Ընտրություններից հետո երևանցիներին տհաճ անակնկալ է սպասվում
Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը գնալով թափ է հավաքում։ Չնայած քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն, ի դեմս փաստացի «քաղաքապետ» Տիգրան Ավինյանի, այն շատ վաղուց էր սկսել՝ պետական ու վարչական ամբողջ ռեսուրսը ծառայեցնելով դրան։ Այսօր էլ շարունակում է նույնը անել։ Գտնվելով արձակուրդում՝ այս ու այն կողմ հանձնարարականներ է իջեցնում, համատարած խոստումներ է շռայլում։
Նախկին խոստումները մոռացել են, նորերից են խոսում կամ նախկին խոստումները նորովի ներկայացնում։
Անո՞ղ էիք, նախկին խոստումներն անեիք։ Քանի՞սն եք դրանցից արել, որ հիմա էլ նորն ենք խոստանում։
Վարկերով ու պետական բյուջեի փողերով ընտրություններից մի քանի ամիս առաջ ավտոբուսներ են բերել ու կարծում են, թե դրանով իրենց խոստումները կատարել են, Երևանի տրանսպորտային խնդիրները լուծել են։
Տասնյակ միլիոներ են ծախսել ավտոբուսների գնման համար։ Միայն 20 մլն դոլար է նստել ընտրողների վրա ՄԱՆ ավտոբուսները։
Սկզբում այդ գումարով 150 ավտոբուս էին գնել։ Հետո պարզվեց, որ փոխարժեքի փոփոխության հետևանքով 30 ավտոբուսի գումար «կուլ են տվել»։
Երբ դա բացահայտվեց, շտապեցին հայտարարել, թե լրացուցիչ ևս 30 ավտոբուս կբերվի, առանց հավելյալ վճարի։
Դժվար է ասել, այդ հավելյալ ավտոբուսները կբերվեի՞ն, կամ ընդհանրապես կհիշեի՞ն այդ մասին, թե՞ չէ, եթե պատահական չբացահայտվեր գաղտնիքը։
Որքան էլ համարենք, որ այս ավտոբուսներն իսկապես հարմարավետ են, տպավորիչ՝ ոչ միայն արտաքին տեսքով ու ներքին հարմարություններով, դրանք չափազանց թանկ հաճույք են երևանցու համար։ Այսօրվա վայելքը վաղը քաղաքացու ջանից է դուրս գալու։ Դեռ այդ մասին չեն խոսում, փորձում են շրջանցել, քանի դեռ դեմը ընտրություններն են։ Բայց ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն կրկին վերարտադրվեց, անպայման բարձրացնելու են ուղեվարձի թանկացման հարցը։
Ուղեվարձը թանկանալու է, երբեմն՝ կրկնակի-եռակի։ Վերցրած վարկերն ու պարտքերը պետք է փակվեն ու փակվելու են քաղաքացու հաշվին։
Բայց միայն վարկերն ու պարտքերը չեն։
Քաղաքային տրանսպորտի շատ ուղղություններ, որոնք սպասարկվում են Երևանի քաղաքապետարանի կողմից, աշխատում են վնասով։ Դրանք փակելու համար Երևանի քաղաքապետարանի բյուջեից հարյուրավոր միլիոն դրամներ են վճարում։
Հիմա, քանի դեմը ընտրություններ են, քաղաքապետարանը վճարում է, իհարկե, էլի քաղաքացուց գանձված հարկերի հաշվին, բայց վաղը արդեն քաղաքացին ուղղակի է վճարելու՝ ուղեվարձի թանկացման միջոցով։
Հարց է առաջանում, սրա համա՞ր էին քաղաքային տրանսպորտը դարձնում համայնքային սեփականություն, որպեսզի քաղաքային բյուջեից հսկայական գումարներ վճարեն դրա պահպանման համար։ Մի կողմից՝ պետությանն են ծանրաբեռնել վարկերով, մյուս կողմից՝ քաղաքապետարանի բյուջեն։
Բայց նույնիսկ այդ դեպքում չեն լուծել Երևանի հասարակական տրանսպորտի խնդիրները։ Մարդիկ երբեմն ժամերով տրանսպորտի են սպասում ու վերջում ստիպված են լինում այլընտրանքային եղանակներով տեղ հասնել։
Սրա պատճառներից մեկն էլ այն է, որ եղած տրանսպորտային միջոցները չեն բավականացնում կամ շատ արագ շարքից դուրս են գալիս, չեն բավարարում Երևանի պայմաններին։
Քաղաքային ՔՊ-ական իշխանության դիլետանտները երբեմն էլ քաղաքային տրանսպորտի խնդիրները լուծելու անվան տակ գումարներն անարդյունք քամուն են տվել։
Հիշենք նախկին ՔՊ-ական քաղաքապետ Հայկ Մարությանին, ով ժամանակին 100 «Գազել Սիթի» միկրոավտոբուսներ ձեռք բերեց՝ առանց Երևանի պայմաններն ու այդ միկրոավտոբուսների տեխնիկական հնարավորությունները հաշվի առնելու։ Արդյունքում՝ դրանք չեն դիմանում ծանրաբեռնվածությանն ու շատ արագ շարքից դուրս են գալիս։
Մեկ տարուց ավելի է, խոսում են էլեկտրական ավտոբուսների մասին, պարզվում է՝ խոսելուց այն կողմ չեն անցել։ Չնայած դա չի խանգարում, որ նախընտրական քարոզարշավից առաջ՝ ընտրողներին գայթակղելու համար, Տիգրան Ավինյանը կրկին հիշի էլեկտրական ավտոբուսների մասին։
«Եկեք արագացնենք էլեկտրոավտոբուսների ձեռքբերման հետ կապված գործընթացը, որը պլանավորում էինք փոխարինել 249 «Հայգեր» մակնիշի ավտոմեքենաներով, և սկսենք ՎԶԵԲ մեր գործընկերների հետ բանակցությունները 250 էլեկտրոավտոբուսների գնման վերաբերյալ»,– վերջերս Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցություններից մեկի ժամանակ հայտարարեց Տիգրան Ավինյանը։
Պատրաստվում են էլեկտրական ավտոբուսներ բերել ու էլի վարկով։ Թե դա ինչքա՞ն կնստի երևանցու գրպանի վրա, դա էլ հետո կերևա։
Այդպես էլ չհասկացան, որ Երևանի հասարակական տրանսպորտի խնդիրը միայն ավտոբուսները չեն։ Դա համակարգ է, որը պիտի գործի ամբողջության մեջ։
Հինգ տարում ոչ մի քայլ չի արվել այդ առումով։ Երևանը չունի արդյունավետ գործող երթուղային ցանց, չնայած ժամանակին Հայկ Մարությանը հայտարարում էր, որ պատրաստվում է պայմանագիր կնքել բրիտանական ընկերությանը հետ՝ նոր երթուղային ցանց մշակելու համար, ու դրա համար 850 հազար եվրո պիտի վճարեր։ Ի՞նչ եղավ այդ ցանցը, հայտնի չէ։
Երևանի ՔՊ-ական իշխանության կողմից նախորդ ընտրություններում խոստացված մետրոյի կայարանի կառուցման մասին նույնիսկ իմաստ չկա հիշեցնել։ Չնայած նախընտրական այս շրջանում կրկին թարմացրել են այն։ Հիմա էլ հայտարարում են, թե մեկ տարում Աջափնյակի կայարանը կառուցելու են, երբ նույնիսկ նախագծման աշխատանքները չեն ավարտել, ու հայտնի չէ, թե ավարտելուց հետո ի՞նչ կստացվի։
Կար ժամանակ, երբ Տիգրան Ավինյանը հայտարարում էր, թե մետրոյի Աջափնյակի կայարանի բուն շինարարությունը, իրենց հաշվարկներով, առնվազն 4 տարի կտևի։ Հիմա ընտրություններից առաջ պրոցեսները 4 անգամ արագացրել են։
Սա դեռ՝ միայն հասարակական տրանսպորտի մասով։ Այնպես չէ, որ մյուս խոստումները փայլուն կատարել են ու հիմա եկել՝ նորից մանդատ են խնդրում Երևանի քաղաքացուց։
Աղբահանությունը պակաս աղետալի վիճակում չէ։ Այն դեպքում, երբ Հայկ Մարությանի համառությամբ «ՍանիՏեքին» հեռացնելուց հետո, միլիոններով, եթե ոչ՝ միլիարդներով, ավելի մեծ գումարներ են հատկացրել ու հատկացնում աղբահանությանը։ Բայց դրանից իրավիճակը շատ չի փոխվում։ Կուտակված աղբի պակաս Երևանի տարբեր թաղամասներում չկա, չնայած բոլորովին վերջերս, էլի ընտրություններից առաջ, մի քանի հարյուր միլիոն ծախսեցին աղբահանության նոր մեքենաներ գնելու վրա։
Ծախսելը՝ լավ ծախսում են, բայց արդյունք չկա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ