Ցրել Արցախում ապրողներին ողջ Ադրբեջանով մեկ և թույլ չտալ հայերին միասին ապրել. սա է Ալիևի քաղաքականությունը. Գևորգ Մելիքյան
Հայաստանի իշխանությունն այնքան է իջեցրել Արցախի նշաձողը, որ հիմա միջազգային հանրությունը քննարկում է ոչ թե Արցախի կարգավիճակի և Ադրբեջանի ագրեսիայի հարցը, այլ, ընդամենը, խնդրի մարդասիրական կողմը, և դա այն դեպքում, երբ աշխարհում ամեն հարց հենց քաղաքական է, իսկ մարդասիրական հարցն ամենևին էլ պատային հարցը չէ. ավելին՝ դա այն հարցը չէ, որը պետք է քննարկվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և ուշագրավ է, որ Արցախի հարցը ՄԱԿ ԱԽ էր տարել մի իշխանություն, որը հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի և 8 ամիս շարունակ պաշարման մեջ գտնվող Արցախի ճակատագրի հարցով Հայաստանի իշխանության որդեգրած քաղաքականության մասին, նման տեսակետ հայտնեց Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը։
«Եթե դու Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս, այդ դեպքում Ադրբեջանին չես կարող ասել, թե օգնություն ո՞ր ճանապարհով հասցնի։ Եվ, առհասարակ, ՄԱԿ-ի ԱԽ-ում ելույթ ունեցողներից որևէ մեկը կասկածի տակ չդրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, Արցախը՝ ներառյալ, և դա պատահական էլ չէ, որովհետև ինչպե՞ս կարող է Հայաստանի իշխանությունը խոսել 29 800 քառակուսի կմ-ի մասին, իսկ, պայմանական ասած, Ֆրանսիայի կամ այլ երկրի ներկայացուցիչը խոսի, օրինակ, 30 հազար քառակուսի կմ տարածքի մասին»,- ասաց Մելիքյանը՝ հակատրամաբանական որակելով իշխանության այն պնդումը, թե Արցախն ինքը պետք է ձևակերպի իր տեսլականն ու բանակցի Ադրբեջանի հետ։
Ըստ Մելիքյանի՝ Արցախից տեսլականի ձևակերպում են պահանջում այն դեպքում, երբ Պրահայում այս իշխանությունը Ալմա Աթայի հռչակագրին հղում անելով՝ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է ճանաչել ու տվել միջազգային հանրության ձեռքում խաղաքարտ՝ Արցախն Ադրբեջան համարելու համար։
«Իմ մասնակցությամբ փակ հանդիպումների ժամանակ էլ, երբ խոսում ենք Արցախի մասին, առաջին բանը որ ասում են, հետևյալն է՝ դե, քանի որ Հայաստանի իշխանությունը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, հիմա պետք է անել այս կամ այն գործողությունը, մինչդեռ Արցախը հանձնելն անտրամաբանական է, ինչպե՞ս կարող է Արցախը հանձնվել՝ Հայաստանը պահելու նպատակով, դա նույնն է, որ երկու երեխա ունենաս ու ասես՝ մեկին պետք է հանձնեմ, որ մյուսին պահեմ։ Ակնհայտ է, որ այս մարդիկ Արցախը չեն տեսնում Հայաստանի հետ»,- ասաց Մելիքյանը՝ շեշտելով՝ Հայաստանի իշխանությունն Արցախը հանձնելու պատասխանատվությունը գցում է միջազգային հանրության վրա այն դեպքում, երբ մինչև հիմա Հայաստանում որևէ մեկը Արցախը չի համարել Ադրբեջանի մաս, որևէ անգամ Հայաստանի որևէ ղեկավար դա չի արել։
«Վատ լուր ունեմ այս իշխանության համար. Ադրբեջանի ղեկավարի քաղաքականությունը հետևյալն է՝ թույլ չտալ Արցախում մնացողներին կոմպակտ ապրել այդ հողերի վրա. նրանց ցրելու է ամբողջ Ադրբեջանով մեկ՝ տալով Ադրբեջանի քաղաքացիություն»,- ասաց Մելիքյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։