
BRICS-ը կարևոր դեր է խաղում համաշխարհային տնտեսությունում. Ռայիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո օգոստոսի 25-ի առավոտյան ժամանել է Իրան և լրագրողների հետ զրույցում ընդգծել BRICS-ի կարևորությունը՝ որպես համաշխարհային կոալիցիա։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Ռայիսիի խոսքով՝ BRICS-ն առանցքային դերակատարում ունի ամբողջ աշխարհում տնտեսական և առևտրային համագործակցության ոլորտում։
Նախագահ Ռայիսին նշել է, որ BRICS-ը կենտրոնացած է առևտրատնտեսական համագործակցության վրա, և որ դաշինքի հետ Իրանի հարաբերությունները համահունչ են նրա կայուն տնտեսությանը՝ ընդգծելով, որ համաշխարհային, տարածաշրջանային և անդրտարածաշրջանային կազմակերպությունների հետ շփումը կամրապնդի Իրանի քաղաքական հզորությունը:
Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ երկիրը լավ առևտրային ներուժ ունի տարածաշրջանում։
BRICS-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել Յոհանեսբուրգում օգոստոսի 22-24-ը։ Միավորման կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Սակայն Յոհանեսբուրգի գագաթնաժողովում BRICS-ի կազմ է հրավիրվել ևս 6 երկիր՝ Իրանը, Արգենտինան, Եթովպիան, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Նրանք BRICS-ի պաշտոնական և լիիրավ անդամներ կդառնան 2024 թ․ հունվարի 1-ից։