Ռուսաստանը հայտնել է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռով գրոհել է երկրի տարածքը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ այս գիշեր Ղրիմի ուղղությամբ արձակվել է 40-ից ավելի անօդաչու թռչող սարք։ Գերատեսչությունում նշել են, որ ուկրաինական ԱԹՍ-ները չեն հասել թիրախին։
«Գիշերը խափանվել է Կիևի վարչակարգի փորձը՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ ՀՕՊ համակարգերը հայտնաբերել են 42 անօդաչու թռչող սարք։ Ղրիմի տարածքի վրա նրանցից 9-ը ոչնչացվել են կրակային ազդեցության արդյունքում, 33-ը ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և կործանվել՝ չհասնելով թիրախին», – հայտնել է ՌԴ ՊՆ-ն իր Telegram ալիքում։
Ըստ Սևաստոպոլի ղեկավարի՝ քաղաքացիական ենթակառուցվածքները չեն տուժել։
ՌԴ ՊՆ-ն նաև հաղորդել է, որ Կալուգայի մարզում խոցվել է ուկրաինական հրթիռ։ Ըստ հաղորդագրության՝ հրթիռը խոցվել է լրամշակված С-200 ՀՕՊ համակարգով: ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ հրթիռի թիրախում են եղել քաղաքացիական օբյեկտներ։
Բացի այդ, ռուսական մի շարք Telegram ալիքներ հաղորդում են, որ գիշերը պայթյուններ են լսվել նաև Տուլայի և Մոսկվայի մարզերում։ Ենթադրաբար, դա եղել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, որոնք ԱԹՍ-ներ են խոցել։
Ըստ ТАСС գործակալության՝ «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այնուհետև Մոսկվայի օդանավակայանները վերադարձել են նորմալ աշխատանքային ռեժիմի։