«Պատերազմող երկրում առաջին բանը, որ պետք է անեն՝ պահեն փամփուշտ ու հաց». Աշոտ Հարությունյան
Արցախի Հանրապետությունը շարունակում է մնալ ադրբեջանական շրջափակման մեջ, հումանիտար և անվտանգային ճգնաժամը շարունակում է խորանալ։ 120 հազար արցախահայեր այս պահին մատնված են սովի։ Արցախի այն գյուղերը, որոնք ցորեն են ցանել, ադրբեջանական կողմը թիրախավորած կրակոցներով թույլ չի տալիս բնակիչներին հավաքել իրենց աճեցրած ցորենը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փորձագետ Աշոտ Հարությունյանը խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին, ասաց, որ դեռ 2020 թվականի պատերազմից հետո է ասել, որ նման իրավիճակ է լինելու, նույնը նաև Հայաստանի մասին է ասել։ Պատկան մարմիններին կոչ է արել ցուցաբերել պատասխանատվություն ու խոհեմություն, սակայն ականջալուր չեղան, հետևանքն էլ այսպես եղավ։
«Նախորդ տարի աշնանը, որքան հնարավոր էր, պետք է ցանքատարածքները ցանեին։ Երբ 90-ական թվականներն էր, «ցուրտ ու մութ» տարիները, ալրաղացներում օրերով հերթ էր, մարդիկ ցորենը տանում էին, գրանցվում ու օրերով սպասում, որ իրենց հերթը հասնի։ Այսինքն՝ այդքան ցորենը շատ էր, հացաթխման որակին չէին նայում, միայն թե կարողանային հաց թխել։
Այդ տարիներին, հիշում եմ, որ նույնիսկ Արմավիրի մարզում որոշ այգիներ կտրեցին, ցորեն ցանեցին, որովհետև այդ ժամանակ բոլորն ուզում էին, որ ցորենի հարցը լուծվեր։ Արդեն քանի տարի է, բարձրաձայնում էի, որ հանրապետությունում ցորենի ինքնաբավության մակարդակը պետք է բարձրացվի, պահուստը պետք է լինի, որովհետև ամեն րոպե պատերազմի մեջ ենք։
Հիմա եթե Լարսը փակվի, Հայաստանն էլ է հայտնվելու նույն իրավիճակի մեջ, ինչ Արցախը, դեռ ավելի ծանր, ուղղակի միակ փրկությունն Իրանի հետ ճանապարհն է»,- նշեց Աշոտ Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ՝ 2022 թվականին արդեն պաշտոնապես հրապարակել են պարենային հաշվեկշիռը, որը 23,1-ից դարձել է 24,4։ 2021 թվականին ստացել են 98 հազար տոննա համախառն բերք, ցորեն, իսկ 2022 թվականին՝ 138 հազար տոննա։ Վերջին թիվը խաբուսիկ թիվ է, որովհետև բերքատվությունն ու ցանքատարածքները չեն ավելացել, հետևաբար՝ այդքան բերք չի կարող լինել։
«Միշտ ասել եմ, ինչ ուզում են՝ թող անեն ու մշակեն, գոնե ծրագիրը սկզբից մինչև վերջ գրագետ անեն։ Կրկնում եմ՝ առաջին հերթին պետությունը պետք է ռազմավարություն ընդուներ ու ցորենի խնդիրը կարգավորեր, առավել ևս, ցորեն աճում է այն տարածքներում, որտեղ, կարելի է ասել, որևէ բան չի աճում։ Այդ չմշակման խնդիրը պետք է լուծեն։ Հիմա պարտադիր սելը պետք է գա ու բարդոցի տակ կանգնի, նոր սկսեն խառնվել իրա՞ր։ Պարենային հաշվեկշռով որ նայում եմ, մեկ անձի հաշվով հանրապետությունում օրական հասնում է 380-400 գրամ ցորեն՝ մակարոնեղենը չհաշված՝ կալորիականությունը ապահովելով։ Բայց փաստորեն, Արցախում հացի տրամադրման չափն իջեցրել են Լենինգրադի բլոկադայի չափերից, այնտեղ 250 գրամ հաց էին տալիս, մինչդեռ Արցախում օրական 200 գրամ հաց են տալիս։ Պետք է այնպես անեին, որ թիկունքային պատերազմի դեպքում կարողանային ապահովել՝ մեծ-մեծ խոսելով չէ»,- հավելեց Աշոտ Հարությունյանը։
Միաժամանակ նա նկատեց՝ Արցախի ու Հայաստանի ղեկավարությունը լավ գիտեն, որ թշնամին ցորենի դաշտերում խոչընդոտելու է բարքահավաքի աշխատանքը, կամ դրանք այրելու է, հետևաբար՝ պատերազմից հետո ցորենի ու ալյուրի հարցը պետք է լուծեին։
«Հիմա գոնե եգիպտացորեն աղան, խառնեն ցորենի եղած պաշարների հետ, որ երկար օգտագործեն, գոնե կալորիականությունը կավելանա։ Նույնիսկ կարելի է գարի, վարսակ խառնել։ Պայմանական ասեմ, վաղը-մյուսը օրը նաև անասնակերի խնդիրն է լինելու։ Խնդիրը կար, ու դա պետք է ժամանակին լուծվեր։
Երբ մարդկանց ասում էինք՝ ապահովեք, ներկրեք ու պահեստները լցրեք, սրա համար էինք ասում։ Արցախը մշտապես օգնություն էր ուղարկում Հայաստանին, կոպիտ ասած, այդ պարտքն այստեղից պետք է վերադարձնեին: Արցախում պահեստները պետք է լիքը լինեին։ Պատերազմող երկրում առաջին բանը, որ պետք է անեն՝ պահեն փամփուշտ ու հաց»,- շեշտեց նա։