Եթե հիմա Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից, պատերազմի հավանականությունը շեշտակիորեն կնվազի. Դավիթ Ջամալյան
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Հայաստանի ու Արցախի շուրջ առկա իրավիճակը համարում է պայթյունավտանգ: Փորձագետը նոր ռազմագործողությունների հավանականությունը մեծ է համարում:
«Այս իրավիճակում պետականակենտրոն իշխանությունը պետք է մոբիլիզացնի ողջ ներքին ու արտաքին քաղաքական ռեսուրսը՝ հնարավոր ագրեսիան կանխելու, իսկ եթե այնուամենայնիվ կանխել չհաջողվի՝ այն հետ մղելու և պարտադրված պատերազմում հաղթելու համար: Մինչդեռ մենք տեսնում ենք՝ գործող իշխանությունը փոխանակ առավելագույնս օգտագործի հայ-ռուսական ռազմավարական հեռահար շահերով պայմանավորված դաշինքի ռեսուրսը, անում է ամեն հնարավորը, որպեսզի մոտալուտ ու անխուսափելի ռազմագործողությունների ընթացքում ռուսական կողմը աջակցություն չտրամադրի Հայաստանին, սադրի ՌԴ կողմից դաշնակցային պարտավորությունները չկատարելը՝ ի պատասխան այն անտեղի, ՀՀ շահերին չհամապատասխանող հակառուսականության, որն իրենք ի ցույց են դնում,- 168.am-ի հարցադրումներին ի պատասխան անդրադառնալով Հայաստանի անվտանգությանն առնչվող վերջին մի քանի դրվագներին՝ հայ-ամերիկյան զորավարժություններին, ԵՄ դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակի բացմանը, հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի մասին փորձագիտական շրջանակների ահազանգերին՝ նշեց Դավիթ Ջամալյանը՝ շարունակելով,- Ե՛վ հայ-ամերիկյան զորավարժությունները, և՛ ԵՄ դիտորդների առկայությունը, և՛ այժմ էլ հերթական գրասենյակի բացումը ՀՀ հյուսիս-արևելքում, և՛ Էրատոյի այցը Կիև, շատ հստակ ծրագրված, համակարգային հակառուսականության հերթական դրսևորումներն են, որոնք ակտիվացել են, կիրառվում են ադրբեջանական ագրեսիայի նախօրեին՝ նպատակ ունենալով ՌԴ-ին սադրել, որպեսզի հետո անխուսափելի աղետի մեղքը բարդվի ՌԴ վրա, թե տեսեք՝ ՌԴ-ն ոչինչ չարեց»:
Անդրադառնալով ՌԴ նախագահի վստահեցմանը, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան, փորձագետը նկատեց՝ դիվանագիտությունն իր կանոններ ունի, և ռուսական կողմը, հատկապես նախագահ Վլադիմիր Պուտինը, երբեք իրեն թույլ չի տվել էմոցիոնալ, իրադրական հակազդեցություն:
Ըստ նրա՝ ՌԴ-ում շատ լավ են հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է բերվել, որ խզի կապերը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև, դուրս բերի 102-րդ ռազմաբազան Հայաստանից:
«Սկզբում իրենք սխալ ճանապարհով են գնացել՝ փորձելով ինչ-որ կերպ կառավարելի դարձնել այս պատուհասին: Բայց այժմ արդեն նաև Կրեմլում հստակ պարզ է դառնում, որ սա մի արհավիրք է ոչ միայն հայության համար, ՀՀ պետականության համար, այլև շատ հետևողականորեն գնում է Արևմուտքից ուղղորդվող հակառուսական ճանապարհով:
Նրանք չեն նույնականացնում հայոց պետականությունը Նիկոլի իշխանության հետ և հասկանում են՝ ՀՀ պետականության անկումն անխուսափելիորեն բերելու է երկրորդ ճակատի բացմանը ՌԴ հարավային սահմաններին, հետևաբար՝ չեն տրվում նիկոլական, պրիմիտիվ, «Հայկական ժամանակի» ոճով արվող սադրանքներին, ու հայտարարում են, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան: Սրանով դիվանագիտական անհրաժեշտ հիմք են ստեղծում անհրաժեշտության դեպքում ադրբեջանական ագրեսիային հավուր պատշաճի պատասխանելու համար,- մանրամասնեց Դավիթ Ջամալյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ագրեսիային պատասխանելու իրավաքաղաքական բազան առկա է,- Եվ բոլոր ջանքերը, որոնք Նիկոլի իշխանությունը, եվրոպական առաքելությունը, որն իրականում հակառուսական հետախուզական առաքելություն է, ձախողվելու են, որովհետև ՌԴ-ն իր քայլը կատարելու է: Իսկ եթե հիմա այստեղ այդ հակազդեցությունը չլինի, Սյունիքն անկում ապրի, Արցախն անկում ապրի, հարվածը ՌԴ-ին հասցվելու է Դաղստանում: Պատահական չէ, որ Սիսիանում ադրբեջանական հարվածի ամենականխատեսելի հիմնական ուղղության վրա ռուսական 102-րդ բազայի հերթական հենակետն է»:
Նա կանխատեսեց՝ ՌԴ պատասխանը լինելու է ասիմետրիկ՝ անտեսելով ՀՀ իշխանությունների կողմից գեներացվող տարբեր սադրանքները: «ՌԴ-ն իր գործն է անելու՝ ինչպես դա եղել է, օրինակ, 2022թ. սեպտեմբերի 13-ին, 14-ին, երբ 102-րդ ռազմաբազան դուրս էր բերվել մարտական խնդիր իրականացնելու, և այդ օրերին ռուսական ավիացիան է իր խոսքն ասել: 102-րդ ռազմաբազայի կտրուկ արձագանքի շնորհիվ նաև Ջերմուկը չընկավ այդ օրերին»,- ասաց փորձագետը՝ թվարկելով 102-րդ ռազմաբազայի աջակցության այլ օրինակներ ևս:
Ռազմական փորձագետը հավելեց՝ Կրեմլում գիտեն, որ այստեղ նստած իշխանությունը հակահայկական իշխանություն է նախևառաջ, հետո նոր՝ հակառուսական:
Նրա համոզմամբ՝ հենց այս հանգամանքը հաշվի առնելով են Ռուսաստանն ու Իրանը փորձում զսպել Ալիևին, ու եթե այս երկու զսպող հանգամանքները չլինեին, Սյունիքը կորցրած կլինեինք:
«Եթե հիմա Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից, պատերազմի հավանականությունը շեշտակիորեն կնվազի: Ո՞ւմ երեխաների կյանքի հաշվին ես հակառուսական խարդավանքներ ու դավեր նյութում: Խոսքը հարյուրավոր զոհերի մասին կարող է լինել. արնաքամ լինող բանակ, որ նորմալ սպառազինված չէ, վերականգնված չէ, որ ավելի շատ իմիտացիա է արվել մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ, քան իրական գործ, եթե դու հրաժարվում ես ընդունել ՀԱՊԿ-ի օգնությունը՝ զորավարժությունների անվան տակ Հայաստանին տրամադրվելիք սպառազինությունը. այս պարագայում, եթե հարվածը ընդունեց, մեծաթիվ զոհերի հեռանկարն անխուսափելի է»,- շեշտեց նա:
Դավիթ Ջամալյանը վստահեցրեց՝ նման համատեքստում նորմալ իշխանությունը բանտում չէր պահի Միքայել Արզումանյանի, Գրիգորի Խաչատուրովի նման հզոր ռազմական գործիչների:
«Այդ մարդիկ հիմա պետք է ոչ թե բանտախցում լինեին, այլ խոշոր ստորաբաժանման հրամանատարի պաշտոնում, մարտական խնդիր պետք է դրված լիներ նրանց առջև: Եթե Միքայել Արզումանյանը, Գրիգորի Խաչատուրովը լինեին մեծ ստորաբաժանման հրամանատար, հարց է՝ թուրքերն առհասարակ այդ ուղղությամբ հարված կհասցնեի՞ն, թե՞ ոչ:
Հզոր հրամանատարներին փակել են բանտում, բանակը գլխատել են, ու այս իրավիճակում ռուսական օգնություն էլ չեն ընդունում. այսինքն՝ մոտալուտ աղետի հեռանկարը հստակ է, և միակ հույսն այն է, որ ռուս-իրանական հակազդեցությունը, ի հեճուկս նիկոլական խարդավանքների, միևնույն է, լինելու է: Այս պահին ելքն այդ հակազդեցության և հայկական բանակի մարտական որակների մեջ է, որն անգամ թուլացած, բայց լավ կառավարման պարագայում դարձյալ ունակ է խնդիր լուծել»,- ամփոփեց փորձագետը: