Աճը դադարեց երկնիշ լինել. Ի՞նչ սպասումներ են ձևավորվել

Հայտնի գործոնների արդյունքում Հայաստանի տնտեսության մեջ անցած տարվանից արձանագրվող բարձր աճերի ժամանակաշրջանն ավարտվում է։ Երկրորդ եռամսյակում տնտեսական աճը դադարել է այլևս երկնիշ լինել։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, երկրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է 9,1 տոկոս։

Սա զգալիորեն ավելի ցածր է, քան առաջին եռամսյակում էր։ Երեք ամսվա ընթացքում տնտեսական աճի տեմպը 3 տոկոսային կետով նվազել է։

Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում արձանագրվել էր 12,1 տոկոս տնտեսական աճ։

Կարդացեք նաև

Տնտեսական աճի տեմպի անկումը կապված է հիմնականում նախորդ տարվա դրսևորումների հետ։ Այդ շրջանում Հայաստանի տնտեսության վրա սկսեցին աստիճանաբար արտահայտվել ռուս-ուկրաինական հակամարտության ու պատժամիջոցների դրական շոկերը։

Այդ շոկերը հիմա էլ պահպանվում են, բայց այլևս նախկին ազդեցությունը չունեն։

Չնայած նախորդ տարվա դրսևորումների ազդեցություններն այս տարվա տնտեսական աճի վրա դեռևս ամբողջությամբ չեն արտահայտվել, արդեն ունենք աճի տեմպի զգալի դանդաղում։ Մինչև տարեվերջ դա ավելի ակնառու կլինի։

Երրորդ-չորրորդ եռամսյակներում տնտեսական աճի տեմպը շատ ավելի համեստ կլինի, քան նախորդ տարվա ցածր բազայի արդյունքում ունեինք տարեսկզբին։

Հայտնի էր, թե տարեսկզբի բարձր աճերն ինչի արդյունք էին։ Թեև իշխանությունները, ինչպես միշտ, ջանք չխնայեցին դա ներկայացնել՝ որպես մեծագույն ձեռքբերում։ Հիմա արդեն երևում է, թե այդ «ձեռքբերումներն» ինչպես են սառույցի նման հալվում, և, թե դրանք ինչքանո՞վ կապ ունեին իշխանությունների հետ։ Արտաքին գործոնների ազդեցությունները մի փոքր թուլացան, ու երկնիշ աճերն արդեն անցյալում են։

Մի շարք ոլորտներում պատկերը գնալով ավելի մտահոգիչ է դառնում։ Դա վերաբերում է ոչ միայն տնտեսությանը, այլև բյուջեի եկամուտներին։ Վերարտահանումների ու բանկային համակարգի անակնկալ շահույթների արդյունքում արձանագրված բյուջեի բարձր եկամուտները հայտնվել են տեղապտույտի մեջ։ Գրեթե դադարել են ավելանալ։ Թեև սա դեռ սկիզբն է։ Հարկային եկամուտներն առաջիկայում կշարունակեն սեղմվել՝ տնտեսական աճի դանդաղելուն զուգահեռ։

Նվազել է տնտեսության արտադրական հատվածի դերը ՀՆԱ մեջ։ Գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում կրճատել է 2,9 տոկոսային կետով. եթե անցած տարվա երկրորդ եռամսյակում կազմել էր 10 տոկոս, այս տարի դարձել է 7,1 տոկոս։

Նույն իրավիճակն է նաև մշակող արդյունաբերության պարագայում՝ ՀՆԱ-ում ճյուղի մասնաբաժինը կրճատվել է՝ նախորդ տարվա 10,7-ից դառնալով 10,4 տոկոս։

Արձանագրվող անկման, գործունեության պայմանների վատթարացման և մի շարք ընկերությունների փակման կամ արտադրության ծավալների կրճատման պատճառով հանքարդյունաբերության բաժինն այս տարվա երկրորդ եռամսյակում 5,1-ից իջել է 3,1 տոկոսի։

Փոխարենը՝ ընդլայնվել է առևտրի ու ծառայությունների դերը ՀՆԱ-ում, ինչի հետևանքով տնտեսական աճի կառուցվածքը շարունակում է խիստ բևեռացված լինել։ Այն հիմնականում առևտրի ու ծառայությունների հաշվին է։

Երկրորդ եռամսյակում արձանագրված 9,1 տոկոս տնտեսական աճի 7,4 տոկոսային կետը եղել է առևտրի ու ծառայությունների բաժինը։ Աճի ավելի քան 81 տոկոսը ձևավորվել է առևտրի ու ծառայությունների ոլորտներում։

Այսպիսին է մեր տնտեսության դեռևս արձանագրվող բարձր աճի հիմքը և ոչ միայն՝ երկրորդ եռամսյակում։ Այդպիսին էր նաև առաջինում. 12,1 տոկոս աճի 9,8 տոկոսային կետը բաժին էր ընկել առևտրին ու ծառայություններին։

Եթե առաջին եռամսյակում տնտեսության մյուս բոլոր ոլորտները տնտեսական աճին նպաստել էին՝ 2,2, ապա արդեն երկրորդում՝ ընդամենը 1,7 տոկոսային կետով։

Ընդ որում՝ տնտեսության իրական հատվածը, մասնավորապես՝ գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, ներառյալ՝ նաև էներգետիկան, երկրորդ եռամսյակում բացասական նպաստում են ունեցել։

Գյուղատնտեսության պարագայում դա կազմել է -0,05 տոկոսային կետ, ինչն ամենևին զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ երկրորդ եռամսյակում գյուղատնտեսությունն անկումային է եղել։ Առաջին եռամսյակի 0,6 տոկոս աճից հետո, երկրորդում գյուղատնտեսության մեջ նույնքան անկում է գրանցվել։

Արդյունաբերության բացասական նպաստումը տնտեսական աճին նույնիսկ ավելին է եղել, քան գյուղատնտեսությանը. Այն կազմել է -0,29 տոկոսային կետ։

Սա նշանակում է, որ գյուղատնտեսության ու արդյունաբերության մեջ զարգացումներն այնպիսին են եղել, որ ոչնչով չեն օժանդակել 9,1 տոկոսանոց տնտեսական աճին։

Օժանդակել են հիմնականում առևտուրն ու ծառայությունները, ինչպես նաև շինարարությունը։

Շինարարության մասնակցությունը երկրորդ եռամսյակում նույնիսկ ավելացել է և կազմել 1,07 տոկոսային կետ։ Առաջին եռամսյակում՝ 0,55 տոկոս էր։

Շինարարությունը հիմնականում բնակարանային շինարարության հետ է կապված, բարձր աճեր է գրանցում, ու դրա արդյունքում ավելանում է այս ոլորտի մասնակցությունը տնտեսական աճի գործում։ Բայց չպետք է մոռանալ, թե սա ինչ լուրջ վտանգներ է իր մեջ պարունակում։ Անցյալի պատկերը, որին տարիներ առաջ ականատես եղանք շինարարության ճգնաժամի տեսքով, և տարիներ պահանջվեց դրանից դուրս գալու համար, մեծ հավանականությամբ, կարող է կրկնվել, եթե շարունակվեն այն անկառավարելի քաոսային գործընթացները, որոնք տեղի են ունենում այս ոլորտում։

Սա է մեր տնտեսության աճի կառուցվածքը, որտեղ իրական հատվածի դերը զրոյին մոտ է։ Չնայած վերջին մեկ տարում ֆինանսական հոսքերի աննախադեպ ավելացման, արտաքին պահաջարկի մեծացման ու դրսի շուկաներում բացված հսկայական հնարավորություններին, տնտեսական աճի կառուցվածքը շարունակում է վատանալ։ Այն հիմնված է հիմնականում ոչ հիմնարար, ժամանակավոր գործոնների վրա, որոնք աստիճանաբար կորցնում են իրենց ազդեցությունը, և դա արդեն նկատելի է երկրորդ եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշներում։

Երկրորդ եռամսյակում տնտեսական աճի տեմպն ընկել է ու դադարել այլևս երկնիշ լինել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս