Քաղաքացուն խաբում են. «պետպատվերը վերջացել է» ասելու փոխարեն՝ ասելու են՝ «ապահովագրությունը վերջացել է». Անուշ Պողոսյան

«Առողջության պարտադիր ապահովագրության օրենքի նախագիծն ամբողջությամբ անհասկանալի փաստաթուղթ է: Նախ ասեմ, որ ժամկետները ևս մեկ տարով երկարացվել են, քանի որ շատ հարցեր են բարձրացվել, և նախագիծն ինքը շատ վատ արձագանք է գտել թե Ֆինանսների նախարարության, և թե Կենտրոնական բանկի մոտ»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր, առողջապահության կազմակերպիչ Անուշ Պողոսյանը՝ անդրադառնալով պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման՝ Առողջապահության նախարարության նախաձեռնությանը:

Նրա խոսքով՝ ապահովագրական օրենքը ֆինանսական փասռտաթուղթ է, և անհասկանալի է, որ Ֆիննախը նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել, բայց Առողջապահության նախարարությունը կրկին դրա մասին խոսում է:

«Ապահովագրության հիմքում դրված է սահմանափակ բյուջեի սկզբունքը: Այսինքն՝ հիմա եթե բնակիչը գնում է հիվանդանոց ու նրա աչքերին նայելով՝ ասում են՝ «պետպատվերը վերջացել է», հիմա ասելու են՝ «ապահովագրությունը վերջացել է»: Բայց քանի որ հիմա հատուկ սոցիալապես անապահով խմբերը, մինչև 18 տարեկան երեխաները դրա համար չեն վճարում, գալու է մի փուլ, երբ բնակիչը վճարելու է 164.000 դրամ: Երբ նախագծի հեղինակներին հարցնում էինք՝ այդ գնագոյացումը որտեղի՞ց է, և ինչո՞ւ հենց 164.000 դրամ, ապա նրանք այդ հաշվարկները կամ չունեն, կամ չեն շրջանառում»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ առանձին խնդիր է դեղորայքի տրամադրումը, որովհետև որակյալ և թանկ դեղորայք չեն տալու, փոխարենն առաջարկելու են էժան, պայմանական բելառուսական դեղորայք, որը բուժառուն, բնականաբար, չի վերցնելու, և գնալու է ու գնի իր համար լավ արդյունք ապահովող թանկ դեղորայքը:

«Խախտվում է նաև հիվանդի՝ բժշկին ընտրելու իրավունքը, որովհետև ապահովագրության հնարավորություն տալու են ոչ թե բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներին, այլ տալու են այն հիմնարկներին, որոնք ըստ առողջապահության ներկայիս կազմակերպիչների՝ բավարարում են այդ պահանջներին: Եթե դուք մի հիմնարկին տվել եք լիցենզիա, ուրեմն նա իրավունք պիտի ունենա ապահովագրական ծառայություններ մատուցել»,- ասաց իրավապաշտպանը:

Անուշ Պողոսյանը տարօրինակ համարեց առողջապահության փոխնախարարի այն հայտարարությունը, ով ասել էր, թե իրենք առաջնայնությունը տալու են վարկանիշային բժիշկներ ունեցող բուժհիմնարկներին:

«Հայաստանի Հանրապետությունում չկա բժշկի վարկանիշը չափելու, այն գնահատելու գործիք: Այսինքն՝ նման սուբյեկտիվ մոտեցմամբ նաև խնդիր են առաջացնելու առողջապահական բիզնեսով զբաղվող կազմակերպությունների համար»,- նշեց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս