7 ամսում՝ ևս 714 միլիոն դոլար

Իշխանությունը չափազանց մեծ հակում ունի փողի նկատմամբ։ Բոլոր հնարավոր միջոցներով բարձրացնում են հարկերն ու ծանրացնում տնտեսության և քաղաքացիների հարկային բեռը, նոր հարկեր ու վճարներ են դնում, տույժերն ու տուգանքներն են խստացնում։ Բայց դրանով էլ չեն բավարարվում։ Մեծ տեմպերով ավելացնում են նաև պետական պարտքը։

Միայն այս տարվա առաջին յոթ ամիսներին 714 մլն դոլարով պարտքն ավելացրել են։

Միջին ամսական 100 միլիոնից ավելի պարտք են կուտակել։ Ամբողջությամբ կառավարության պարտավորությունների գծով։

Պարտքը հասել է 11 մլրդ 351 մլն դոլարի։

Կարդացեք նաև

Կառավարության պարտավորությունների աճը նույնիսկ ավելին է եղել, քան ընդհանուր պարտքի աճը։

Պարտքն ավելացել է 714 միլիոնով, կառավարության պարտավորությունները՝ 718 միլիոնով։

Ավելացրել են՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին պարտքը։ Մինչև վերջերս արտաքին պարտքը գրեթե դադարել էր աճել, նույնիսկ նվազում էր։ Հիմա կրկին սկսել է աճել։

Հուլիսին արտաքին պարտքը հերթական խոշոր համալրումն է ստացել. մարումները հանած՝ ավելացել է միանգամից շուրջ 223 մլն դոլարով։

Շատ ավելի ակտիվ է եղել ներքին պարտքի աճը։

Յոթ ամսում ներքին պարտքն ավելացել է 496 մլն դոլարով և հասել 4 մլրդ 688 մլն դոլարի։

Արտաքին պարտքի պարտավորություններն էլ կազմել են 6 մլրդ 116 մլն դոլար։

Սրանք բացառապես կառավարության պարտքերն են, որոնք արդեն գերազանցել են 10,8 մլրդ դոլարը։ Նախորդ տարվա այս շրջանում 9,4 միլիարդի կարգի էին։

Մեկ տարում ավելացել են գրեթե 1,4 միլիարդով։

Այսպիսի ակտիվ պարտքի կուտակում Հայաստանում երբևէ չի եղել։ Այդքան քննադատում էին նախկիններին պետության ու սերունդների վրա պարտքի անասելի բեռ դնելու համար, հիմա անգամներով ավելի մեծ տեմպով են պարտքն ավելացնում։ Մի բան էլ արդարացնում են պարտքի կուտակումը։ Թեև անգամ եղած գումարները չեն կարողանում ժամանակին ծախսել։

Բյուջեի միայն ներքին հարկերն ավելի շատ են, քան կատարված ծախսերը։

Այսպիսի պայմաններում ինչի՞ համար են պարտք ավելացնում, չես հասկանում։ Ոչ մի բացատրություն չկա, բացի այն, որ իշխանությունը տառապում է պարտքի մոլուցքով։ Եկած-չեկած, մի գլուխ պարտք են վերցնում ու ավելացնում պարտքի բեռը։

Մինչև իրենց գալը պարտքը 6,7 միլիարդ էր, արդեն անցնում է 11,3 միլիարդից։

Հինգ տարում հասցրել են 4,6 մլրդ դոլարի պարտք կուտակել։ Աճը գրեթե 70 տոկոս է։

Նաև սրա արդյունք է ՀՆԱ ավելացումն ու բյուջեի հարկային եկամուտների այն աճը, որի մասին Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է՝ առանց հիշատակելու դրա վրա ազդող գործոնները։ Նույնիսկ ոչինչ չանելու դեպքում միայն այսքան պարտքը բավական էր, որպեսզի ՀՆԱ-ն մի քանի միլիարդ դոլարով ավելանար։

Բայց վատն այն է, որ պարտքը ավելացնում են, երբ անգամ նախկինում վերցրած վարկերի հաշվին նախատեսված ծրագրերը չեն կարողանում կատարել։

Տարվա առաջին կեսին բյուջեով նախատեսել են արտաքին միջոցների հաշվին, որոնք հիմնականում վարկերն են, իրականացնել շուրջ 92,5 մլրդ դրամի ծրագրեր, իրականացրել են ընդամենը 18,9 միլիարդինը։

Արել են նախատեսվածի հազիվ 17,5 տոկոսը։ Շուրջ 74 մլրդ դրամի ծրագրեր չեն արել։

74 միլիարդը համարժեք է ավելի քան 191 մլն դոլարի։

Ավելի քան 191 մլն դոլարի ծրագրեր չեն արել, բայց շարունակել են դրսից նոր պարտքեր վերցնել։

Ներսից էլ ավելի շատ են վերցրել ու դրանց հաշվին ոչ միայն պարտքն են ավելացրել, այլև բարձրացրել են պարտքի գինը։ Թանկ փողերով ողողել են պարտքը։ Գոնե դրանք էժան փողեր լինեին, եղել են թանկ փողեր, ինչի հետևանքով վերջին 1,5 տարում Հայաստանի պարտքը, նախկին արտոնյալ կարգավիճակից, վերածվել է ծանր պարտքի։

Ինչքան էլ հայտարարեն, թե պարտքի ցուցանիշներն անցած տարի որոշ գործոնների, առավելապես՝ դրամի ամրապնդման հաշվին, բարելավել են, դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև դրան զուգահեռ՝ ի հայտ են եկել ավելի մտահոգիչ հանգամանքներ. էապես ծանրացել է պարտքի սպասարկումը։

Միայն այս տարվա ընթացքում կառավարության կամ, այսպես կոչված, բյուջեի պարտքը թանկացել է 0,5 տոկոսային կետով և արդեն հասել է 6,8 տոկոս միջին տոկոսադրույքին։

Անցած տարվա հուլիսին միջին տոկոսադրույքը 5,7 տոկոս էր. ընդամենը մեկ տարում այն բարձրացել է 1,1 տոկոսով՝ թանկ պարտքերի ներգրավման ու եղած պարտքի թանկացման հետևանքով։

Միջին տոկոսադրույքի 1,1 տոկոսով ավելացումը հսկայական լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, որը կրում է բացառապես պետական բյուջեն։

Այլ բան է, երբ 11 մլրդ դոլարանոց պարտքը սպասարկում ես 5,7 տոկոսով, այլ բան, երբ 6,8 տոկոսով։

Հիշեցնենք, որ անցած տարվա սկզբին էլ պարտքի միջին տոկոսադրույքը 4,7 տոկոս էր։

Մեկ ու կես տարում ոչ միայն 2,1 մլրդ դոլարով պարտքն ավելացրել են, այլև 2,1 տոկոսային կետով թանկացրել։

Սա գրեթե 50 տոկոսանոց աճ է, որի համար ինչ-որ մեկը պե՞տք է բացատրություն տա, թե՞ ոչ։

Պատասխանատվության մասին նույնիսկ անիմաստ է խոսել, որովհետև այս իշխանությունները յուրայիններին պատասխանատվության չեն կանչում։ Միայն նախկինների արածներն են տեսնում, իրենցը չնկատելու են տալիս։ Թեև դրանից խնդրի էությունը չի փոխվում։

Ինչո՞ւ են այսպիսի ինտենսիվությամբ թանկ պարտքեր ներգրավում, երբ անգամ չեն կարողանում դրանք ժամանակին ծախսել։ Մինչդեռ՝ նախատեսված, բայց չծախսված յուրաքանչյուր դրամի համար ստիպված տուգանքներ են վճարում։

Ու այդքանից հետո պարտքի ցուցանիշների բարելավումից են խոսում։ Երբ դրա տակ շատ ավելի ծանր ու խորքային խնդիրներ են ստեղծում բյուջեի համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս