Կառավարությունում քննարկվում է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին փոխարինելու հարցը
Շուրջ երկու շաբաթ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ամեն կերպ փորձում է իր մտերիմ բիզնես գործընկերոջն ու ընկերոջը՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, «տեղավորել» Վճռաբեկ դատարանում։
«Այժմ իշխանությունները ՀՀ արդարադատության նախարար են «փնտրում», թեկնածուները մի քանիսն են։ Ճիշտ է, հակակոռուպցիոն պալատում դատավորի թափուր տեղ է ազատվել, երբ Կարեն Բիշարյանն ազատվեց, սակայն նրան, իհարկե, սովորական դատավոր չեն տանելու, այլ նախագահ»,- մասնավորապես գրել էր Pastinfo.am-ը:
Սա լրիվ իրատեսական սցենար է, եթե հաշվի առնենք այն «թքած ունեմ» իրավիճակը, որը հիմա տիրում է Արդարադատության նախարարությունում: Վճռաբեկ դատարանի նախագահ, այս իշխանություններին ու, մասնավորապես, Կարեն Անդրեասյանին իր ողջ ներուժով ծառայող Լիլիթ Թադևոսյանի համար սա բավականին լավ «նվեր» կլինի, իհարկե, բայց դրա մասին, ինչպես ասում են, այլ առիթով:
Արդարադատության նախարարության և կառավարության՝ 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախարար Գրիգոր Մինասյանը կարծես ճամպրուկային տրամադրություն ունի. տպավորություն է, որ նա պատրաստվում է նախարարի պաշտոնին հրաժեշտ տալ։ Այս մասին վկայում են նրա ղեկավարած գերատեսչության տապալված գործունեությունը, սարսափելի կադրային քաղաքականությունը, իր և իր տեղակալների վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ։
Մենք մի քանի անգամ արդեն անդրադարձել ենք Արդարադատության նախարարի «փառահեղ և տաղանդավոր» տեղակալներին, որոնք նախարարությունում պարզապես ժամանակ են անցկացնում և, իհարկե, օգտվում պաշտոնի ընձեռած բոլոր հնարավորություններից։ Ներկայացրել ենք նրանց «տպավորիչ» կրթությունը և աշխատանքային գործունեությունը, գիտական նվաճումներն ու ակադեմիական «ձեռքբերումները»։
Արդարադատության նախարարության գործունեության հպանցիկ ուսումնասիրությունն անգամ թույլ է տալիս եզրակացնել, որ տապալվել է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով Արդարադատության նախարարությանը վերապահված բազմաթիվ միջոցառումների իրականացումը։
Մասնավորապես, Արդարադատության նախարարությունն ամբողջությամբ տապալել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և փոփոխությունների նախագծերի մշակման գործընթացը։
Համաձայն այս միջոցառման ժամանակացույցի՝ 2023 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է ընդունված լինի։ Սակայն ավելի քան ակնհայտ է, որ այս միջոցառումը նախանշված ժամկետում չի կատարվելու, քանի որ դրա մասը կազմող նախորդող ենթամիջոցառումները, ինչպիսիք են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի մշակումը և ընդունումը, Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրային 10-ից ավելի քննարկումները և այլն, ևս կատարված չեն։
Նախարարությունը հետևողականորեն տապալել է նաև մյուս միջոցառումները, ինչպիսիք են pro-bono (անվճար) իրավաբանական ծառայությունների ներդրումը և գործարկումը, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի ընդունումը և այլն։
Ցավալի է, որ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՔՊ խմբակցությունից իրավաբան է միայն հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Այսինքն՝ ՔՊ-ից միայն նա կարող է բովանդակային գնահատական տալ Արդարադատության նախարարության գործունեությանը, իրականում՝ անգործությանը, ինչն անհնար է։ Ստացվում է, որ պառլամենտական երկրում Պառլամենտը մարդկային ռեսուրսի բացակայության պատճառով չի կարողանում վերահսկել նախարարության գործունեությունը, ինչի հետևանքով էլ Արդարադատության նախարարությունում բառի ամենաուղիղ իմաստով «բարդակ» վիճակ է։
Միգուցե, եթե Գրիգոր Մինասյանը հետևողական լիներ կադրերի ընտրության հարցում, իրեն շրջապատեր գրագետ տեղակալներով, որպեսզի իրավունքի և արդարադատության ոլորտը մեր երկրում չվերածվեր քաոսի, ինքն իրեն ծիծաղի առարկա չէր դարձնի, որ իր փոխարեն օրենք մշակեր Քննչական կոմիտեն, բայց ներկայացներ ինքը, նախարարությունն էլ չէր վերածվի անկենսունակ օրգանիզմի, եթե, իհարկե, դա չէ նրա նպատակը։
168.am-ի տեղեկություններով՝ կառավարությունում լրջորեն քննարկվում է Գրիգոր Մինասյանին փոխարինելու հարցը, իսկ թե ինչու, վերջինս կարող է հարցնել արդարադատության նախարարի անգործության ու նախարարության բարձիթողի վիճակի վերաբերյալ մամուլի հրապարակումները տպող ու Նիկոլ Փաշինյանի սեղանին դնող բարձրաստիճան պաշտոնյային: