Չոբանապետություն կամ Երկիր-սպանդանոց

Քաղաքականությունը, պետական կառավարումը նաև, շատ դեպքերում՝ ավելի շատ ոչ թե ուղիղ խոսքի, ճակատային հայտարարությունների, այլ ուղերձների, ենթատեքստերի արվեստ է: Բայց երբ դրանով զբաղվում են արհեստավորի, ոչ թե վարպետ արհեստավորի, այլ փինաչու հանգույն, պետության հետ պատահում է այն, ինչ մարդու հետ անում է շառլատան հեքիմը՝ փողը նախապես վերցրած լինելով ու հիվանդի կյանքի վրա թքած ունենալով:

Անհամարժեքությունը կամ ոչ ադեկվատությունը չափից ավելի ճոխ ու անպատեհ բնորոշում է այն ամենին, ինչ Հայաստանի իշխանությունն անում է՝ Արցախում տեղի ունեցողի, արցախահայերի սովամահության, արդեն նաև՝ արցախցի երիտասարդների առևանգման համապատկերում:

Փառատոները կասկադներում ու գովազդվող թմրահամերգները մարզադաշտերում՝ բարոյականության ու էսթետիզմի եզակի դրսևորումներ են Արցախի պաշարման, կենաց-մահու պայքարի պայմաններում Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձների համեմատությամբ: ՀՀ անձնագիր կրող արցախցի երիտասարդների առևանգմանն ի պատասխան՝ ՀՀ ղեկավարը ոչ թե գործողություններ է ձեռնարկում սեփական քաղաքացիներին գերությունից ազատելու, տուն վերադարձնելու համար, այլ հրապարակում է տեսանյութ ոչխարապահության թեմայով սեփական դատարկաբանությունների մասին:

Ուղերձը տհաճ է, նողկալի, բայց ավելի քան հասկանալի. մարդու ու ոչխարի միջև նա ընտրում է վերջինիս:

Կարդացեք նաև

Հանձնելով մարդուն՝ սովորեցնում է՝ ինչպես ոչխար պահել ու հարստանալ: Որովհետև ՀՀ անձնագիր կրող քաղաքացին նրա համար խնդիրներ է ստեղծում, իսկ ոչխարը երևակվում է՝ որպես հարստացման աղբյուր: Նաև որովհետև ոչխարներին կառավարելը հեշտ է, իսկ մարդկանց կառավարելու համար պետք է մարդ լինել: Ուղերձի հասցեատերը ՀՀ անձնագիր կրող բոլոր քաղաքացիներն են, ում ասվում է, որ իրենց կառավարողը շարքային չոբան է, որին հանդուրժումը դեպի սպանդանոց տանող անհետադարձ տոմս է, ինչպես որ նրանից հրաժարումը՝ մարդկային դեմքը վերականգնելու անայլընտրանք միջոց:

Հայաստանի այսօրվա կառավարման հիմքում ընկած է ոչխարների ողջ մնալու պայմանով գայլերի կշտացման սկզբունքը: Մեր դեպքում դրանք գորշ գայլեր են, որոնց առաջ պետության կառավարումը չոբանության հետ նույնացրածը մատաղ է անում Արցախը՝ իբրև թե Հայաստանը փրկելու նպատակով: Դա, իհարկե, տեղի չի ունենալու, քանի որ գայլերի համար մատաղը ոչ թե ընդունելի է լինելու, այլ մարսելի, և նրանց ախորժակը հասնելու է Հայաստանին: Բայց քանի որ չոբանությունը սրբություն չունեցող զբաղմունք է, ոչխարապահի համար կարևոր է պակասող գլխաքանակի համար վճարվող փողը: Հենց դա է լավ ոչխարապահության՝ հարստանալու բանաձևը, որն էլ հիմա ընկած է Հայասստանի պետական քաղաքականություն կոչվող այլանդակության հիմքում:

Ամենաոխերիմ թշնամական պետությունից անգամ հայ հասարակությանը չի նետվել այնպիսի մարտահրավեր, որպիսին հիմա ներկայացվում է սեփական իշխանության կողմից: Դա ավելին է, քան գոյաբանական սպառնալիքը, որն ուղղված է ֆիզիկական լինելիությանը:

Իշխանության մարտահրավերը կեղտոտ գործարք է՝ ողջ մնալու դիմաց մարդկային կերպից հրաժարվելու մասին: Եվ վայելելու այդ մասին հավաստող ՀՀ քաղաքացու անձնագիրը՝ մինչև կհասնի առևանգվելու ժամը:

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Տեսանյութեր

Լրահոս