«Սեդան Մարտունուց բերած մի բուռ հող լցրեց դագաղի մեջ, հետո Մոնթեին իջեցրին այն հողի մեջ, որի պաշտպանության համար նա զոհվել էր». հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը և մահը» գրքից
(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):
Մայիսի 28-ին Մարտունի վերադառնալով` Մոնթեն մի քանի հեկտար մշակովի հաշիշ հայտնաբերեց ավերված Ղարադաղլուի մոտ: Նա կասկածեց, որ տեղական խմբավորումներից մեկն էր ցանել հաշիշը` որպես արտահանելու ապրանք: Լուրն անհանգստացրեց Սեդային:
Մարատի հետ բախումից հետո նա միշտ խնդրել էր ամուսնուն չխառնվել տեղական «ընտանեկան գործերին»: Սեդան հիշեցնում էր, որ Մոնթեն զինվորական մարդ է եւ ոչ ոստիկան: Չնայած այդ խորհրդին` Մոնթեն որոշել էր դաշտն այրել: Բայց նախքան նա փոխհրաձգությունների միջեւ այդ անելու ժամանակ կգտներ, նրա հին ընկեր Արա Թորանյանը զանգեց Սեդային շտապ հաղորդագրությամբ: Մոնթեի հին ընկեր Շիշկոն խնդրել էր Թորանյանին, որն այդ ժամանակ այցի էր եկել Փարիզից, Մոնթեին տեղեկացնել հետեւյալը. որ մարսելցուն ինչ-որ կերպ հայտնի էր դարձել, թե ով որ հաշիշ էր ցանել Ղարադաղլուում, նա էլ դաշտը շրջապատել էր ականներով` սահմանը խախտողներին դաս տալու համար:
Քանի որ Երեւանի ու Մարտունու միջեւ ուղիղ հեռախոսակապ չկար, Սեդան պիտի հեռաձայներ Պաշտպանության նախարարություն Ստեփանակերտում եւ խնդրեր, որ Մոնթեին հայտնեն իր հետ կապվի: Նա երեկոյան խոսեց իր կնոջ հետ, եւ Սեդան կրկնեց Շիշկոյի նախազգուշացումը: Երբ նա ավարտել էր, գծի մյուս ծայրում լսեց մտածկոտ «հմմ… հմմ»: Ականների մասին լուրը չէր, որ ստիպեց Մոնթեին կարկամել. նա արդեն հայտնաբերել էր վտանգը եւ դաշտն այրելու վերաբերյալ համապատասխան կարգադրություններ արել: Մոնթեն ավելի շատ մտածում էր այն փաստի մասին, որ իր օտարացած ընկեր Շիշկոն նեղություն էր կրել` Սեդային տեղեկացնելու վտանգի մասին:
Մոնթեն տանկով անցավ ականապատ հատվածն ու, մտնելով հաշիշի մեջ, դաշտը կրակ տվեց: Ծուխը բարձրանալու հետ, սակայն, վտանգը միայն աճում էր. դաշտը դեռ ծխում էր, երբ Կոմիտասը հանկարծ կորցրեց Մոնթեի ծառայողական մեքենայի կառավարումը, եւ մի պահ թվաց, թե այն ձորն է ընկնելու ու ջախջախվելու: Կոմիտասն ու Մոնթեն դուրս թռան մեքենայից եւ տեսան, որ անիվներից մեկը համարյա առանցքից անջատված էր: Ինչ-որ մեկը թուլացրել էր անիվը, եւ ով էլ դա արած լիներ, պետք է որ իմանար այն, ինչ գիտեին Մարտունու բոլոր չափահասները. հրամանատարի մեքենան ամեն օր վտանգավոր տեղերով էր անցնում:
Մարտունիում դարձյալ գործում էին նաեւ դիզելի գողերը, իսկ սահմանամերձ փոխհրաձգություններն անդադար շարունակվում էին: Ինչպես միշտ, Մոնթեն գիշերները բավարար չափով չէր քնում, եւ նրան բաժին հասած քունն ընդհատում էին թախտի մոտ դրված հեռախոսների զանգերն ու «ուոքի-թոքիների» խռխռոցը: Նա սկսել էր աչքերն ավելի հիվանդագին թարթել, իսկ աջ ձեռքի ջղաձգումը, որ անցել էր մայիսի վերջին մի քանի օր Երեւանում հանգստանալու շնորհիվ, նորից իրեն զգալ էր տալիս:
Անկառավարելի ստորադասներից մեկի վրա բղավելու մի հատկապես կատաղի նոպայից հետո շտաբի սպաներից մեկը համոզեց Մոնթեին մաքուր օդի դուրս գալ: Վարդան անունով պարսկահայ այդ սպան Մոնթեի հետ դուրս եկավ` շտաբի հետեւի խաղողի այգում զբոսնելու: Նրանք մի քիչ քայլեցին երեկոյան թուլացող արեւի տակ, երբ Մոնթեն նկատեց կապույտ ու նարնջագույն թեւերով մի փոքրիկ թռչուն: Դա սովորական տեսակ էր, բայց այդ մեկն ինչ-որ պատճառով չէր կարողանում թռչել: Մոնթեն բռնեց նրան ու գլուխը շոյեց: Մի խաղաղ ժպիտ կերպանափոխեց նրա դեմքը: Վարդանը առանց բառ ասելու հեռացավ` թողնելով, որ Մոնթեն ծիտիկին գուրգուրի:
Մոնթեի ձայնը տխուր էր, երբ հունիսի 10-ին նա զանգահարեց Սեդային: Նա բացատրեց, որ շտաբի անձնակազմը գարնան բերքը հավաքելու համար գյուղերն էր վերադարձել, իսկ փոխհրամանատար Մոսին իր հիվանդ մորաքրոջը տարել էր Երեւան բուժման: Մոնթեն մենակ էր մնացել շտաբում եւ չէր կարող Երեւան վերադառնալ իր ուզած ժամանակ: Նա կկարողանար արձակուրդ գնալ ամենաշուտը հունիսի 16-ին, չորեքշաբթի: Այդ օրն իրենք մի քանի օրով կանհայտանան` Սեդայի երեսնամյակը նշելու: Նրանք արդեն սենյակ էին պատվիրել Երեւանից 40 մղոն դեպի հյուսիս գտնվող Վանաձոր քաղաքի «Արալեզ» հյուրանոցում, բայց դա գաղտնի էին պահում:
Սեդան իր ամուսնու ձայնի մեջ անհամբերություն զգաց: Չնայած պատերազմի վերջը չէր երեւում, բայց արդեն ժամանակն էր ընտանիք ստեղծելու: Նրանք շուտով միասին էին լինելու, բայց Մոնթեն նախ պիտի մի փոքր գործ գլուխ բերեր:
Հունիսի 11-ի երեկոյան Մոնթեն բաց թողեց ընթրիքը, մի բաժակ մածուն խմեց շտաբի խոհանոցում եւ սովորականից շատ ավելի շուտ պառկեց իր թախտին:
Մի շաբաթ առաջ, 80 մղոն դեպի հյուսիս-արեւմուտք, Սուրաթ Հուսեյնովի 709-րդ գումարտակի մի քանի հարյուր ապստամբ մարտիկներ Գանձակ քաղաքի մոտից սկսել էին իրենց արշավանքն արեւելք` գլխավոր ճանապարհով դեպի Բաքու: Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը Քելբաջարի խայտառակ պարտության պատասխանատուներին վերաբերող վեճի առիթով իջեցրել էր Հուսեյնովի սպայական աստիճանը: Ապա նա զորք էր ուղարկել Գանձակի մոտ գտնվող ապստամբների կայազորի դեմ` պատերազմի ռենեգատ հերոսին բռնելու արյունալի փորձ ձեռնարկելով: Փորձը, սակայն, ձախողվել էր, եւ Հուսեյնովը պատրաստվում էր վրեժ լուծել: Երիտասարդ հրամանատարը երդվել էր Բաքուն գրավել, եթե Էլչիբեյը չթողներ Ադրբեջանի նախագահի պաշտոնը: Վախենալով քաղաքացիական պատերազմից` արեւմտյան նավթային ընկերություններն սկսեցին իրենց աշխատողներին դուրս բերել Բաքվից: Դրանից մի քանի օր հետո Էլչիբեյը պետք է 10 միլիարդ դոլլարանոց պայմանագիր ստորագրեր Ադրբեջանի պետական նավթային ընկերության եւ արեւմտյան կազմակերպությունների միավորման հետ, որի մեջ մտնում էին Amoco, Unocal, BP, Pennzoil ընկերությունները եւ այլ հսկաներ:
Քանի որ թշնամին ժամանակավորապես շեղված էր ու պառակտված, Մոնթեի Մարտունու զինվորները հայացքները դարձրին նույնանուն դաշտում գտնվող Աղդամ ադրբեջանական քաղաքին` նախապատերազմյան 50 հազարանոց բնակչությամբ: Աղդամ շրջկենտրոնն Ադրբեջանի` մեծությամբ երրորդ քաղաքն էր, Բաքվից ու Գանձակից հետո: Պատերազմից առաջ այն հարուստ գյուղատնտեսական քաղաք էր` շատրվաններով, թեյարաններով ու առանձնատներով: Բայց այդ ամենը փոխվել էր վերջին մի քանի տարվա ընթացքում: Պատերազմի սկզբում ադրբեջանական հրետանին Աղդամից ու շրջակայքից դժոխային կրակ էր թափել Ստեփանակերտի եւ ուրիշ հայկական քաղաքների ու գյուղերի վրա, որոնք գտնվում էին հրանոթների ու «Գրադի» հասանելիության սահմաններում: Հետագայում, երբ Արցախի ուժերը գրավեցին Աղդամից մի քանի կիլոմետր արեւմուտք գտնվող բարձունքները, նրանք ադրբեջանցիներին ցուցադրեցին հակառակ ուղղությամբ թափվող դժոխային կրակի իրենց տարբերակը: Արդյունքում երբեմնի` անտառակներով ու այգիներով ծածկված գեղեցիկ քաղաքում այժմ իշխում էին արկերից գոյացած փոսերը, իսկ տներից շատերը դատարկ էին: Եթե Արցախի մարտիկներին հաջողվեր գրավել Աղդամն ու քաղաքի շրջակա դաշտը, նրանք վերջապես կկարողանային Բաքվի գլուխը մտցնել, որ պատերազմը տանուլ է տրված. պետք է վերջ տալ անիմաստ զոհերին եւ ընդունել Արցախի անջատումն Ադրբեջանից:
Հունիսի 12-ի վաղ առավոտյան, հիմնականում հայաբնակ Մարտակերտ քաղաքը քարակույտի վերածած ադրբեջանցիների հարձակումից 1 տարի անց, Կոմիտասը շտաբում ողջունեց իր հրամանատարին: Մոնթեի հագին կանաչ կարճաթեւ շապիկ էր, քողարկաներկված շալվար, տեղական արտադրության սպորտային կոշիկներ եւ մի LED ձեռքի ժամացույց, որ նրան Ֆրանսիայից ուղարկել էր իր ընկերը: Սովորականի պես` նա չուներ ոչ գլխարկ, ոչ որեւէ զարդ` բացի իր ամուսնական մատանուց: Նա երեք խմբով գնաց դեպի Աղդամի դաշտին նայող բարձունքները եւ սկսեց դիրքավորվել մոտ ժամը 3:00-ին` իր նախատեսածից փոքր-ինչ ուշ: Նրա մարտիկներն ու տանկերը պիտի գրոհեին բարձունքների ստորոտում` ադրբեջանական Մերզուլի ավերված գյուղում գտնվող կրակակետերը եւ այդ տարածքից դուրս մղեին թշնամու հրետանավորներին: Իսկ ավելի հեռահար նպատակ էր Աղդամի դաշտում հենակետի ստեղծումը` որպես դատարկված Աղդամ քաղաքը գրավելու առաջին քայլ:
Մոնթեն շրջեց ճակատային դիրքերում` հավաստիանալու համար, որ իր մարտիկները լավ էին հասկացել հրամանները. հրանոթներից ու տանկերից տարածքը ռմբակոծելուց հետո ենթահրամանատարներ Մավոն, Մերուժանն ու Նելսոնը պետք է իրենց մարտիկներին տանեին բարձունքներն ի վար, ապա բաժանվեին համապատասխան ուղղություններով: Մավոյի խումբը 4 տանկով առաջ էր գնալու դեպի Յուսուֆջանլի` Աղդամից 7 կիլոմետր արեւելք գտնվող` 600 տնից բաղկացած գյուղը: Մերուժանի խումբը պիտի առաջանար դեպի Կիամաթլու հարեւան գյուղը, իսկ Նելսոնի խումբը` դեպի Մերզուլի գյուղը: Թիկունքում ունենալով Արցախի զորամիավորումներ արեւմտյան Ասկերանի շրջանից` յուրաքանչյուր խումբ պիտի դուրս մղեր տարածքում մնացած թշնամուն, հետո այրեր գյուղերը` ադրբեջանցիներին պաշտպանությունից զրկելու համար, եթե նրանք փորձեին վերադառնալ ու նորից կրակակետեր գրավել: Իրենց առաջադրանքները կատարելուց հետո խմբերը պիտի հավաքվեին Մերզուլիի խաչմերուկում` նոր հրահանգներ ստանալու:
Մեկ ժամ շարունակ Մոնթեն հրամաններ էր տալիս: Հետո Կոմիտասը նրան, Սարիբեկին ու մի ռադիոօպերատորի տարավ Չեյիլի բարձունքի հրամանատարական դիրքը, որ կոչվում էր «Խրամատ 08»: Նրանք ռադիոկապ հաստատեցին գիշերվա ժամը 3:30-ին: Մոնթեն միշտ նախընտրել էր մարտի ժամանակ ճակատագծում լինել, բայց այդ օրը նա պիտի մնար հրամանատարական դիրքում: Ժամանակն էր, որ նրա մարտիկները սովորեին կռվել առանց ճակատագծում իր առաջնորդության:
Առավոտյան ժամը 4-ին ադրբեջանցի մի հրամանատար զինվորներին արթնացրեց իրենց գիշերային ճամբարում` Գարգար գետի վրայով գցված կամրջի մոտ, դաշտի` Աղդամ քաղաքից ճիշտ արեւելք գտնվող հատվածում: Խմբում մոտ 60 զինվոր կար, նաեւ` 1 տանկ եւ 2 զրահամեքենա` БМП-1 եւ БМП-2: Ադրբեջանցի հրամանատարն իր նորակոչիկներին տեղեկացրեց, որ թշնամին այդ առավոտ գրոհելու է: Նրանք սկսեցին իրենց հանդերձանքը հավաքել:
Մոնթեի հրամանով հրանոթներն ու տանկերը խախտեցին լուսաբացի լռությունը` ջարդվող տախտակների աղմուկ հանելով: Աղդամն ու շրջակա ադրբեջանական գյուղերը ռմբակոծելուց հետո` Մարտունու տանկերն ու զինվորներ տեղափոխող մեքենաներն սկսեցին իրենց սարերից իջնել դեպի թեթեւակի թեքություն ունեցող Աղդամի դաշտը եւ հայտնվեցին երկկողմանի ասֆալտապատ ճանապարհին, որ ոլորվում էր Մերզուլիի լքված մրգատու այգիների ու ցորենի դաշտերի միջով: Մերզուլի չհասած, մի խաչմերուկում, նրանք բաժանվեցին երեք խմբի ու շարժվեցին դեպի իրենց նշանակետերը: Նելսոնի խումբը, առաջնորդող տանկով, հարավից մտավ Մերզուլի: Առավոտյան ժամը 10-ի մոտ Յուսուֆջանլիից ու Կիամաթլուից պարուրաձեւ ծուխ էր բարձրանում: Մավոյի խմբի գրոհի հետեւանքով Յուսուֆջանլիում 5 գյուղացի էին սպանվել:
Բարձունքի վրա իր դիրքից Մոնթեն հոնքերը կիտած նայում էր հեռադիտակով: Նրա ռադիոն խշշում էր ենթահրամանատարների` դաշտից ուղարկած հաղորդագրություններից, բայց հյուսիս-արեւմուտքում` Ասկերանում գտնվող իր զինակիցները որոշ ժամանակ դուրս էին ռադիոծածկույթից: Նրանց տանկերից մեկը կամ ականի էր դիպել, կամ խփվել արկով: Պայթյունի հետեւանքով զոհեր էին եղել, եւ շարասյան առաջխաղացումը խափանվել էր` նախքան նրանք կավարտեին թշնամու զորքերը Մերզուլիից հյուսիս գտնվող տարածքից դուրս մղելը: Քանի դեռ թշնամու ուժերի` մոտակայքում դարանակալելու հավանականությունը կար, Արցախի մարտիկների համար վտանգավոր կլիներ Մերզուլիում դիրքեր գրավելը: Մոնթեն ի վերջո ռադիոյով կապվեց Ասկերանի հետ ու առաջարկեց, որ իր մարտիկներն ավարտեն օպերացիայի իրենց բաժինը: Այդ միջոցին Սարիբեկը մեկնվել էր մոտակա թփերի մեջ` մի քիչ ննջելու:
Գարգար գետի մոտի ճամբարը լքած զորախմբի ադրբեջանցի հրամանատարն իր մարտիկներին ասել էր, եւ դա չէր համապատասխանում իրականությանը, թե Մերզուլի հայեր չէին ներխուժել: Ադրբեջանցի հետախույզների մի խումբ զրահամեքենայով հյուսիս-արեւելքից մտավ Մերզուլի` կտրելով-անցնելով այն տարածքը, որն, ըստ Մոնթեի նախնական ծրագրի, Ասկերանի ուժերը պետք է որ գրաված ու մաքրած լինեին: Երկու կողմերն էլ չիմացան, թե ինչպես, երբ Մերզուլիի միջով անցնող գլխավոր ճանապարհին փոշին նոր էր նստել Նելսոնի տանկի թողած հետքի վրա, ադրբեջանական զրահամեքենան հայտնվեց նույն տեղում` անմիջապես Նելսոնի հետեւից, մի հողե ճանապարհից, որ տանում էր դեպի հյուսիս-արեւելքի դաշտերը: Թեթեւ տանկը պտույտ գործեց ու անցավ մի կարճ տարածություն` մինչեւ գյուղի հարավային ծայրը:
Մերզուլիի հյուսիսային ծայրից Նելսոնը ռադիոյով կապվեց ցլանման ենթահրամանատար Հովիկի հետ` Ճարտար գյուղից, հաղորդելու համար, թե ինքը գրավել է մի տանկ եւ մի բեռնատար զինամթերք: Այս լսելով` Հովիկը դարձավ Մոնթեին ու թույլտվություն խնդրեց` նրա ծառայողական մեքենայով Կոմիտասի հետ դաշտ իջնելու եւ Նելսոնի տեղեկությունը ստուգելու համար: Քանի որ Նելսոնը կտրել-անցել էր Մերզուլիի մի ծայրից մյուսը, թվում էր, թե գյուղ մտնելն անվտանգ է:
– Ո՛չ, մեքենան ինձ պետք է, – առարկեց Մոնթեն:
Հովիկը պնդեց, եւ Մոնթեն ի վերջո զիջեց.
– Լավ, սպասի՛ր. միասին կգնանք:
Մոնթեն էլ, Հովիկի պես, շատ էր ուզում տեսնել, թե ինչ տանկ ու զինամթերք էր գրավվել: Թերեւս բավական ժամանակ կար լուրն ստուգելու համար` նախքան Մոնթեն Մերզուլիում կմիանար իր երեք խմբերին` առաջանալու եւ գյուղից հյուսիս ընկած դաշտերը մաքրելու համար, ինչն Ասկերանի մարտիկներին չէր հաջողվել:
Արեւն ուղիղ գլխավերեւում էր, երբ Հովիկը, Մոնթեն ու Վարդան անունով սպան` Իրանից, Կոմիտասի հետ նստեցին մեքենան եւ շարժվեցին գորշա-դարչնագույն դաշտով` այն ճանապարհով, որով հենց նոր անցել էին իրենց տանկերը: Այդ պահին Սարիբեկն արթնացավ: Երբ նա գլխի ընկավ, որ Մոնթեն ու մյուսներն առանց իրեն էին գնացել, վերցրեց «ուոքի-թոքին», կապվեց Կոմիտասի հետ եւ ասաց, որ ուզում է միանալ նրանց: Մինչ ծառայողական մեքենան իջնում էր լանջով, Կոմիտասը կողքից նայեց Մոնթեին: Մոնթեն լսել էր Սարիբեկի` ռադիոյով խռխռացող խնդրանքը, բայց ոչինչ չասաց: Կոմիտասը մեքենան կանգնեցրեց եւ սպասեց, մինչեւ որ Սարիբեկը սարն ի վար վազելով իրենց կհասներ: Երբ նա շնչակտուր մտավ մեքենան, նրանք շարունակեցին իրենց վայրէջքը դեպի Մերզուլի:
Լեռների ստորոտում նրանք վերցրին Սարո Երեմյանին` խոշոր աչքերով մի ենթահրամանատարի, որը քիչ առաջ մասնավոր մեքենայով անցել էր դաշտով` Մոնթեի Alinco «մայր» ռադիոյի համար մարտկոցներ բերելու: Կոմիտասը ծառայողական մեքենան ուղղեց դեպի դաշտի միջով հյուսիս` Մերզուլի թեքվող ճանապահը: Այժմ նա 5 ուղեւոր ուներ` Սարոն, Սարիբեկը, Վարդանը, Հովիկն ու Մոնթեն: Մոտենալով Մերզուլիից հարավ գտնվող մի տրակտորակայանի` նրանք դանդաղեցրին ընթացքը, որպեսզի ողջունեն Մերուժանին ու մարտիկների մի փոքր խմբի, որոնք հավաքվել էին ճամփեզրին կանգնած մի զրահամեքենայի շուրջը: Մերուժանի մարտիկները թաքցրին նոր սպանած օձին, որպեսզի այդ արարածի տեսքը Մոնթեին չզայրացնի: Մարտունու զինվորները գիտեին, որ նույնիսկ ծխածածկ մարտադաշտում պետք չէր հրամանատար Ավոյի համբերությունը փորձել անիմաստ սպանությամբ:
Մինչ Մոնթեն շնորհավորում էր Մերուժանին հաջողված օպերացիայի առիթով, հակառակ կողմից դեպի իրենց սլացավ մի եռառանցք բեռնատար: Մոնթեն դուրս ցատկեց իր ծառայողական մեքենայից եւ նշան արեց, որ բեռնատարը կանգնի: Պարզվեց, որ այն տանում էր թշնամուց գրավված զինամթերք, այդ թվում` 25 տանկի արկ: Սա չէ՞ր արդյոք Նելսոնի ասած զինամթերքը: Քիչ առաջ բեռնատարը մի քանի մետր հեռավորության վրա անցել էր մոտ 1 կիլոմետր ճանապարհն ի վեր, մի խաչմերուկի մոտ կանգնած զրահամեքենայի կողքով: Երկու կողմերն էլ` բեռնատարի մեջ գտնվող հայերն ու զրահամեքենայի անձնակազմը, պետք է որ ենթադրած լինեին, թե մյուս մեքենայի մեջ բարեկամական ուժեր են:
Մոնթեն Մերուժանին հրահանգեց իր տանկերից երկուսը վերալիցքավորել գրավված արկերով, որպեսզի դրանք իրենց առաջնորդեն դեպի Մերզուլի, եւ հետո իրենք առաջանան եւս 2-3 կիլոմետր հյուսիս-արեւմուտք` Գարգար գետի ուղղությամբ: Մոնթեն ենթադրեց, որ թշնամին կարող էր տարածք թափանցել հենց այդ կողմից: Տանկերի մեջ, սակայն, քիչ վառելիք կար, ուստի Մերուժանի մարդիկ նախ պիտի վերադառնային Մարտունի` բաքերը լցնելու, իսկ հետո հասնեին Մոնթեի ծառայողական մեքենային Մերզուլիում:
Ցերեկվա մոտ 14:00-ն էր, երբ ծառայողական մեքենան իր 6 ուղեւորներով անցավ Մերզուլիի ծայրամասի առաջին տների մոտով եւ մոտեցավ տատասկափշերով ու եղեսպակով եզերված մի խաչմերուկի: Հանկարծ, երբ նրանք անցնում էին մի քարե ցանկապատի մոտով, տեսադաշտում հայտնվեց մի БМП-1: Թեթեւ տանկը կանգնած էր ճանապարհից ճյուղավորվող մի խճապատ հատվածում` մոտ 20 մետր հեռավորության վրա: Քողարկաներկված անծանոթ համազգեստով 3-4 զինվոր փռված էին տանկի վրա, եւ մի քանիսն էլ պտտվում էին շուրջը:
Կոմիտասը դանդաղեցրեց ընթացքը, իսկ Մոնթեն հարցրեց.
– Ասոնք ո՞վ են:
Քանի որ Մարտունու շտաբը БМП-1 չուներ, Կոմիտասը ենթադրեց, թե մարտիկներն ու զրահամեքենան օժանդակ ուժեր էին Ասկերանից, իսկ Սարոն կարծեց, որ նրանք Բերդաշենից էին: Կոմիտասը մեքենան կանգնեցրեց ճանապարհի մեջտեղում եւ իջավ` բնազդաբար վերցնելով իր ինքնաձիգը: Մոնթեն էլ դուրս եկավ` մեքենայի դիմացով անցնելով դեպի վարորդի կողմը: Տանկի շուրջը պարապ կանգնած երիտասարդ զինվորները քիչ ուշադրություն դարձրին նրանց վրա: Կոմիտասն իր սիրելի զինվորական վերնաշապիկով էր, որ ռազմավար էր` ուսի վրա Ադրբեջանի դրոշով: Նա քայլեց դեպի խմբից մի քանի մետր այն կողմ` քարե պատի մոտ կանգնած զինվորը եւ տեղական բարբառով բղավեց.
– Էլլի՛ արի էստեղ:
Զինվորը շփոթված դեմքով մի քայլ հետ գնաց:
Կոմիտասի աչքերը բոցավառվեցին.
– Տղե՛րք, սրանք թուրքե՜ր են, – գոռաց նա, լիցքավորեց ինքնաձիգն ու կրակահերթ արձակեց զինվորների վրա, որոնք վազեցին` տանկի հետեւում թաքնվելու: Մյուս 4 հայ ուղեւորները դուրս թռան ծառայողական մեքենայից` փորձելով թաքնվել արճիճի տարափից:
Թե ինչ պատահեց հաջորդ մի քանի վայրկյանների ընթացքում` լիովին պարզ չէ. վկայությունների մանրամասները տարբերվում են: Սարոն պնդում էր, թե թշնամու 3-4 մարտիկ ընկել էին գետնին, եւ Կոմիտասը հաստատում էր, որ ինքն էլ տեսել է մի քանի տապալվող մարմին: Մոնթեն, թաքստոց գտնելու համար հետ-հետ գնալիս, կարող էր կրակած լինել իր «կալաշնիկովից», կամ` պառկած լինել ճանապարհին, որպեսզի իրեն չխփեն, եւ հետո կրակել:
Մինչ ադրբեջանցի զինվորները ծառայողական մեքենան մաղ էին դարձնում, Սարոն ու մյուսներն էլ էին կրակում` դրանով բացահայտելով իրենց դիրքերը: Թշնամու զինվորները կրկին նշան բռնեցին եւ երեք անգամ վիրավորեցին Սարոյին` թեւից ու մեջքից: Նա սողալով հասավ ճանապարհի արեւելյան կողմում գտնվող առվին ու մարմինը սեղմեց գետնին: Այդ ժամանակ թշնամու տանկի հրետանավորն արդեն լիցքավորել էր իր հարթափող հրանոթն ու նշան բռնել: Սուլելով ինչպես գնացքը երկար թունելի մեջ` 73 միլիմետրանոց մի արկ թռավ ծառայողական մեքենայի վրայով եւ պայթեց` ճանապարհի մյուս կողմում գտնվող սպիտակ քարե պատնեշի մեջ անցք բացելով ու փոշու ամպ բարձրացնելով:
Երբ Կոմիտասը նետվեց` մի քարե պատի ետեւում թաքնվելու, երկրորդ արկը դիպավ պատի անկյունին ու նրան գետին տապալեց: Հետ նայելով պտտվող փոշու միջով` նա փնտրեց Մոնթեին: Հանկարծ Կոմիտասը նկատեց Մոնթեին` 10 մետր այն կողմ աջ կողքի վրա պառկած, ծառայողական մեքենայից մի քանի քայլ հետ: Նա անշարժ էր:
Կոմիտասը մի քանի քայլ վազեց դեպի Մոնթեն, բայց ձախ ծունկը չէր ենթարկվում, եւ մի այրող ցավ խոցեց նրա ազդրը: Կոմիտասի ծնկին բեկոր էր դիպել: Նա Հովիկին կանչեց, որ գա տեսնի, թե ինչ է պատահել Մոնթեին, հետո սողալով մտավ թշնամու տանկից մի քանի մետրի վրա, քարե պատի ու ճանապարհի միջեւ գտնվող ծանծաղ առվի մեջ ու փորձեց ծածկվել չոր խոտով:
Հովիկը նույնպես մի ոտքից վիրավոր էր, բայց դա չխանգարեց հսկա մարտիկին` կաղեկաղ վազել ճանապարհի մեջտեղը` ուղիղ БМП-1-ի առաջ, Մոնթեին կրակագծից դուրս բերելու համար: Հասնելով նրան` Հովիկը հրամանատարին դեմքի խաղաղ արտահայտությամբ պառկած տեսավ: Նա Մոնթեին ուսերից բարձրացրեց, որպեսզի հանի նրա «ուոքի-թոքիի» փոկը, բայց ցած գցեց` տեսնելով ուղիղ աջ ականջի վերեւում ճակատի ջախջախված մասն ու գլխի տակ լճացած թանձր արյունը: Արկի մի մեծ բեկոր էր դիպել նրան հետեւից, հավանաբար` աջ ուսի վրայով, երբ նա մեջքը պատին դարձրած նայել էր ադրբեջանական տանկին (կամ բեկորը, ծառայողական մեքենայի հետեւում գտնվող քարե պատից հետադարձվելով, դիպել էր նրան ձախ ուսի վրայով, երբ նա մի պահ գլուխը շրջել էր դեպի պատը):
Հովիկը ճանապարհի մեջտեղում կանգնած ողբում էր.
– Ավոն չկա՜:
«Նա մի տեսակ մոռացել էր թշնամու մասին, – 4 տարի անց Սեդային պատմում էր Վարդանը. – կանգնել էր ճանապարհի մեջտեղում ու հեկեկում, գոռում էր: Ես երբեք չեմ մոռանա այդ ձայնը»:
– Սպանե՛ք ինձ, – տնքում էր Սարոն:
Հովիկը Մոնթեի ուսից հանեց Alinco ռադիոն, որի մեջ, լալով եւ հետ ու առաջ ճոճվելով, գոռում էր.
– Մեզ օգնությու՜ն է պետք:
Ռադիոյի խշշոցի միջից լսվեց Նելսոնի ձայնը.
– Ես ճանապարհին եմ:
Ադրբեջանցիները շարունակում էին կրակել, իսկ ծառայողական մեքենայի մեջ գտնվող հիմնական ռադիոն անդադար խռխռում էր` ինչպես կռվի ողջ ընթացքում: Ի վերջո, երեւի մոտ 15 րոպե անց, БМП-1-ն առաջ թեքվեց ու դեպքի վայրը լքեց` ճանապարհի վրա արագություն հավաքելով եւ հետո շրջադարձ կատարելով դեպի հողե ճանապարհը, որ տանում էր հյուսիս-արեւելք` ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածք:
Մարտունու վիրավոր զինվորներն անշարժ մնացին` սպասելով խոստացված օգնությանը: 5-10 րոպե անց նրանք թրթուրի շռինդ լսեցին, որ մոտենում էր այն կողմից, ուր քիչ առաջ անհետացել էր БМП-1-ը: Դա թշնամու մեկ այլ զրահամեքենա էր, այս անգամ` БМП-2. առանց շարժիչն անջատելու` այն կանգ առավ քարե պատից ոչ հեռու գտնվող խճապատ հատվածում, ճիշտ այնտեղ, ուր նրանք տեսել էին առաջին զրահամեքենան: Հանկարծ մոտ 20 թշնամու հետեւակային հովհարաձեւ շրջապատեցին БМП-2-ը, եւ Սարոյին թվաց, թե մի զինվոր թուրքերեն բղավեց.
– Վե՜րջ, դուք մե՜րն եք:
Մի քանի` երկար թվացած րոպեներից հետո Կոմիտասն զգաց, թե ինչպես է գետինը դողում մեկ այլ մոտեցող տանկի թրթուրներից, այս անգամ` հարավից, հայկական կողմից: Ադրբեջանական տանկի հրամանատարը կարգադրեց հեռանալ, եւ նրանք նահանջեցին առաջին զրահամեքենայի գնացած ուղղությամբ, երբ մի շարասյուն, որի մեջ կային նաեւ երկու БМП, հակառակ կողմից մոտեցավ խաչմերուկին: Դրանցից մեկի վրայից ցած թռավ Աբոն ու վազեց դեպի Կոմիտասը, իսկ թշնամին նահանջելիս կրակում էր ինքնաձիգներից, թեթեւ գնդացիրներից եւ նռանականետերից:
– Ավոն մեռած է, – տնքաց Կոմիտասը` երբ Աբոն նրան մի քանի մետր քարշ էր տալիս դեղին խոտի միջով, դեպի մոտակա փոքր ծառի ստվերը:
Մինչ Աբոն իր ինքնաձիգի ու ճկուն վիրակապի օգնությամբ բեկակալ էր ամրացնում Կոմիտասի ոտքին, Մարտունու եւս 4 տանկ եկան: Վարդանը մի թաշկինակ փռեց Մոնթեի երեսին եւ օգնեց Աբոյին մարմինը տանկի մեջ բարձրացնել:
Այդ ընթացքում Մարտունու զինվորները գտան Սարիբեկին, որ հենվել էր մի նռնենու եւ նռնակ սեղմել ձեռքում: Նրա ինքնաձիգի փողը դեռ տաք էր: Սարիբեկի որովայնի մեջ արկաբեկոր էր մտել, ու նա արյուն էր կորցնում ոտքին դիպած փամփուշտի անցքից: Երբ Մարտունու զրահամեքենան նրան հիվանդանոց էր տանում, նա հայհոյում էր, ջուր աղերսում ու հեծեծում.
– Այրո՜ւմ է:
Երբ հասան Մարտունու մանկապարտեզի նկուղում գտնվող հիվանդանոցը, Սարիբեկը գիտակցությունը կորցրել էր: Դրանից քիչ անց նա մեռավ արյան կորստից` հինգ երեխաներին թողնելով անհայր, իսկ աղքատացած ընտանիքը` առանց կերակրողի:
Մարտունու հիվանդանոցի առաջ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել` սպասելով շտապ օգնության մեքենայի ժամանմանը: Նրանց մեջ էր Սարիբեկի կինը` Լիլիան: Նրա զինվոր եղբայրն ասել էր նրան Սարիբեկի վիրավորվելու մասին, բայց Լիլիան չգիտեր, որ Մոնթեն սպանվել է: Վերջապես, ժամը 17-ի մոտ, շտապ օգնությունը կանգ առավ հիվանդանոցի մուտքի առջեւ` բերելով այդ օրը Մերզուլիից տեղափոխված վերջին մարմինը: Բժիշկները լայն բացեցին մեքենայի դռներն ու մի պատգարակ դուրս քաշեցին` վրան սպիտակ շորով ծածկված մարմին: Մեկը շորը հետ քաշեց, եւ Լիլիան ուշաթափվեց:
Այդ օրը Սեդան արթնացել էր արեւի շլացուցիչ շողերից, որոնք ներս էին թափանցել Երեւանի հանրակացարանի իր պատուհանից: Ժամեր անց, երբ նա մասնակցում էր մի ընկերոջ հոգեհանգստին, մեկը հոգոց հանեց.
– Ամբողջ աշխարհը սուտ է:
– Ինձ համար` ո՛չ, – առարկեց Սեդան, – ես ունեմ Մոնթեին:
Երբ, սենյակ վերադառնալով, նա տեսավ իրեն սպասող Հարոյանին` գլխարկը թեւի տակ դրած. նրա շունչը կտրվեց:
– Ո՞ւր է Մոնթեն, – հարցրեց նա:
– Նա վիրավորված է:
– Վիրավորվա՞ծ:
– Ծանր վիրավորված, գլխից:
Սեդան կոպերն ընկան.
– Կարող եք ինձ ասել:
– Նա մեռած է:
Նրա հաջորդ հարցը նույնն էր, ինչ իմը. ո՞վ էր սպանել նրան:
Սեդան հիշեց մի նամակ, որ ամուսինը գրել էր իրեն բանտից. «Ես գիտեմ, որ եթե ինձ ոչինչ չպատահի իմ աշխատանքի ժամանակ, գուցե եւ երկար կապրեմ»: 1978-ին գրած մի կարճ հոդվածում, սակայն, նա մի տող էր մեջբերել Շահան Շահնուրից, որտեղ գրողն ասում է, թե հայերը, որպես արեւելցիներ, հավատում են ճակատագրին: Ծեր հասակում մեռնելը Մոնթեի «ճակատին գրված չէր»:
Հաջորդ առավոտ, հունիսի 13-ին, Սեդան ուղղաթիռով թռավ Մարտունի: Այնտեղ ամբողջ քաղաքը խցկվել էր թատրոնի դահլիճը, որտեղ Մոնթեն` իրենց Ավոն, լրիվ հանդերձանքով պառկած էր բեմի վրա` անմշակ փայտից պատրաստված ծանծաղ դագաղի մեջ, ճակատը սպիտակ մարլայով կապած: Գլխաշորերով սեւազգեստ կանայք ողբում էին.
– Ավո՜, վա՜յ, վա՜յ, վա՜յ… վա՜յ, Ավո ջան, վա՜յ:
Որոշ տեղացիներ աղաչում էին Սեդային` Մոնթեին հետ չտանել Երեւան, այլ թաղել Մարտունիում: Նա մեռել էր որպես Մարտունու համար կռված զինվոր, իսկ այնտեղի ժողովուրդն իր զինվորներին թաղում է հարազատ հողում, ոչ հեռու գերեզմանոցներում: Կային այնպիսիք, որ հավատում էին, թե նրա աճյունը, սրբի մասունքների պես, կպաշտպանի չարիքից: Սեդան գլուխն օրորում էր. Մոնթեն պիտի թաղվի Երեւանում` Հայաստանի մայրաքաղաքում:
Հրամանատարի զինվորները նրա բաց դագաղը սահեցրին ուղղաթիռի մեջ, հետո կափարիչը մտցրին: Բարձրանալիս ուղղաթիռն ուժեղ քամի առաջացրեց, հետո երեք անգամ ժամացույցի սլաքի` կյանքի ուղղությամբ պտույտ գործեց դաշտում հավաքված սգավորների գլխավերեւում եւ ուղղություն վերցրեց արեւմուտք` դեպի Երեւան:
Երբ ուղղաթիռը մի ժամ հետո վայրէջք կատարեց Երեւանում, ինչ-որ մեկը հետեւից մոտեցավ Սեդային ու գրկեց նրան: Նույնիսկ շրջվելուց առաջ նա գիտեր, որ դա Շիշկոն է: Նա դեմքն իջեցրեց Սեդայի ուսին ու հեկեկաց:
Մեր մայրը, հայրը, Մոնթեի մանկության ընկեր Ջոելն ու ես ամսի 17-ին Փարիզի հերթական թռիչքով առանց մուտքի արտոնագրերի եկանք Երեւան: Մայլեն այնտեղ միացավ մեզ` գալով Մոսկվայով: Երեւանում մենք հանդիպեցինք Մոնթեի փարիզյան հին ընկերներին, որոնց թվում էր Արա Թորանյանը:
Հաջորդ օրվա այցելությունը դիարան պատասխան տվեց այն հարցերից մեկին, որոնք զբաղեցրել էին իմ միտքը` 5 օր առաջ գույժը հեռախոսով Մայլեից լսելուց ի վեր. տանջվե՞լ էր Մոնթեն մեռնելուց առաջ: Նրա հոնքի վերեւի փոսը խորն էր` ձգվելով ճակատից մինչեւ ականջի հետեւը: Ախտաբան մասնագետի համար դժվար չէր որոշելը, որ նա կամ միանգամից էր մահացել, կամ մի քանի վայրկյանի ընթացքում: Սա հանգստացնող լուր էր, ինչպես նաեւ Սեդայի տեղեկությունն այն մասին, որ նա մարմինը զննելու ժամանակ խոշտանգման նշաններ էր փնտրել, բայց չէր գտել:
Բայց ինձ նաեւ ուրիշ զգացում էր համակել` dռjՈ vu-ի զգացումը. եղբորս ճակատի վերքն այն նույն վերքն էր, որ 12 տարի առաջ հայտնվում էր իմ գիշերային մղձավանջներում, երբ գնդակների տարափի տակ Մոնթեն դանդաղ կծկվում էր, իսկ իմ գլխում ծագում էր անտանելի միտքը` մենք մեռնում ենք շների նման:
– Ինչպիսի՜ կորուստ, – անգլերեն հառաչեց մեր մայրը, երբ իր համար անհասկանալի լեզվով ցավակցություններ լսեց սգավորների հերթական պատվիրակությունից: – Երբ մտածում եմ, թե ինչ կարող էր նա արած լինել որպես հնագետ…
Այս խոսքի վրա Ջոելը մի հեգնական ժպիտ ուղղեց ինձ.
– Այո՛, նա կարող էր իսկապես մեծ մարդ լինել…
Թաղման օրը` հունիսի 19-ի լուսաբացին, մենք, դիակառքին հետեւելով, դիարանից գնացինք մի փոքր քարե տուն` Բաղրամյան պողոտայից ոչ հեռու, հողե փողոցի վրա: Մինչ այդ ես չէի տեսել նշանավոր տունը, որ Մոնթեն նկարագրել էր այնպիսի պատկառանքով, կարծես դա մի պալատ լիներ: Ուստի ես զարմացա, երբ մտա մի քանի պստլիկ սենյակ պատնեշող քարակույտի նման մի տեղ: Տունը ոչ հոսող ջուր ուներ, ոչ ջեռուցում, բայց խոհանոցի պատուհանն իրոք Արարատ լեռան համար իբրեւ շրջանակ էր ծառայում:
Մոնթեի կոպիտ փայտե դագաղը դրված էր սեղանին, ամենամեծ սենյակում: Մարմինը ռազմահագուստով էր, ձեռքերն` ավանդույթի համաձայն խաչված կրծքին: Այդ ձեռքերը շատ ծանոթ էին, շատ երիտասարդ ու փափուկ, որպեսզի դիակի ձեռքեր լինեին: Բնազդաբար ձեռքս դրանց վրա դրեցի, բայց թեւիս միջով մի սառնություն անցավ. դրանք քարի պես սառն էին:
Մեր հայրն ամբողջ առավոտ հանգիստ էր: Նա տանջված ու նիհարած տեսք ուներ: Շրջվելով դագաղից` նա անգլերեն ասաց Մայլեին ու ինքն իրեն.
– Սա մարդուն ոչնչացնում է:
Ջոելը ձեռքում բռնած կովբոյական գլխարկի ժապավենից դուրս քաշեց կարմրապոչ բազեի երկար փետուրն ու դրեց դագաղի մեջ: Խշխշան զինվորական համազգեստով դագաղակիրներն այն բարձրացրին իրենց ուսերին ու դուրս բերեցին տան դիմացի փողոցը: Նրանք դագաղը երեք անգամ պտտեցրին ժամացույցի սլաքի ուղղությամբ ու սահեցրին դիակառքի մեջ` տնից գերեզման վերջին ուղեւորության համար` մի կարճ ուղեւորություն, որ տեւելու էր օրվա մեծ մասը:
Արեւն այդ օրը չափազանց ուժեղ էր այրում փողկապ կապելու համար, բայց մեր հայրը, ես ու Ջոելն այնուամենայնիվ փողկապներով էինք: Սեւ զգեստ չունենալով` մեր մայրը մուգ կապույտ էր հագել: Մայլեն պետք է սեւ շորով մի օր դիմանար: Ավելի անտարբերությունից, քան ավանդույթը հարգելով` ես չէի սափրվել Չիկագոյից մեկնելուց ի վեր: Միայն ավելի ուշ հասկացա, որ ես նույն կոստյումով էի, ինչ եղբորս հարսանիքին 2 տարի առաջ:
Սովորույթի համաձայն` դագաղի կափարիչը չպիտի փակվեր, մինչեւ այն իջեցնեին գերեզմանի մեջ: Ես գիտեի, որ թաղումը լինելու է օրվա ամենաշոգ ժամերին, եւ անհանգիստ էի` կդիմանա՞ արդյոք եղբորս մարմինը: Լսել էի ուրիշ նահատակների թաղումների պատմություններ, երբ դիակներն այնքան քայքայված էին եղել, որ սգացողները ործկացել էին արցունքների միջից: Այդ առավոտ դիարանի աշխատող մի կին գալիս էր Մոնթեի դագաղի հետեւից` պարբերաբար նրա դեմքին քսելով մի տեսակ փոշի, որ նա հանում էր փոքր մետաղե տուփից: Ինչպես պարզվելու էր, փոշու կարիքը չկար, քանի որ երկար շոգ օրվա ընթացքում Մոնթեի մաշկը չսմքեց ու չծածկվեց բծերով:
Երբ մտանք «Սպայի տուն», մի քանի դուդուկ սկսեցին նվագել «Սիրեցի, յարս տարան»: Գնդապետ Հարոյանն ու թաղման հանձնաժողովը հոգացել էին երաժշտության եւ իրենց ընկերոջ հուղարկավորության հետ կապված բոլոր մանրամասների մասին: Քելբաջարի գրոհի գաղտնի առաջնորդ գեներալ Դարիբալթայանը համարյա աննկատ մտավ դահլիճ ու գլխարկը հանեց: Աբոն, Մասիս Հրայրը, Մոսին եւ ուրիշ մարտիկներ հրաժեշտ տվեցին իրենց հեռացող հրամանատարին:
Մոնթեի մահից հետո հայրենակիցներն սկսեցին նրան կոչել «զորավար Ավո» պատվավոր անունով: Իր կյանքի ընթացքում, սակայն, Մոնթեն երբեք չհասավ նույնիսկ լիարժեք գնդապետի աստիճանին: Մեռնելուց 2-3 շաբաթ առաջ, մայիսի վերջին, Սեդան լսեց, որ «Պաշտպանության կոմիտեն» Ստեփանակերտում իր ամուսնուն փոխգնդապետի աստիճանի էր արժանացրել: Երբ Սեդան լուրը հայտնեց Մոնթեին, նա ուսերը թոթվեց ու ասաց.
– Ինձ համար մեծ տարբերություն չի լինելու:
Նա այդ աստիճանն առաջին անգամ չէր ստանում. մոտ 10 տարի առաջ Լիբանանում Զահեր ալ-Խաթիբը Մոնթեին «Աշխատավորների լիգայի» աշխարհազորայինների փոխգնդապետի աստիճան էր շնորհել:
Դուդուկները միապաղաղ ողբում էին: Երկու զինվոր կարմիր մեխակների մի պսակ հենեցին դագաղի պատվանդանին: Բեյրութից պատվիրված պսակի վրա ֆրանսերեն մակագրություն կար. «Քո հին ընկեր Ալեքից»:
Իմ հաշվարկով` այդ առավոտ ու կեսօրին սգո շարասյունով լուռ անցան մոտ 12000 հոգի, մեծ մասամբ` տանջահար տեսքով հասարակ ժողովուրդ: Կոստյումներ չունենալով` նրանք այդ շոգին հնամաշ սվիտերներ էին հագել, եւ ներկայանալի սպիտակ վերնաշապիկներ չունենալով` նրանք հագել էին իրենց լավագույն կարճաթեւ շապիկները: Հայաստանի նախագահը, փոխնախագահը, նրանց նախարարները, խորհրդարանի պատգամավորներ, ռուս սպաներ` բոլորն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հրամանատարին: Լուռ ու հանգիստ էին նույնիսկ գրկի մանուկները:
Մոտ 2 ժամ անց Պաշտպանության նախարարության մի սպա մեր շարքում նստած հարազատներին ու ընկերներին ուղեկցեց դահլիճի հետեւում գտնվող մի սենյակ` թեյի: Երբ մոտ 20 րոպեից մենք վերադարձանք մեր տեղերը, իմացանք, որ ԱՄՆ-ի դեսպան Հարրի Գիլմորն այդ ընթացքում երեւացել էր ու գնացել: Ես կասկածեցի, թե մանրամասների հանդեպ միշտ բծախնդիր գնդապետ Հարոյանն էր կազմակերպել մեր չհանդիպելը, որպեսզի այդ օրը որեւէ անհարմար իրավիճակ չստեղծվեր: Գլխումս ուրիշ միտք էլ ծագեց. որ դա դեսպանի վերջին հնարավորությունն էր` դագաղին մի հայացք գցելու եւ «Հետախուզության դաշնային բյուրոյին» (FBI) Մոնթեի մահը հավաստելու:
Մոտ ժամը 2-ին մենք պատվո պահակախմբի ու դագաղակիրների հետեւից «Սպայի տնից» դուրս եկանք կիզիչ արեւի լույսի տակ: Ես աչքերս կկոցած նայեցի Հանրապետության Հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց: Դագաղը զրահամեքենայով տարան դեպի 17-րդ դարի Սուրբ Զորավոր եկեղեցի` վերջին արարողությունը կատարելու համար, իսկ այնտեղից` սգավորներով եզերված փողոցներով, դեպի Եռաբլուրի զինվորական գերեզմանոցը: Պատերազմի սկզբից ի վեր այստեղ երիտասարդներ էին գալիս` Արցախի ռազմաճակատներ մեկնելուց առաջ իրենց համար գերեզմանի տեղ ընտրելու:
Բլրի գագաթին մի միայնակ դուդուկ էր հնչում բաց գերեզմանի վրա, խունկը ծխում էր, եւ սեւազգեստ կանայք` լալիս ու բարձրաձայն ողբում: Մեխակներն ու վարդերը, որ սգավորները կիտել էին գերեզմանաթմբի վրա, թառամում էին արեւի տակ: Մի խաչ տարուբերելով` քահանան կրկնեց հինգերորդ դարի պատմիչ Եղիշեի խոսքերը. «Մահ իմացեալ անմահութիւն է»:
Ես չգիտեմ` ինչպիսի թաղում էր սպասում մեր մայրը, բայց այդ օրը նա ցնցված էր: Այն բոլոր տարիների ընթացքում, երբ իր որդին ընդհատակում էր, բանտում կամ փախուստի մեջ, նա իր «ծաղկի ակումբում» քիչ բան կարող էր պատմել անշարժ գույքի գործակալների եւ իրավաբանների հպարտ մայրերին: Բայց հիմա, գերեզման իջնելով, որդին վերջապես վերահաստատեց իրեն մոր աչքում. կարմիր գորգեր, ուսադիրներ, բարձր քայլքով պատվո պահակախումբ, հյուրեր 9 երկրներից, շքանշաններով գեներալներ, լավ կարված կոստյումներով ալեհեր պաշտոնյաներ, հեռուստախցիկներ, լվացված ու փոսերը շտապ լցված փողոցներ, իսկ ամենից առաջ` սգավորների անվերջանալի հոսք: Այս ամենը վկայում էին, որ, գոնե մահվանից հետո, իր որդին այլեւս դատապարտված ահաբեկիչ չէր. նա ազգային հերոս էր, ինչպես այժմ սովորել էր ասել մեր մայրը:
Սեդան Մարտունուց բերած մի բուռ հող լցրեց դագաղի մեջ, հետո Մոնթեի զինվորները փակեցին կափարիչն ու նրան իջեցրին այն հողի մեջ, որի պաշտպանության համար նա զոհվել էր: Բաց գերեզմանից փոշի էր բարձրանում: Կիզիչ արեւի տակ կանգնած, շրջապատված հարյուրավոր այլ գերեզմաններով եւ որպես վառելիք կտրված ծառերի կոճղերով` գլխիս մեջ արձագանքեց գնդապետ Հարոյանի ցածր ձայնը.
– Թող Հայաստանի օրհնված հողը թեթեւ լինի քո աճյունի վրա:
Հաջորդ առավոտ մենք թռչում էինք սարերի ու ձորերի վրայով` մի հեւացող, հնամաշ МИ-8-ով, որ գերբեռնված էր մարտիկներով, վզին խաչ կախած մի պոռնիկով եւ մոտ 250 գալոն բենզինով: Ներքեւում կռիվ էր գնում Մարտակերտի ավերակների համար: Միաժամանակ, 150 մղոն դեպի արեւելք, Սուրաթ Հուսեյնովի ապստամբ բանակը, շարժվելով ճակատամարտի հակառակ ուղղությամբ, գտնվում էր Բաքվից 5 մղոն հեռավորության վրա: 2 օր առաջ, երբ Մոնթեն դեռ թաղված չէր, Ադրբեջանի քննադատված նախագահ Էլչիբեյը Բաքվից փախել էր իր հարազատ Քելեքի գյուղը մեկուսացված Նախիջեւանում` իրանական սահմանի մոտ: Նա պաշտոնավարեց մեկ տարուց մի օր պակաս: Մինչ այդ Շուշիում եւ Լաչինում ադրբեջանցիների պարտությունը գահընկեց էր արել նախագահ Մութալիբովին եւ իշխանության բերել Էլչիբեյին: Այժմ Քելբաջարի ջախջախիչ պարտությունը գահընկեց էր արել նախագահ Էլչիբեյին եւ ճանապարհ հարթել նրա ախոյանի` նախկին խորհրդային խորամանկ պաշտոնյա Հեյդար Ալի-Ռեզա Ալիեւի վերադարձի համար: Այսպիսով, Քելբաջարի գրոհի հրամանատար Մոնթեն Աբուլֆազ Էլչիբեյի` Կովկասում Անկարայի ու Վաշինգտոնի ապավենի անկման մեջ նույնքան ներդրում ուներ, որքան մյուսները` Հուսեյնովը, Ալիեւը կամ Կրեմլի որեւէ գեներալ:
Երբ հասանք Մարտունու շտաբ, այն բուֆետում, որտեղ հրամանատարը սնվել էր, նրա համար մի դատարկ աթոռ, ափսե ու բաժակ էր դրված: Ծալովի մահճակալի կողքի պահարանիկի վրա Մաքիավելլու «Իշխանի»` թղթե կազմով մի հրատարակություն կար, նաեւ` Սուն Ցուի «Պատերազմի արվեստի» ֆրանսերեն մի քրքրված օրինակ: Աշխատասենյակի գրասեղանին, հսկայական ռազմական քարտեզի տակ, որի վրա Մոնթեն նոր սահմաններ էր գծել, նրա արյունոտ համազգեստն էր` խնամքով ծալված: Համազգեստի կողքը դրված էր արկի` աներեւակայելիորեն մեծ մի ոլորաձեւ բեկոր` մարլայով փաթաթված: Երեւանում սգավորները լեզուները ճտտացնելով հոգոց էին հանում. «Եթե նա սաղավարտ դրած լիներ…»: Սակայն, զննելով բեկորը, ես մտածեցի, որ մի շաբաթ առաջ Մերզուլիի խաչմերուկում գլխին սաղավարտ չունենալը բարեբախտություն էր. շեղելով այսքան խոշոր բեկորի հարվածը` սաղավարտը միայն կերկարաձգեր նրա տառապանքը:
Գնդապետ Հարոյանը հաստատեց այն լուրը, որ իմ եղբորը սպանած զորախմբի անդամներից մեկը գերի էր ընկել Մոնթեի մահվան օրը, եւ որ նրան պահում էին Մարտունու բանտում: Հաջորդ առավոտ Սեդան ու ես հանդիպեցինք Հարոյանին քաղաքային բանտի մոտ: Մենք չգիտեինք` ինչ է մեզ սպասում, երբ գրասենյակում նստեցինք մի սեղանի շուրջը: Հաջորդ րոպեին պահակները ներս բերեցին ճենապակու պես գունատ մի տասնութամյա պատանու եւ ինչ-որ բան գռմռացին` հրամայելով նրան կանգնել մեր առաջ: Դա մի շրջմոլիկ էր, համարյա երեխա: Չնայած նրա ծնոտի աղվամազին, դեղնած ատամներին եւ բրդյա սեւ շալվարի ու վերնաշապիկի կեղտին, նա մի բարետես տղա էր` բարձր այտոսկրերով ու կանոնավոր դիմագծերով: Չեմ հիշում նրա աչքերի գույնը, բայց երբեք չեմ մոռանա լայնացած բիբերը: Նրա աչքերը վախեցած աջ ու ձախ էին վազում, եւ նա դողում էր: Ենթադրում եմ` սպասում էր, որ իրեն պիտի սպանեն, կամ էլ` տանջեն, հետո սպանեն:
Ձեռքի շարժումով ես հրավիրեցի նրան նստել սեղանի մյուս կողմում դրված աթոռին: Երբ նա նստեց, ցույց տվեցի եղբորս սեւ-սպիտակ լուսանկարը, որ ամրացրել էի իմ զինվորական հագուստի ծոցագրպանին: Պահակներից մեկը` գորշ համազգեստով տեղացի ոստիկան սպա, թարգմանեց ադրբեջաներեն.
– Սա այս մարդու եղբոր եւ այս կնոջ ամուսնու լուսանկարն է: Նա սպանվել է այն օրը, երբ դու բռնվեցիր:
Բանտարկյալն առաջ թեքվեց ու նայեց լուսանկարին:
– Դու նրան նախկինում տեսե՞լ ես, – հարցրեց թարգմանիչը:
Պատանին գլուխն օրորեց: Ես մի քանի հարց էլ տվեցի` թե ինչ էր պատահել Մերզուլիում հունիսի 12-ին, բայց նա այդ մասին էլ շատ տեղեկություն չուներ: Մինչեւ օրս չեմ հասկացել, թե ինչու էր այդ զորախումբը հետ մնացել Մերզուլիում, եւ, իմ տպավորությամբ, բանտարկյալն էլ դա չգիտեր: Թերեւս նրանք հետախուզության էին դուրս եկել կամ պարզապես ճանապարհը կորցրել:
– Հուսով եմ` շուտով դու ողջ եւ առողջ կվերադառնաս քո ընտանիքը, ու բոլորս կկարողանանք խաղաղ ապրել, – ասացի նրան` լուսանկարը նորից փակցնելով վերնաշապիկիս գրպանին:
– Այո՛, – գլխով արեց նա` աչքերն արցունքոտ, – խաղաղ:
Նրան հրամայեցին գնալ իր խուցը, եւ մի պահակ վեր քաշեց նրան աթոռից: Կանգնելով` նա նայեց, թե ինչպես ես էլ եմ կանգնում` եղբորս ինքնաձիգը փոկից բարձրացնելով: Երբ պահակը նրան սենյակից դուրս էր բերում, նա դողում էր` ենթադրելով, թե իրեն տանում են ահավոր մահվան իմ` վրիժառու եղբոր ձեռքով: Ես առաջ գնացի եւ ափս նրա աջ ուսին դրեցի` հանգստացնելու համար: Երբ դիպա նրա թեւին, նա վեր թռավ` ասես էլեկտրական հոսանքից:
– Հանգստացի՛ր, – շշնջացի ես նրա չիմացած լեզվով, – հանգստացի՛ր:
Միայն հետո հասկացա, որ ոչ Սեդան, ոչ էլ ես այդ պատանու անունը չհարցրինք:
Բանտի միջանցքում ես երկու խոսք փոխանակեցի մի պաշտոնյայի հետ.
– Լողացրե՛ք ու մաքուր շորե՛ր տվեք այս երեխային, – ասացի ես, – եւ, եթե հարգում եք Ավոյի հիշատակը, փոխանակե՛ք նրան, խնդրում եմ, մի հայ գերու հետ, հենց որ հնարավոր լինի: Վերադարձրե՛ք նրան իր ծնողներին ողջ եւ առողջ:
Ես դադար տվեցի, որպեսզի համոզվեմ, որ բանտապետը նայում է աչքերիս.
– Եթե հարգում եք Ավոյի հիշատակը, այդպե՛ս վարվեք:
Նա գլխով համաձայնության նշան արեց:
Այդ ժամանակ, իրար համընկնող վկայություններ տված չորս ողջ մնացածների ներկայությամբ տեղի ունեցած դեպքից հազիվ մեկ շաբաթ անց, հրամանատարի մահն արդեն պարուրվել էր դավաճանության մասին լուրերով: Զարմանալի չէ, որ թուրքական թերթերը տարածում էին, թե հենց Մոնթեի մարտիկներն էին սպանել նրան: Բայց նույնիսկ սփյուռքում, Երեւանում ու Մարտունիում կան մարդիկ, որոնք կառչած են այն մտքից, թե Մոնթեն զոհն էր «հայկական մաֆիայի, որ զայրացած էր նրա վրա` իրենց մաքսանենգ գինին թափելու կամ կանեփի դաշտերն այրելու համար» (մեջբերում` հայ հերոսներին նվիրված ինտերնետային մի կայքից): Ուրիշները փսփսում էին, թե հրամանատարը դարձել էր Տեր-Պետրոսյանի կոմնակից այն նույն զինյալների զոհը, որոնք սպանել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արթուր Մկրտչյանին, եւ որոնք Մոնթեի մահվանից քիչ անց դարանից սպանեցին Մարտակերտի քսանյոթամյա հրամանատար Նորայր Դանիելյանին:
Կան նաեւ մարդիկ, ովքեր իրենց համոզել են, թե մի հայ զգուշացրել էր թշնամուն, որ Մոնթեն մոտենում է ծառայողական մեքենայով: Այս սցենարը, սակայն, հերքվում է Մարտունու բանտում պատանի ռազմագերու վկայությամբ եւ ականատեսների պատմածով` թե խաչմերուկում զրահամեքենայի շուրջը կանգնած ադրբեջանցիները պատրաստ չէին բախմանը եւ նույնիսկ չհասկացան, որ հայ մարտիկները թշնամիներ են, մինչեւ Կոմիտասն իր ինքնաձիգը չլիցքավորեց: Ես զարմանում եմ, թե, հակառակ փաստերին, որքան շատ հայեր են շարունակում պնդել` իբր Մոնթեն դավադրության զոհ էր:
Ուրիշ լուրերի համաձայն` Մոնթեն բնավ չէր մեռել, այլ նրա հայտարարված մահը հերթական հնարք էր` մի շինծու պատմություն, որ պիտի քողարկեր ահաբեկիչի անհայտանալն ընդհատակում ու տեղափոխությունն այլ ռազմաճակատ: Մոնթեի թաղումից ամիսներ անց FBI-ի աշխատակիցները շարունակում էին կասկածներ հայտնել նրա մահվանը վերաբերող հաղորդագրությունների մասին: 1994 թ. փետրվարի 25-ի մի գաղտնի տելեթայփի մեջ FBI-ի` Լոս Անջելեսի բաժանմունքը հայտնել է. «Չնայած լրատվամիջոցները լայնորեն տեղեկություններ են տարածել Մելքոնյանի մահվան ու թաղման մասին, նշվում է, թե աճյունը, որ թաղվել է իբրեւ նրան պատկանող, երբեք պաշտոնապես չի հետազոտվել ինքնության հաստատման որեւէ միջոցով` Միացյալ Նահանգների կառավարության որեւէ ներկայացուցչի կողմից: Հարկավ, ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին թույլ չտրվեց թաղումից առաջ մարմինը զննել»:
Դավադրության մասին խոսակցություններն այսօր դեռ շարունակվում են: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես համոզված եմ, որ Մոնթեն ու Սարիբեկն սպանվեցին ադրբեջանցի մարտիկների հետ պատահական հանդիպման ժամանակ: Իմ զրույցները Կոմիտասի, Սարոյի, Հովիկի ու այլոց հետ եւ այցելությունը Մերզուլի ցրել են դավաճանության մասին իմ նախնական կասկածները: Հունիսի 12-ին պատահածն անսպասելի փոխհրաձգություն էր թշնամի զինվորների միջեւ, եւ այնպես պատահեց, որ հակառակորդ կողմերից մեկը` ադրբեջանցիները, զրահամեքենա ունեին եւ 73 միլիմետրանոց հրանոթ:
FBI-ի մի հատուկ գործակալ` Ուիլիամ Օ. Հիթոնը, Los Angeles Times թերթի թղթակից Մարկ Արաքսի հետ զրույցում Մոնթեին կոչել է «վարձկան»: Բայց եթե այդպես է, որտե՞ղ են նրա վաստակած փողերը. Մոնթեից հետո չմնաց ոչ կտակ, ոչ credit card, ոչ բանկային հաշիվ: Նա երբեք մեքենա չուներ, եւ երբ նա սպանվեց, նրա ձեռքի միակ ինքնաձիգը պատկանում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական ուժերին: Հարկավ, հրամանատար Ավոն նույնիսկ սեփական ատրճանակ կամ սվին չուներ: Մի անգամ, երբ նրա մարդկանցից մեկը հարցրեց, թե նա ինչու ատրճանակ չի պահում, Մոնթեն ասաց. «Դա ավելորդ ծանրություն է»:
Այն, ինչ ուրիշները կանվանեին անձնազոհություն, Մոնթեն համարում էր պարզություն: Մինչ նրա հայրենակիցները տենչանքով հայացքներն ուղղել էին դեպի Արեւմուտք` «ավելի լավ կյանքի համար», Մոնթեի համար լավագույն բաներից մեկը պարզ կենցաղն էր: 1981 թ. մարտին նա հետեւյալ պատմությունն է պատմել Ալեքին. մեկ տարի առաջ, մի առավոտ, երբ ինքն աշխատանքի էր շտապում Բեյրութի «Թորոսյան վարժարան», հանկարծ թեթեւության, երջանկության ու բարձր տրամադրության զգացում ունեցավ: Մի պահ նա չէր հասկանում, թե ինչն է պատճառը, մինչեւ նկատեց, որ սովորական կոշիկների ու գուլպաների փոխարեն ռետինե չստեր էր հագել: Այդպիսին էր Մոնթեն` ամենից ոչ ամերիկյան կարգախոսով առաջնորդվող մարդը. «Որքան քիչ ունեմ, այնքան ինձ լավ եմ զգում»:
Քանի որ նույնիսկ Մոնթեին ամենից չարամտորեն վատաբանողները չէին կարող նրա գործունեության շարժառիթ համարել փողը, ապա FBI-ի գործակալ Հիթոնն, օրինակ, ստիպված էր նրան մի ուրիշ այլանդակ մղում վերագրել. «Ոմանք պարզապես սիրում են մարդ սպանել, այնպես չէ՞», – հեգնանքով ասաց նա Los Angeles Times-ի թղթակից Արաքսին: Բուլղարուհի տեսաթղթակից Ցվետանա Պասկալեւան բոլորովին այլ կերպ է նկարագրել Մոնթեին. «Նա պրոֆեսիոնալ զինվորի մտածողություն ուներ` մտահոգություն շրջապատի հանդեպ, բարի կամք, անհանգիստ խիղճ», – ասվում է նրա վավերագրական ֆիլմերից մեկում: Մոնթեն ինքը հասկանում էր, գուցե եւ` իր ամենաոխերիմ թշնամիներից էլ լավ, որ իր սխալ հաշվարկների ու վրիպումների պատճառով բազում խաղաղ բնակիչներ են վճարել իրենց կյանքով կամ խեղանդամ են դարձել: Նրա զոհերի թվում էին Բեյրութում մեքենայի մեջ դրված ռումբից տուժածները, 9 տուժած` 1980 թ. նոյեմբերի 9-ին Հռոմում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով եւ Աթենքում մեքենայի հետեւի նստարանին նստած 14 տարեկան աղջիկը: Հետո` Ղարադաղլուն ու Քելբաջարը:
Պետք է, սակայն, արձանագրել նաեւ, որ Մոնթեն կյանքեր էլ է փրկել: Իհարկե, անհեթեթ կլիներ կազմել երկու ցուցակ` նրա փրկած կյանքերի թիվը համեմատելով խլած կյանքերի թվի հետ: Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ. բացի սպանելուց, Մոնթեն նաեւ պաշտպանել է անպաշտպաններին: Նա այդ արել է Բուրջ Համուդում` 1978-1980 թվականներին, Քֆար Թիբնիթում` 1981-ին, Իսրայելի կողմից Լիբանան ներխուժման ժամանակ` 1982-ի ամռանը: Նա նաեւ հակառակվեց Հակոբյանի «կույր ահաբեկչությանը»` մի որոշ ժամանակ մահացու վտանգի ենթարկվելով: Հետագայում Մոնթեն ու իր զինակիցները պաշտպանեցին Շահումյանի բնակչությանն ОМОН-ից, «Գորշ գայլերից» եւ Ադրբեջանի ազգային բանակից: Իսկ կյանքի վերջին նա ու իր մարտիկները հեռացրին մարդասպան հրետանին ու «Գրադ» հրթիռները Մարտունու քաղաքների եւ գյուղերի հասանելիության սահմաններից:
Հնարավորության դեպքում Մոնթեն արգելել է ադրբեջանցի խաղաղ բնակիչների եւ թշնամու գերիների ու պատանդների հանդեպ դաժանությունները: Նա կրակն ուղղել է ադրբեջանական գյուղերից այն կողմ եւ ջանացել չկռվողներին լրացուցիչ տառապանք չպատճառել: Քելբաջարի գրոհից անմիջապես հետո Երեւանից իրանագիտության դասախոս Գուրգեն Մելիքյանը խոսեց Ստեփանակերտում մեքենայի մեջ նստած մի մոր ու նրա երկու երեխաների հետ: Նրանք Քելբաջարի քրդեր էին, պատանդներ, որոնց պատրաստվում էին տանել դեպի սահմանն ու փոխանակել ադրբեջանցիների մոտ գտնվող հայ պատանդների հետ: Մայրը հանվանե օրհնեց Ավոյին.
– Նա մեր կյանքը փրկեց, – ասաց նա. – եթե նա չլիներ, մեզ անպայման կսպանեին:
Այս գրքի համար նյութ հավաքելիս` ես բազում նման պատմություններ եմ լսել:
Մոնթեի մահից քիչ անց, Բերկլիի մի պացիֆիստ ընկեր` Արմեն Ս.-ն, Սեդային նրա զոհված ամուսնու մասին գրեց. «Նա ինձ ստիպեց ամաչել ինքս ինձանից»: Ինչպես Արմենը` ես էլ «հարմարավետ ապրում եմ Միացյալ Նահանգներում, մի ազգի մեջ, որի հիմքում ցեղասպանություն ու նվաճումներ են»: Իմ համաքաղաքացիների պես` ես էլ հարկեր եմ վճարում եւ աշխատում չտեսնելու տալ այն արյունահեղությունները, որ CIA-ն, Պենտագոնն ու Քեռի Սեմի տասնյակ մահվան ջոկատները տարեցտարի գործում են իմ անունից եւ իմ մուծած հարկերի դոլլարներով: FBI-ի հույժ գաղտնի գործակալ Հիթոնը եւ իմ համաքաղաքացի ամերիկացիները` «ահաբեկչության» հանդեպ իրենց ծույլ ատելությամբ, միշտ կարողացել են իրենց ձեռքերը մաքուր պահել: Ինչ վերաբերում է իմ եղբորը, ապա նա գոնե թույլ չտվեց, որ իր փոխարեն սպանեն ուրիշները:
Մոնթեն մահացավ երեսունհինգ ու կես տարեկան հասակում` 110 տարի այն բանից հետո, երբ իր տատի քեռի Հակոբ Սերոբյանը մահացավ նույն տարիքում: Հինգ սերունդով բաժանված` նրանց ճանապարհները հատվեցին ու տարան հակառակ ուղղություններով: «Ես այստեղ օտարական եմ ու պանդուխտ», – գրել էր Հակոբն Ամերիկա գալուց հետո: Մոնթեն էլ մի տեսակ պանդուխտ էր, բայց, ի տարբերություն Հակոբի, նա իրեն պանդուխտ չէր համարում երկրագնդի վրա որեւէ տեղ եւ, ի տարբերություն Հակոբի, նրա երկար ուղին նրան տուն էր բերել:
Ես դույլով ջուր եմ վերցնում ցիստեռնից ու լցնում գերեզմանաքարի վրա: Մեղուները բզզում են այստեղ աճող բալի շիվերի սպիտակ ծաղկաթերթիկների մեջ:
Մի քանի գարուն առաջ միայն ծառերի կոճղերն էին փրկվել հրի ճարակ դառնալուց: Ես լցնում եմ ջուրը, իսկ Սեդան սրբում է սալաքարը` փայլեցնելով մոխրագույն մակերեսը: Ծիծեռնակները ծվծվում են իրենց պտուտաձեւ թռիչքի մեջ, իսկ հետկեսօրյա արեւը ցած է իջնում:
Այժմ երեւի 700 գերեզման կա Եռաբլուրում: Մեծ մասի գլխավերեւում փայլեցված գորշ բազալտե քարեր են, դրանց վրա` նահատակների` ավազաշիթով պատկերված դիմանկարներ: Կան մանկական դեմքերով պատանիներ, զինվորական համազգեստով երկու կին, ինքնաձիգ բռնած մեկ-երկու եզդի: Մի քանի դեմք ինձ ծանոթ են, շատերը` ոչ: Բլրի առաջին գերեզմաններից մեկն «Արաբոյի» Հարութինն է` սպանված 1990 թ. օգոստոսի 20-ին:
Եռաբլուրում է թաղված պատերազմում սպանվածների միայն փոքր մասը: Մոնթեի վարորդ Կոմիտասն, օրինակ, թաղված է Մարտունու իրենց ընտանեկան գերեզմանոցում: Նա յոթ մարտիկներից մեկն էր, որոնք մեռան 1996 թ. հոկտեմբերի 31-ին, երբ, հետախուզական առաքելությունից վերադառնալիս, դիպան հակահետեւակային ականի:
Բայց ոչ բոլորին են ադրբեջանցիներն սպանել. Մոնթեի գերեզմանից 80 քայլ դեպի հարավ Կառլեն Անանյանի եւ Արամ Վարդանյանի ոսկորներն են հանգչում: Կառլենի հայրն իր ձեռքերով քանդեց նրանց գերեզմանը եւ 1994 թ. սկզբին վերջապես կարողացավ նրանց աճյունը տեղափոխել Հայաստան: Այդպիսով ավագ Անանյանը կատարեց իր որդու` Հայաստանում վերաթաղվելու վերջին խնդրանքը, որն արտահայտված էր Կառլենի 1983 թ. նամակում: Կառլենի ու Արամի կողքին Դավիթ Դավթյանի գերեզմանն է` այն երիտասարդի, որի գործողությունները պատճառ էին դարձել նրանց մահվան: Տարիներ շարունակ Շվեդիայից Սուդան, Նեպալ եւ Ճապոնիա անդադար թափառելուց հետո նա վերջապես, Մոնթեի մահվանից առաջ, հաստատվել էր Երեւանում: 1997 թ. հոկտեմբերի 29-ի առավոտյան ինչ-որ մեկը նրա երեքամյա որդու աչքի առջեւ կրակեց նրա գլխին:
«Նրանք հայրիկի գլուխը ծակեցին», – թաղումից հետո ասել էր փոքրիկ տղան մի այցելուի: Քննությունը ցույց տվեց, որ Դավթյանին սպանած գնդակն արձակված էր այն նույն զենքից, որով 14 ամիս առաջ, 1996 թ. օգոստոսի 9-ին, սպանվել էր «Գաղտնի բանակի» նրա նախկին ընկեր Աբրահամ Խամիսյանը` թաղված Դավթյանի կողքին:
Գերեզմանի մուտքից աջ շինարարական շաղախը վերջերս է չորացել «Գաղտնի բանակի» նահատակներին նվիրված մի քարե հուշարձանի վրա: Նրանց թվում Հակոբ Հակոբյանն է` Կառլենին եւ Արամին տանջանքի ենթարկած ու սպանած մարդը: Այդպիսով մահը, որ երբեք խտրականություն չի դնում, մարդասպանին կապել է իր զոհերի հետ:
1993 թ. հունիսի 12-ից հետո Մարտունու շրջանի հրամանատարությունը բաժանվեց երկու շտաբի` մեկը Մոսու գլխավորությամբ, մյուսը` Նելսոնի: 1993 թ. հոկտեմբերին նրանց մասնակցությամբ գրավվեց Արցախից հարավ` մինչեւ իրանական սահմանը հասնող ողջ տարածքը: Տեղահանվեցին եւս 200000 ադրբեջանցի փախստականներ: Ադրբեջանը 1993 թ. հակահարձակում ձեռնարկեց, եւ կռիվները մոլեգնում էին շաբաթներ շարունակ: 300 հայ ու թերեւս 4000 ադրբեջանցի մարտիկներ սպանվեցին, մինչեւ որ հակահարձակումը մարեց, եւ Ռուսաստանի միջնորդությամբ 1994 թ. մայիսին հրադադար հաստատվեց: 6 տարի տեւած կռիվների արդյունքում միլիոնից ավելի մարդիկ փախստկաններ էին դարձել, եւ հավանաբար նրանց երկու-երրորդն ադրբեջանցիներ էին: Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության հաշվարկով` պատերազմում երկու կողմից 25000 հոգի էին սպանվել: Հրադադարից հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւն ուշադրությունն ուղղորդել էր Հայաստանի երկարատեւ դիվանագիտական ու տնտեսական մեկուսացմանը: Դրան մինչեւ օրս նպաստում է Կասպից ծովում Ադրբեջանի նավթային պաշարների գրավչությունը:
1994 թ. ի վեր հրադադարն ավելի կամ պակաս չափով պահպանվում է, բայց ամեն շաբաթ այս բլրի վրա նոր գերեզմաններ են ծաղկում: Այսօր գերեզմանոցի եզրին 6 նոր շիրմափոսեր, բաց բերանների նման, պատրաստ են կլանելու Արցախում մի ուղղաթիռի վթարի զոհերին:
Մոնթեի գերեզմանից 17 քայլ արեւելք Վազգեն Սարգսյանի շիրիմն է: Պատերազմի հերոսն ու «Պաշտպանության կոմիտեի» նախկին ղեկավարը նոր էր նշանակվել Հայաստանի վարչապետ, երբ 1999 թ. հոկտեմբերի 27-ին Երեւանում 5 զինյալներ ներխուժեցին Խորհրդարանի նիստերի դահլիճը: «Հերի՜ք է մեր արյունը խմեք» բղավելով` նրանք թիկնոցների տակից «կալաշնիկովներ» հանեցին: Երբ ծուխն անհետացել էր, Սարգսյանն ու եւս 7 պատգամավոր սպանված էին: Խորհրդարանի վրա հարձակումը հետ-խորհրդային Հայաստանում աղքատության ու կոռուպցիայի դեմ ահագնացող զայրույթի ծայրահեղ արտահայտություն էր: Համենայն դեպս, այդպես էին փորձում իրենց կատարածը բացատրել այդ ոճիրի հեղինակները:
1990 թ. սեպտեմբերին, երբ Մոնթեն առաջին անգամ եկավ Երեւան, քաղաքի հրապարակները հույս էին ճառագում, որը հետո մեռավ: Օպերայի հրապարակում միմյանց փարվող ջերմ մարմինները, խռպոտ ձայները եւ անհապաղ լուծում պահանջող խնդիրների` շնչահեղձ անող շարանը Մոնթեին ներքաշել էին ազգային միասնության գիրկը, որից, իբրեւ պատրանքից, նա տարիներ առաջ հրաժարվել էր: Երեւանում նա մասնակցեց երթերին, հիմներ երգեց եւ հավատաց թերթերի առաջնորդող քառասյունակ հոդվածներին ու նոր գործիչներին նվիրված ներբողյաններին:
Բայց մինչ հայերն ու ադրբեջանցիներն իրար էին սպանում Արցախի լեռներում, «ընտանեկան գործարարության» մի քանի հարյուր ներկայացուցիչներ, կառավարության նախարարներ եւ արտասահմանյան ներդրումների տեղացի միջնորդներ կողոպտում էին այն երկիրը, որը պաշտպանելիս Մոնթեն պիտի մեռներ: Նրա հայրենակիցները մատնվեցին աղքատության մի ձեւի, որի խրտվիլակով նախկինում նրանց վախեցնում էին կոմունիզմի գաղափարախոսները: Իհարկե, հարուստներն ավելի հարստացան, նույնիսկ այն ժամանակ, երբ մանկական մահացությունն ու հիվանդությունները, գործազրկությունն ու ինքնասպանությունների քանակը խիստ աճում էին, իսկ աշխատավարձերը, կյանքի միջին տեւողությունը, ամուսնություններն ու ծնունդները կրճատվում: Խորհրդային ժամանակների համալսարանների դիպլոմներով մարդիկ մուրացկանությամբ են զբաղվում բազմացող պիցցերիաների առաջ, որոնք լի են արտասահմանցիներով, իսկ «ձեռներեց» երիտասարդ կանայք եւ համարյա դեռատի աղջիկներ ավտոբուսի տոմսի համար դրամ են խնայում` իրենց բախտը փնտրելով Ստամբուլի պոռնկատներում:
Մի հրատարակված հարցազրույցում Հմայակ Հարոյանը հիշում է Մոնթեի պատասխանն «Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան» հարցին: «Կարելի էր կարծել, թե նա կպատասխաներ` «հաղթական» կամ «անվտանգ սահմաններով», – գրում է Հարոյանը, – բայց ո՛չ. նա պատասխանեց` «Առանց կոռուպցիայի եւ արդար»»: Քսաներորդ դարի վերջին տասնամյակում երկիրն ավելի ու ավելի էր հեռանում այդ արժեքներից: Մոնթեին ամենից շատ կանհանգստացներ արտագաղթի աղետալի մակարդակն այն ժամանակից ի վեր, ինչ Հայաստանը վերադարձավ կապիտալիստական հասարակարգին: «Շուկայի ազատականացման բարեփոխումների» 10 տարիներից հետո Հայաստանի Հանրապետության բնակչությունը նվազեց մեկ քառորդով` 1991 թվականի 4 միլիոնից մինչեւ 2001 թվականի 3 միլիոնից պակասը: Արտագաղթը պակասեցրեց նաեւ Արցախի բնակչությունը` ըստ որոշ հաշվարկների հասցնելով այն 65 հազարի, որ մարզի` խորհրդային դարաշրջանի բնակչության կեսից քիչն է:
Սեդան ու ես ավարտում ենք Մոնթեի գերեզմանաքարը լվանալը եւ տեսնում հնամաշ բաճկոնով միջին տարիքի մի մարդու, որ կանգնած է պատկառելի հեռավորության վրա` ձեռքերը ծալած: Մենք նրան չենք ճանաչում, բայց պարզ է, որ նա եկել է Եռաբլուր` ծաղիկներ դնելու մի հարազատի կամ, գուցե, ընկերոջ շիրիմին: Մոնթեի գերեզմանի մոտ նրա` կարմրով եզերված աչքերում արցունքներ են հայտնվում:
– Էդ մարդ ուրիշ էր, – շշնջում է նա իր ոսկե ատամների միջով:
Այստեղ, Արարատ լեռան հովանու տակ, որտեղ Նոյի փրկության տապանը հանգրվանեց ցամաքի վրա, ես հիշում եմ մի հայկական ասացվածք. «Ջրհեղեղն անցնում է, ավազն է մնում. մարդն անցնում է, անունն է մնում»: Մոնթեն, թվում է, հետ-խորհրդային այն հատ ու կենտ հերոսներից է, որոնց շարունակում են ակնածանքով վերաբերվել Հայաստանում: Ազգայնականները, կոմունիստները, ազատականները եւ քաղաքականապես չեզոք մեծամասնությունը` բոլորը, մեծարում են նրան եւ իրենցը համարում: Նախագահ Տեր-Պետրոսյանը նրան հետմահու հայտարարեց Հայաստանի Հանրապետության յոթ ազգային հերոսներից մեկը: Նա ստացել է Արցախի բարձրագույն պարգեւներ, որոնց թվում` «Առաջին կարգի մարտական խաչը» (1993 թ. նոյեմբերի 23) եւ «Ոսկե արծիվ» մեդալը (այն ստացած 5 հոգուց մեկը` 1999 թ. սեպտեմբերի 21): Այսօր նորակոչիկները երդվում են Մարտունու քաղաքապետարանի հրապարակում` հրամանատար Ավոյի կոթողային մարմարե հուշարձանի առաջ, որ պատկերում է Մոնթեին` իր «ուոքի-թոքիով», հեռադիտակով ու ինքնաձիգով: Հրամանատարի մահվանից 7 տարի անց Արցախի շրջանային հրամանատարներից յոթից հինգը Մոնթեի օրոք Մատունիում ծառայած զինվորներ են:
Մոնթեի երկրպագուներից ոմանք պնդում էին, թե նա հանդես բերեց այն վճռական ազդեցությունը, որ անհատը կարող է ունենալ ազգի ճակատագրի վրա: Նայելով Հայաստանի այսօրվա տխուր կացությանը, սակայն, կարելի է նաեւ եզրակացնել, թե նույնիսկ ամենաբացառիկ անհատները չեն կարող փոխել ազգի ճակատագիրը: Ուրիշները` ինչպես հիացողներ, այնպես էլ չարախոսներ, Մոնթեի օրինակից կարող են այլ դասեր քաղել. մեկը թերեւս նրա կյանքը համարի այն բանի ապացույց, որ պատմությունը կերտում են բացառիկ անհատները` հերոսներն ու չարագործները: Մի ուրիշը կարող է Մոնթեի կյանքով հաստատել այն իմաստությունը, թե մեծ մարդիկ իրենք պատմության արգասիք են: Մի երրորդը գուցե հիշի Մատթեոս ավետարանչի խոսքերը, թե` «ամենեքեան, որ սուր առնուցուն, սրով անկցին» (ԻԶ, 52), իսկ մի չորրորդը երեւի կհամաձայնի Եղիշե պատմագրի հետ, որ` «Մահ իմացեալ անմահութիւն է»:
Ես ինքս չգիտեմ, թե ինչ են թելադրում Մոնթեի կյանքից, չհամընկնող նկարագրություններից եւ իրարամերժ պնդումներից բխող հակասական բարոյական սկզբունքները: Բայց գիտեմ, որ ինչ դասեր էլ քաղենք, դրանք նույնքան մեր մասին են լինելու, որքան Մոնթեի:
Ես շրջվում եմ` նայելու մշուշապատ հորիզոնին: Վայրագ հարյուրամյակի վերջին տարում այս բլրին կանգնած` հայացքս ուղղում եմ Արարատյան դաշտի կանաչ տարածությանը` հարյուրավոր ճակատամարտերի թատերաբեմին, որ ձգվում է թուրքական սահմանը եզերող դիտակետերից այն կողմ: Մշտապես ձյունածածկ Արարատը` «Ցավի լեռը», աշտարակի պես վեր է խոյանում դաշտի վրա, իսկ ճանապարհներն ու գետերը ոլորվելով կորչում են հեռվում` մեր տեսողության սահմաններից դուրս:
Երեւան, 15 ապրիլի, 2000 թ.