Մարտունու շրջանում անցել են հացի գնման կտրոնային եղանակին. մայրաքաղաքում դեռ որոշում չկա

Մարտունի և Ճարտար քաղաքների, խոշոր համայնքներից՝ Սոսի, Կարմիր շուկայի, Բերդաշենի և Գիշիի բնակիչները օգոստոսի 23֊-ից հացը գնում են կտրոնային եղանակով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Հունան Հայրումյանը:

«Հաշվի առնելով բնակչության թվաքանակը և ստացված հացահատիկի բերքի սակավ պաշարները` եկել ենք այն եզրահանգման, որ պետք է խնայողաբար օգտագործենք»,- մանրամասնել է Հ.Հայրումյանը: Նա նշել է, որ արդեն մշակվել է կտրոնի ձևը, և տրամադրվել բնակիչներին, կտրոնի նմուշը ուղարկվել է համայնքներ:

«Կտրոնի մեջ ներառված է ընտանիքի ավագի անուն֊-ազգանունը, տվյալ ընտանիքի անդամների թիվը և տրամադրվելիք հացի քանակը: Հաշվի ենք առել հացի զանգվածը. մինչև երեք անդամ ունեցող ընռանիքին տալիս ենք երկուական հաց, յոթ անդամով ընտանիքին՝ վեց, ութին՝ յոթ հաց: Հաշվի ենք առել ալյուրի պաշարները, փռերի թողունակության հնարավորությունները, և չեմ կարծում, որ նման հարցերում խոչընդոտներ կառաջանան: Կտրոնների վրա նշված կլինեն ամսաթվեր, փռերի կամ խանութների աշխատողները հացը տրամադրելուց հետո տվյալ կտրոնում կնշեն, որ քսանչորս ժամվա հասանելիք հացը ստացվել է»,- ընդհանրացրել է Հ. Հայրումյանը:

Ի դեպ, հաշվի առնելով հացի ձեռքբերման դժվարությունները՝ «Արցախպրես»-ը մեկնաբանություն է խնդրել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանից. արդյո՞ք կտրոնային համակարգը անհրաժշտ չէ նաև մայրաքաղաքում մտցնել: Ի պատասխան, քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Վարդուհի Օհանյանը նշեց, որ մինչև այս պահը նման քննարկում չի եղել:

Տեսանյութեր

Լրահոս