ներկայացնում Ալիևը։

168.am հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը խոսելով այս հարցերի շուրջ, ասաց, որ համոզված է՝ Ադրբեջանին բնավ պետք չէ խաղաղության պայմանագիր կնքի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի արտահայտում ադրբեջանական մաքսիմալիստական նկրտումներն ու նպատակները։

Կարդացեք նաև

«Փաստ է, որ Ադրբեջանը երբեք միայն Արցախով չի բավարարվելու, սա բազմիցս արդեն ցույց են տվել, դրա մասին և՛ խոսում են, և՛ պարզ տեքստով հայտարարում։ Այսօր նրանք Հայաստանը կոչում են «Արևմտյան Ադրբեջան» ամենաբարձր՝ երկրի ղեկավարի մակարդակով, ուստի կարծում եմ՝ իրենք հենց այս գործընթացն են ուզում առաջ տանել, այդ թվում՝ բանակցային սեղանի շուրջ։ Ադրբեջանը կլարի սահմանային իրավիճակը, կկիրառի ուժ կամ ուժի սպառնալիք, և դրա հիման վրա արդեն նոր պահանջներ կթելադրեն բանակցային սեղանին»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։

Ադրբեջանի հարցերով փորձագետի փոխանցմամբ՝ Ալիևը բազմիցս այս ռազմավարության մասին խոսել է, նշել, թե փորձում են  իրողությունները փոխել գետնի վրա, հետո այդ ամենը թելադրել բանակցային սեղանի շուրջ։ Հետևաբար Ադրբեջանին պետք է գործընթաց, ոչ թե արդյունք։ Դա նույն տակտիկան է, ինչ կիրառում էին արցախյան հիմնահարցում ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ ընթացող բանակցությունների ժամանակ:

«Սխեման շատ պարզ է գործում՝ Ալիևն ասում է, որ իր կյանքի նպատակը պատերազմն էր, հետո նշում, որ մերժել են բոլոր խաղաղ լուծումները։ Ադրբեջանական կողմն այս մասին գրում է, ասում են, որ խաղաղության պայմանագիրը պետք է լինի իրենց պայմաններով, իրենց պայմաններն էլ, որ նայում ենք՝ մենք չպետք է պետություն ունենանք»,- հավելեց Տաթևիկ Հայրապետյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ սահմանին ադրբեջանական կուտակումների մասին, և դրա համատեքստում՝ խաղաղության օրակարգին հավատարիմ մնալու խոստումներին, Տաթևիկ Հայրապետյանը նկատեց՝ ադրբեջանական փորձագիտական շրջանակներում պարզ խոսում են այն մասին, որ սահմանային լարվածության ընթացքում բազմաթիվ զանգեր են ստացել, հատկապես՝ արևմտյան գործընկերներից, որոնք հորդորում են, որպեսզի լարվածություն տեղի չունենա, հաշվի առնվի կարևոր ընտրությունը մայրաքաղաքի հետ կապված, որին մասնակցում է նաև իշխող ուժը։

«Ըստ էության իրենց փորձագետներն են հենց դրա մասին խոսում, որ եթե Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժն այս ընտրություններում ստանա ժողովրդի վստահության քվեն, սա արդեն կնշանակի, որ ինքը հանգիստ կարող է գնալ ցանկացած զիջման։ Սա ևս մեկ կանաչ լույս կվառի Նիկոլ Փաշինյանի քաղաքական զիջումների համար։

Ինչի՞ մասին է խոսքը, այսօր նույնիսկ Երասխում, որը Երևանից կես ժամվա ճանապարհ է, չեն կարողանում ապահովել գործարանի կառուցում, ընդ որում, վրան դնելով ամերիկյան դրոշն անգամ։  Սա փայլուն խոսում է այս երկրի անվտանգային խնդիրների կամ սպառնալիքների մասին, ուստի Նիկոլ Փաշինյանը ներգրավվելով ադրբեջանական օրակարգի մեջ՝ չունենալով ռազմավարություն, բովանդակություն, մտել է գործընթացի մեջ, որի մեջ քայքայում է նախևառաջ Հայաստանին՝ իր դեմքով։

Նիկոլ Փաշինյանն արդեն դրա մեջ է և հետքայլ չի կարող անել։ Եթե կանգնի ու ասի, որ հրաժարվում է այս կամ այն հայտարարությունից, Ադրբեջանը դա կարող է օգտագործել՝ որպես առիթ պատերազմական գործողությունների համար։ Փաշինյանը վերացրել է Արցախի հարցում նշաձողը, տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության բոլոր «կարմիր գծերը»։ Առհասարակ չի խոսում Հայաստանի օկուպացված տարածքներից։ Թող Փաշինյանից հարցնեն՝ եթե այդքան բանակցում է, Ադրբեջանը դո՞ւրս է գալու օկուպացված տարածքներից՝ վստահեցնում եմ, որ ոչ։ Այս ամբողջի դիմաց, ինքը նույնիսկ չի կարողանում հասնել նրան, որ ամբողջ 150 քկմ տարածքից դուրս գա Ադրբեջանը»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս