Բաժիններ՝

Թուրքիայի առևտրի նախարարը մի խումբ գործարարների հետ կմեկնի Իրաք

Թուրքիայի առևտրի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարար Օմեր Բոլաթն օգոստոսի 29-ին թուրք գործարարների հետ միասին մեկնելու է Իրաք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իրաքում թուրք նախարարին դիմավորելու են նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդը և վարչապետ Մուհամմեդ Շիյա էս Սուդանին։

Այցի շրջանակներում Բոլաթն առանձնազրույցներ է ունենալու Իրաքի առևտրի նախարար Էթիր Դավուդ Սելման ալ Գրեյրի, պլանավորման նախարար Մուհամմեդ Ալի Թեմիմի, տրանսպորտի նախարար Ռազզաք Մհեյբիս Աջիմի էլ Սադավիի, վերակառուցման և բնակարանային ապահովության նախարար Բենգին Ռեքանիի հետ։

Բացի այդ հանդիպումներ են տեղի ունենալու նաև ընդլայնված կազմով՝ թուրք գործարարների մասնակությամբ։

Քննարկվելու են երկու երկրների միջև առևտրային և տնտեսական կապերին, ինչպես նաև Իրաքում թուրքական ընկերությունների դերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։

Նշենք, որ 2022-ին Թուրքիայից Իրաք արտահանվող ապրանքների ծավալը 2021-ի համեմատ աճել է 24 տոսոկով՝ հասնելով 13․7 մլրդ դոլարի։

2022-ին աճել է նաև Իրաքից Թուրքիա արտահանվող ապրանքների ծավալը՝ կազմելով 10․4 մլրդ դոլար (24 տոկոս)։

Ընդհանուր առմամբ հիշյալ տարում երկկողմ առևտրաշրջանառությունը հասել է 24․2 մլրդ դոլարի, որն էլ համարվել է ռեկորդային։

Մինչ օրս թուրքական ընկերությունների կողմից Իրաքում իրականացվել է 33․3 մլրդ արժողությամբ շուրջ 1100 ծրագիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս