Ազգային օրակարգով քաղաքական ուժերը վստահաբար կարող են հաջողել և իշխանափոխություն կազմակերպել մոտ ապագայում. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գերմանիայի տնտեսությունը երկու եռամսյակ շարունակ անկում է գրանցում, այսինքն տնտեսությունը ռեցեսիայի մեջ է: Գնահատականները դրական չեն և անկումը կարող է շարունակվել: Հիմնական պատճառներն են աշխատուժի պակասը (տարեկան լրացուցիչ 400 հազ. աշխատողի կարիք կա), հումքի մատակարարման խնդիրներ, այդ թվում թանկ էներգոռեսուրսներ, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին աճող անկայունություն տարածաշրջանում և մարդկանց կողմից բացասական սպասելիքներ, հետևաբար եկամուտների խնայողության աճ և հետևաբար տնտեսության մեջ առևտրաշրջանառության անկում:

Ինչով է այս ամենը էական: Նրանով, որ այս համատեքստում աճող հանրային դժգոհությունը բերում է աջ ծայրահեղական ուժերին աջակցության մեծացման, մասնավորապես Այլընտրանք Գերմանիային կուսակցությունը հարցումներում երկրորդ տեղում է, իսկ որոշ շրջաններում նույնիսկ առաջինը:

Նմանատիպ գործընթացների հետևանքով էր, որ Գերմանիայում իշխանության եկավ Գերմանիայի աշխատավորների ազգային սոցիալիստական կուսակցությունը (Հիտլերի կուսակցությունը):

Գերմանիայում ինչքան վատանում է մարդկանց կենսակերպը, այնքան ավելին են ազգայնական տրամադրությունները աճում, ինչը բնական է և ռացիոնալ:

Հայաստանում, ինչքան վատանում է մեր կենսակերպը այնքան արտագաղթն է մեծանում, փոխարեն ազգայնական տրամադրությունների աճի և ազգայնական կուսակցությունների հեղինակության բարձրացման: Ես սա բացատրում եմ քաղաքական ազգ չլինելով, բացատրում եմ նրանով, որ մեր ազգային արժեհամակարգում «լավ ապրելն» է կյանքի գերիմաստը, այլ ոչ թե օրինակ արժանապատիվ և սեփական պետության մեջ ապրելը: Սրան զուգահեռ քաղաքական ազգային ուժերի վատ ու չհամակարգված աշխատանքն է, որ այս վիճակում փոփոխություն չի բերում:

Մարդիկ կարող են հակադարձել՝ ասելով, թե ԱՄՆ-ում գերմանացիները ամենաշատն են, վերջին տվյալներով շուրջ 45 միլիոն, հետևաբար նրանք էլ են արտագաղթում: Հիրավի այսպես է, սակայն դրան զուգահեռ այդտեղ ինքնապաշտպանական գենետիկ հիշողությունը արթուն է, և համախմբում է մարդկանց սեփական շահեր սպասարկող քաղաքական ուժերի շուրջ:

Հայաստանի ներկա վիճակում միայն ազգային ուժերն է, որ պետք է հեղինակության աճ գրանցեին, միջավայրը ավելի քան դրան նպաստող է: Իսկ քանի որ դա տեղի չի ունենում, կնշանակի, որ ի լրումն վերևում գրված խնդրի (քաղաքական ազգ չլինելը), ազգային քաղաքական ուժերը ձախողում են հանրության հետ ամենօրյա աշխատանքը: Ազգային օրակարգով քաղաքական ուժերը վստահաբար կարող են հաջողել և իշխանափոխություն կազմակերպել մոտ ապագայում: Ընդամենը հանրության հետ գիտելիքահեն կազմակերպված աշխատանք է պետք շարունակաբար իրականացնել»:

Տեսանյութեր

Լրահոս