Ադրբեջանն Արցախում չի գնա ռազմական գործողությունների, փոխարենը՝ գործողություններ կսկսի Հայաստանում՝ ուտելով Արևմուտքի «կուտը». Ռազմական փորձագետ
Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանի կարծիքով՝ Հայաստանի ու Արցախի սահմանային հատվածում Ադրբեջանի կողմից զորքի կուտակումը նշանակում է հարձակում ոչ թե Արցախի, այլ Հայաստանի վրա։
«Այս փուլում Ադրբեջանն Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների չի գնալու, փոխարենն Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Հայաստանում՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում՝ Ջերմուկով գնա մինչև Սելիմի լեռնանցք ու Նախիջևանի հատվածում սկսի որոշակի գործողություններ։
Արցախում Ադրբեջանին խանգարող հանգամանքներ կան, չմանրամասնեմ, դրանցից առաջինն այստեղ ռուս խաղաղապահների ներկայությունն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարտին Եսայանը։
Փորձագետի գնահատմամբ՝ ՀՀ ներկայիս իշխանությունների բռնած ճանապարհը խայտառակ ճանապարհ է, և այդքանից հետո չի ուզում իր սխալներն ընդունի ու դարձի գա։
«Այն աստիճանի ենք հասել, որ Մոսկվան Մարիա Զախարովայի դեմքով հակադարձում է Նիկոլին՝ ասելով, որ նպատակ չունի դուրս գալու Հայաստանից ու Արցախից։ Ուղղակի, բացի ՀՀ իշխանություններից, բոլորն էլ հասկանում են, որ վիճակն իսկապես շատ ծանր է։
Փաշինյանն իրավիճակն այնքան է լարել, որ ԱՄՆ-ի զորքի հետ միասին զորավարժություններ է անցկացնում, սա խայտառակ մոտեցում է, ու դրանից զատ ասում են, թե Աննա Հակոբյանը հումանիտար օգնություն է տանում Ուկրաինա, որին ամբողջ աշխարհն է ընդունում։
Տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումը, բայց ոչ թե Պուտինը գնաց Թուրքիա, այլ Էրդողանը գնաց Սոչի, քաղաքականության ու դիվանագիտության մեջ սա շատ բան է նշանակում։ Ռուսաստանը գուցե Սիրիայի հարցում հետքայլ անի, բայց Արցախի հարցում որևէ քայլ հետ չի անի։
Արևմուտքը հաստատ մեկ անգամ էլ «կուտ» կտա Ադրբեջանին, թե՝ քո կացինը կտրում է՝ կտրիր, ձեռքդ հասնում է՝ հարվածիր, իսկ Ադրբեջանն էլ Ջերմուկում, Գեղարքունիքում կգնա ռազմական գործողությունների։ Բոլոր զարգացումները տանում են դրան, սրան պետք է Հայաստանը նախապատրաստվի ու հակադարձի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա նաև ընդգծեց՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի բոլոր գործընթացներն արագացնի, քանի որ գիտակցում է, որ ժամանակի ընթացքում իր «կրակոցները» թիրախին չեն հասնելու, որովհետև թույլ չեն տալու, իսկ Ադրբեջանը շատ լավ գիտի, թե ով թույլ չի տա։