Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Այս մասին հաղորդում են ԿԸՀ-ից:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 15-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն:
Թեկնածուների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ից մինչեւ սեպտեմբերի 29-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն:
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն:
Մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների 2023 թվականի հոկտեմբերի 29-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am: