Ինչո՞ւ են լարվել Փաշինյանի և Սիմիդյանի հարաբերությունները, ո՞ր պաշտոնին կնշանակվի նախկին փոխվարչապետը, և ո՞րն է Վլադիմիր Վարդանյանի մանկության բյուրեղյա երազանքը
Օրեր առաջ մամուլը գրել էր, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է էապես փոխել կառավարության կազմը, և իրենց պաշտոններին հրաժեշտ կտան առանցքային մի քանի նախարարներ:
168.am-ի՝ Կառավարության աղբյուրները հաստատում են ստացված տեղեկությունը. Նիկոլ Փաշինյանն իսկապես պատրաստվում է Կառավարության կազմում կատարել մեծաքանակ փոփոխություններ։
Այսպես, ինչպես արդեն նշվել էր, թիրախում են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Այս նախարարների փոփոխությունն արդեն որոշված է. հիմա խնդիրը նրանց փոխարինողներ գտնելն է, ինչն այդքան էլ հեշտ գործ չէ Նիկոլ Փաշինյանի համար: Շատերի համար, թերևս, անակնկալ էր Հակոբ Սիմիդյանի պաշտոնանկության որոշման վերաբերյալ լուրը, որովհետև որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու Հակոբ Սիմիդյանն ունեն առանձնահատուկ հարաբերություններ ու ընդհանուր շատ ոչ միանշանակ անցյալ: Ավելին, Սիմիդյանի քույրը՝ Արաքս Սիմիդյանն է հաճախ ԱՄՆ այցերի ընթացքում ոչ միայն դիմավորել, այլև ուղեկցել Աննա Հակոբյանին: Նույնիսկ ԶԼՄ-ներն էին հրապարակել լուսանկարներով, թե ինչպես էր Լոս Անջելես մեկնած Աննա Հակոբյանը Լոս Անջելեսի օդանավակայան իջել գողեգող, գլուխը ուսերի մեջ թաքցրած, և նրան դարձյալ դիմավորում էր Հակոբ Սիմիդյանի քույրը, որը երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում ու ներգրավված է «Իմ քայլը» հիմնադրամում և զբաղվում է հիմնադրամի ֆինանսական հարցերով։
Հենց Հակոբ Սիմիդյանն էր ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը հետախուզման մեջ էր, տևական ժամանակ իր տանը պահել նրան՝ վտանգելով նաև իրեն:
168.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հակոբ Սիմիդյանն ի սկզբանե չի ցանկացել ստանձնել Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը՝ ասելով, որ չի կարող իրականացնել այդ աշխատանքը, սակայն Նիկոլը նրան համոզել (ստիպել) է ստանձնել այդ պաշտոնը, մինչև հետո ավելի հարմար բան մտածեն։
Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, իր բնույթին համապատասխան՝ որոշել է փչացնել ՔՊ կուսակցության հերթական հիմնադիր անդամին։
Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի և Հակոբ Սիմիդյանը ընդհարման պատճառը պոլիէթիլային տոպրակների դեմ պայքարի տապալումն է և ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման ձախողումը։
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը Հակոբ Սիմիդյանին հանձնարարել է ձկնաբույծներին տեղյակ պահել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականության փոփոխության մասին: Ըստ այդմ՝ համաձայն Ջրային օրենսգրքի մի շարք հոդվածների՝ 2024 թվականի հունվարի 1-ից այս ոլորտը ենթարկվելու է արմատական փոփոխությունների և խստացումների։ Սակայն, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի՝ Սիմիդյանը ձկնաբույծներին վստահեցրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ը կտեղափոխվի ավելի ուշ ժամանակահատված։
Այս հանգամանքը կատաղեցրել է Փաշինյանին, և նա արդեն մի քանի անգամ Կառավարության տարբեր նիստերի ժամանակ այս հարցի կապակցությամբ իր դժգոհությունն արտահայտել է։ Հենց այս դիպվածն էլ որոշիչ է եղել Սիմիդյանի հետագա ճակատագրի համար: Կասկածամիտ և անգամ յուրայիններին չվստահող Փաշինյանը մտածել է, որ Հակոբ Սիմիդյանն իր թիկունքի հետևում «խաղեր» է տալիս, մինչդեռ վերջինս ընդամենը փորձել է մեղմել ձկնաբույծների դժգոհությունը: Թե ով կփոխարինի Սիմիդյանին, այս պահին դեռ պարզ չէ:
Ցանկում հաջորդը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանն է։ Անզեն աչքով էլ երևում է, որ ԲՏԱ նախարարության համակարգման ոլորտները տոտալ կերպով տապալված է։ ԲՏԱ նոր նախարարի՝ ով լինելու հարցը ևս չի որոշվել։ Ասում են՝ նրա դեմ «բոչկա գլորելուն» նպաստել է նաև ԲՏԱ նախկին նախարար, այժմ՝ ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Հակոբ Արշակյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի աշխատանքի հետ կապված Նիկոլ Փաշինյանի դժգոհությունները շատ են՝ ճանապարհների անորակ վիճակը, անորակ ասֆալտապատումը, սուբվենցիոն ծրագրերի ոչ պատշաճ իրականացումը, հեռավոր համայնքներում ենթակառուցվածքների բացակայությունը և այլ խնդիրները հատկապես վերջին ժամանակներում մարզերով մեկ շրջող Փաշինյանի համար, իհարկե, տեսանելի են։ Մեր տեղեկություններով՝ մարզերից մեկում Նիկոլ Փաշինյանն անգամ հրապարակայնորեն վատ է արտահայտվել Սանոսյանի հասցեին հենց վերջինիս ներկայությամբ։
Այս պահի դրությամբ որոշում կա Գնել Սանոսյանին փոխարինելու նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանով, թեպետ վերջինիս, հնարավոր է, նշանակեն նաև Շրջակա միջավայրի նախարար: Ամեն դեպքում Համբարձում Մաթևոսյանը կունենա նախարարական պորտֆել։
Ցուցակում հաջորդն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է։ Այս դեպքում ևս պատճառը նախարարի ոչ կոմպետենտ և անպատասխանատու լինելն է։ Նարեկ Մկրտչյանը Կառավարության նիստերին չի կարողանում պատասխանել Նիկոլ Փաշինյանի հարցերին՝ անգամ այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը նախօրոք զգուշացրած է եղել, որ այդ հարցերն է տալու։ Սակայն Նարեկ Մկրտչյանի մեջքին կանգնած է վերջինիս համակուրսեցի, մտերիմ ընկեր և սանիկ Սուրեն Պապիկյանը, որը փորձում է կանխել այս սցենարը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հավանական թեկնածուն ներկայիս փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանն է։
Պաշտոնին հրաժշտ տվողների ցուցակում է նաև հլու-հնազանդ ու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի կամքը անվերապահորեն կատարող Գրիգոր Մինասյանը։ Արդարադատության նախարարության գործունեությունից Կառավարությունում և Ազգային ժողովում բոլորը դժգոհ են։ Այս մասին մենք առիթ ունեցել ենք գրելու: Զավեշտալի են համարում արդարադատության փոխնախարարներին, նրանց կրթությունը, կենսագրությունը անհամատեղելի համարում նրանց զբաղեցրած պաշտոնների հետ։ Արդարադատության նախարարության այս վիճակը կատաղեցնում է նաև Փաշինյանին, որը որոշել է վերջ դնել այս ծաղրին։
Արդարադատության նախարարի հավանական թեկնածուն, ըստ մամուլի տեղեկությունների, Եղիշե Կիրակոսյանն է: Մեր տեղեկություններով՝ նրան անգամ ակնարկ է արվել այն մասին, որ հենց իրեն են ցանկանում տեսնել նախարարի աթոռին: Սակայն չի բացառվում նաև, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին ևս դիտարկեն Գրիգոր Մինասյանին հավանական փոխարինողի դերում։ Սակայն երկուսի պարագայում էլ մտահոգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի անփառունակ թիմում նրանց փոխարինող և նրանց աշխատանքը կատարող չի լինելու։ Ավելին, Եղիշե Կիրակոսյանի թեկնածության դեմ կենաց-մահու պայքար է մղում նաև Կարեն Անդրեասյանը:
Ի դեպ, հնարավոր է, որ Վլադիմիր Վարդանյանն ինքը չցանկանա դառնալ նախարար, որովհետև նրա բյուրեղյա երազանքը Սահմանադրական դատարանի նախագահ դառնալն է:
Ի դեպ, ասում են, որ այս պահին Փաշինյանի ամենասիրելի պաշտոնյան 2018թ. հեղափոխություն կոչվածի արդյունքում տարբեր պաշտոններ ստացած (2018թ. հունիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 30-ը եղել է ՀՀ Կոտայքի մարզպետ, 2020-2021թթ. եղել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար), 2021թ. դեկտեմբերի 9-ից ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակված Ռոմանոս Պետրոսյանը: Կռահեք՝ ինչո՞ւ: Որովհետև Ռոմանոսը Նիկոլի աթոռի վրա աչք չունի, չի ուզում վարչապետ դառնալ, ինքն ուզում է ուղղակի շատ փող աշխատել, ինչը և անում է: