Պայքար ոչ թե՝ նախկինների, այլ՝ նախնիների դեմ. Made in Turkey

Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական օրակարգը, պայքարի միջոցներն ու մեթոդները, որպես կանոն, հավաքականորեն բնութագրվում են՝ որպես պայքար «նախկինների դեմ»։

Տեխնոլոգիական առումով դա այդպես է, նրա ողջ ներքին քաղաքականությունը կառուցված է «նախկիններին» թիրախավորելու սկզբունքի հիման վրա, ինչը և՛ հեշտ է, և՛ արդյունավետ, քանի որ հասարակության առնվազն մի հատված հեշտորեն կուլ է տալիս «թալանի», «կոռուպցիայի», «քրեաօլիգարխայի» և այլ քարոզչական կաղապարների վրա կառուցված խայծերը։

Նիկոլ Փաշինյանը, այո, պայքարում է նախկինների դեմ, դրա վրա է կառուցված նրա ողջ քաղաքական-քարոզչական վերնաշենքը։ Բայց դա տեղին է միայն քաղտեխնոլոգիական հարթությունում։

Իրականությունն այն է, որ խորքային առումով Նիկոլ Փաշինյանի պայքարն ուղղված է ոչ միայն ուղղակի նախկինների, նախկին իշխանությունների, այլ ավելի լայն իմաստով՝ նախնիների դեմ։

Կարդացեք նաև

«Նախկիններ» և  «նախնիներ» բառերի միջև տարբերությունը ոչ միայն լեզվական է, այլ նաև խիստ բովանդակային և ենթատեքստային։ Խնդիրն այն է, որ նախկին իշխանությունների դեմ պայքարը, դրա ներկայացուցիչների դեմ իրական հիմքով կամ շինծու քրեական գործերը Նիկոլ Փաշինյանի համար սոսկ քարոզչական գործիքներ են՝ սեփական իշխանությունը պահպանելու ու ամրապնդելու համար։ Բայց նրա քաղաքականության հեռանկարային թիրախն իրականում մեր նախնիներն են՝ հեռավոր և մոտ անցյալի նախահայրերն ու հայրերը, որոնք ամենատարբեր միջոցներով ու չափաբաժիններով որևէ ներդրում են ունեցել հայկականության, հայկական ինքնության մեջ։

Այդ տեսանկյունից խնդիրը դիտարկելիս պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվել է ոչ միայն Էրդողանի ու Ալիևի պահանջով, այլ՝ որովհետև ցեղասպանության վերքերի հաղթահարումը, ցեղասպանության վերապրումից հետո առաջին հայկական հանրապետության հիմնումն ու դրա թեկուզ կարճատև գոյությամբ զոհի կաղապարից հրաժարումը մեր ինքնության կարևորագույն բաղադրիչներից են։ Ինչպես և նրա պայքարի մյուս թիրախները՝ Արարատ լեռը և ՀՀ զինանշանը։
Նիկոլ Փաշինյանի քաղաքականության ու դրան սպասարկող քարոզչության գործընթացում ժամանակային չափումներն օրգանապես կապված են և սպասարկում են մեկը մյուսին։ Հիմա արդեն պարզ է դառնում, որ վաղ շրջանի նախնիների դեմ պայքարի իրական նպատակն ավելի ուշ շրջանի նորանկախ հանրապետության ստեղծման նախադրյալների ոչնչացումն է, ինչով արդեն զբաղված է Նիկոլ Փաշինյանը՝ ի դեմս Հայաստանի Անկախության հռչակագրի դեմ զառանցաբանության։

Նա, այսպիսով, արժեզրկված ու վարկաբեկված համարելով մեր պատմության այն ընթացքը, որոնց պատճառահետևանքային արդյունքը եղել է Երրորդ Հանրապետության հիմնադրումը, հիմա արդեն բաց խաղաքարտերով զբաղված է նորանկախ Հայաստանի ճարտարապետության կազմաքանդմամբ։

Երբ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հայտարարում էր, որ չի դավանում որևէ գաղափարախոսության, որևէ իզմ-ի, ստորաբար ստում էր՝ սովորության համաձայն։

Բայց այնպես չէ, որ նա իրականում դավանում է որևէ քաղաքական գաղափարախոսության և թաքցնում էր դա։ Նրա դավանածը ոչ թե քաղաքական, այլ հակաազգային գաղափարախոսություն է, որի ամենահամապարփակ անվանումը հակահայկականությունն է։

Որպես գաղափարախոսություն՝ այն գոյության իրավունք ունի և լայնորեն տարածված է հատկապես Թուրքիայում ու Ադրբեջանում և ամենայն կերպ խրախուսվում է այդ երկրների իշխանությունների կողմից։ Նրանց պայքարը գրեթե ամբոջությամբ նույնական է Նիկոլ Փաշինյանի պայքարի թիրախների հետ և ուղղված է մեր նախնիներին, մեր անցյալին, ներկային ու ապագային, ընդհանուր առմամբ՝ ամենայն հայկականին։ Փաստորեն, այդ գաղափարախոսությունը ոչ միայն տարածվել ու խրախուսվել է Թուրքիայում ու Ադրբեջանում, այլ նաև արտահանվել է, այդ թվում՝ Հայաստան։

Թե ովքեր և որքան են վճարել այդ արտահանում-ներմուծում գործառնության դիմաց, պատմությունը երբևէ կարող է բացահայտել, կարող է՝ ոչ։ Բայց որ արտահանումը ծառայել է իր նպատակին, այլևս որևէ կասկած չի հարուցում։ Երկրում, որտեղ անգամ ազգային-ազատագրական կենացները խմվում են թուրքական արտադրության հագուստ կրողների կողմից, թերևս նորմալ է, որ նույնական ծագում կարող է ունենալ նաև կառավարող թիմի գաղափարախոսությունն ու քաղաքականությունը։

Տեսանյութեր

Լրահոս