«Ուշ միջնադարից սկսած առ այսօր Արցախը եղել է հայոց պետականության ողնաշարերից մեկը և շարունակում է այդպիսին մնալ». Աշոտ Մելքոնյան
32 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը և ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ ԼՂԻՄ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով Արցախի անկախության հիմքերի և երկրում տիրող ներկա իրավիճակին՝ նշեց. Արցախի անկախությանը պետք է անդրադառնալ ոչ թե զուտ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի կտրվածքով, երբ հռչակվեց անկախությունը, այլ պետք է ընդգծել մեկ կարևոր հանգամանք, որ համահայկական պետականության բացակայության պայմաններում Արցախը Սյունիքի հետ միասին եղել են Արևելյան Հայաստանում հայոց պետականության հիմնաքարերը։
«Ուշ միջնադարից սկսած, երբ Արևելյան Հայաստանը գտնվում էր պարսկական տիրապետության տակ, այդ երկու տարածաշրջանները, Գեղարքունիքի հետ միասին, մելիքությունների կարգավիճակով փաստորեն կիսաանկախ պետական կազմավորումներ էին։ Այնտեղ գոյություն ունեին սղնախներ՝ ռազմական հենակետեր, որոնք, բնականաբար, կազմում էին այդ անկախության հենքը։ Եվ այդ մելիքությունները գոյություն ունեցան մինչև 19-րդ դարի սկզիբը։ Եվ ամենակարևորը՝ 1918 թվականի մայիսի 28-ին ՀՀ-ի հռչակումից հետո Արցախն աշխարհաքաղաքական զանազան իրադարձությունների պատճառով չկարողացավ անմիջապես մաս կազմել ՀՀ-ին։ Այն, որպես նոր պետական կազմավորում՝ Արցախի ժողովրդական կառավարություն՝ գործադիր իշխանությամբ և Ազգային խորհրդի՝ որպես օրենսդիր մարմին տարբերակով, 1918 թվականի հունիս ամսից սկսած, մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը կարողացավ պահպանել իր անկախությունը։ Ազգային խորհրդի բոլոր 8 նիստերում որոշումներ կայացվեցին Ադրբեջանի ոտնձգությունների դեմ պայքարելու վճռականության և Հայաստանին միանալու վերաբերյալ, ինչը տեղի ունեցավ 1920 թվականի ապրիլի 25-ին, երբ Դրոն և Նժդեհը Կապանից և Գորիսից մտան Վարարակն ու Շուշի։ Այդ ժամանակվանից այն պաշտոնապես մաս կազմեց ՀՀ-ին։ Սա նշանակում է, որ Արցախի պետականությունը 2 տարի գոյատևելով՝ միացավ ՀՀ-ին»,- փոխանցեց պատմաբանը։
Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ այս ամենին հաջորդեց Ադրբեջանի խորհրդայնացումը, որի ժամանակ Խորհրդային Ռուսաստանը թիկունք կանգնեց Խորհրդային Ադրբեջանին և, ցավոք, Արցախի հարցում որդեգրեց ադրբեջանամետ կեցվածք։
Այդուհանդերձ, նույնիսկ նման պայմաններում խորհրդային տարիներին արցախահայությունը պայքարելով գոնե հասավ 1921 թվականի հուլիսի 5-ի չարաբաստիկ որոշումից հետո՝ ինքնավարություն ունենալու հարցին։ Ինչն իրավաբանորեն ձևակերպվեց 1923 թվականի հուլիսի 7-ին, երբ ձևավորվեց ԼՂԻՄ-ը։
«Այն, որպես ազգային պետական կազմավորում, ձևավորվեց և ուներ որոշակի կարգավիճակ։ Պետք է ընդգծել, որ նույնիսկ խորհրդային տարիներին Արցախն ուներ ազգային պետական կարգավիճակ, որի հիմքի վրա էլ հնարավորություն ունեցավ ուղիղ 32 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Շահումյանի շրջանային խորհրդի և ԼՂԻՄ-ի համագումարի հետ համատեղ հռչակել Արցախի անկախությունը։
Ուշ միջնադարից սկսած առ այսօր Արցախը եղել է հայոց պետականության ողնաշարերից մեկը և շարունակում է այդպիսին մնալ։ Նույնիսկ կիսաանկախ վիճակով՝ մելիքությունների կարգավիճակով, մենք ուշ միջնադարում պահպանել ենք պետականության ոգին: Այսօր, թեև շատ ավելի տկար վիճակում, բայց անվտանգության ներքին միջոցների առկայության պայմաններում՝ ունենալով Արցախի ՊԲ և իշխանության մարմիններ՝ ԱԺ, կառավարություն, ՏԻՄ-եր և այլն, որքան էլ շրջափակված վիճակում լինի Արցախը, մենք պետք է ընդգծենք հետևյալը, որ դեռ 1991 թվականի վերջից մինչև 1992 թվականի մայիսի 8-9-ը, երբ ազատագրվեց Շուշին՝ Արցախը գտնվում էր ճիշտ նույն վիճակում, ինչ այսօր։ Սա նշանակում է, որ Արցախը կենսունակ է և կարող է նաև հաղթահարել այսպիսի դժվարությունները, առավել ևս որոշ հատկանիշներ կարելի է մատնանշել, որոնք շատ ավելի բարենպաստ են, քան 1992 թվականին»,- շեշտեց պրոֆեսորը։
Աշոտ Մելքոնյանի կարծիքով՝ պետականորեն ճանաչված անկախության 32-րդ տարում Արցախը շարունակում է գոյատևել։
Պատմաբանն ընդգծեց այս տարվա հուլիսի 27-ին Արցախի ԱԺ-ի ընդունած պատմական որոշումը՝ դիմել աշխարհի տարբեր ՄԱԿ անդամ երկրների խորհրդարաններին, որոնք վավերացրել են 1948 թվականի դեկտեմբերի 9-ի հայտնի Կոնվենցիան՝ «Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման» վերաբերյալ։
«Սրանով Արցախը «SOS» հնչեցրեց աշխարհով մեկ, որ ինքն արդեն պետական կազմավորում է, արդեն որպես այդպիսին՝ դե ֆակտո գոյություն ունի, որի անկախությանն ու բնակչությանը սպառնում է ցեղասպանություն՝ նա այս պահին նախացեղասպանվելու առաջ է։ Դրանով Արցախն ահազանգ է հնչեցնում աշխարհի խորհրդարաններին՝ հիշեցնելով, որ նրանք վավերացնելով այդ կոնվենցիան՝ պարտավորություն են ստանձնել միջոցներ ձեռք առնելու, ցեղասպանությունը կանխելու համար։ Այնտեղ մի բանաձև կա, որի իմաստը հետևյալն է՝ «ճանաչում՝ հանուն փրկության», ինչպես տեղի է ունեցել Կոսովոյի պարագայում՝ «անջատում հանուն փրկության», որովհետև Կոսովոն ի վերջո սերբական հող էր, մեր պարագայում՝ առավել ևս, որ Արցախը հայկական հող է, այդ դիմումով պահանջել ենք «ճանաչում՝ հանուն փրկության»։ Եվ, կարծեք թե համաշխարհային հանրության սառած վերաբերմունքն աստիճանաբար հալվում է, և ֆրանսիացիների ներկայությունը Կոռնիձորում դրա վառ ապացույցն է։
Կարծում եմ՝ անկախության օրը մեզ համար պետք է լինի հերթական ոգեշնչող մի հանգամանք վաղվա նկատմամբ լավատեսությամբ լցվելու համար։ Մենք մեր հազարամյա պատմության ընթացքում նման մղձավանջներ շատ ենք տեսել, սա էլ կարծես մեր սերնդի խաչն է, որը պետք է բոլորս կրենք, որի առաջնագծում միշտ եղել է Արցախը և շարունակում է մնալ։ Իսկ մենք՝ որպես հայություն, պետք է թիկունք կանգնենք մեր Արցախ աշխարհին»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։