Տիգրան Ավինյանը՝ դեպի ջախջախիչ հաղթանակ… Բաքվում
Օգոստոսի 23-ին մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը և արդեն 00:01-ից սոցիալական ցանցերը ողողվել են ՔՊ-ական իրական ու կեղծ պրոպագանդիստների՝ Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզչապաստառը տարածող գրառումներով: Այդ պաստառում ուշադրություն է գրավում ոչ միայն և ոչ այնքան Տիգրան Ավինյանին՝ գործնական ու վճռական տեսքով կանգնեցրած ու լուսանկարած ֆոտոգրաֆների աշխատանքի տապալումը, որքան նրա նախընտրական կարգախոսը՝ «Ասե՛ք, կանե՛նք»:
Խնդիրը կարգախոսի պարզամտությունն ու պարզունակությունը չէ, ոչ էլ այն, որ քաղաքապետի աշխատանքը դրանով հավասարեցվում է մոտավորապես կաֆելագործի կամ ավելի հին մասնագիտության տեր չմերժողների՝ ցանկացած պատվեր կատարելու պատրաստակամությանը, որը կարող էր արտահայտվել նաև «Փողին մուննաթ» գռեհկաբանությամբ:
Մի կողմից, իհարկե, հասկանալի է, որ Ավինյանի քարոզչական թիմը՝ ճշգրիտ հաշվարկելով սեփական հնարավոր ընտրազանգվածը, թիրախավորել է հենց այն ընտրողներին, որոնք առաջնորդվելու են «Ձայնին մուննաթ» սկզբունքով և ավագանու ընտրություններին մասնակցելու են մարդու բարեկամ կենդանուն մազազերծելու հաստատ մտադրությամբ: Մյուս կողմից, սակայն, նույն այդ քարոզիչները մեկ այլ կենդանու ծառայություն են մատուցել Տիգրան Ավինյանին՝ որպես կարգախոս ընտրելով «Ասե՛ք, կանե՛նք» ինքնամատուցումը: Խնդիրն այս դեպքում առանձին վերցրած Երևանի ավագանու ընտրությունները չեն, այլ այն քաղաքական համատեքստը, որում տեղի են ունենալու դրանք:
Տիգրան Ավինյանի պատրոն Նիկոլ Փաշինյանը անհոգնել պատրաստվում է Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր» կոչվածի կնքմանը, որի հիմքում ընկած է Ալիևի բոլոր պահանջների կատարման պայմանը: Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ կատարել է նրա բազմաթիվ հակահայկական պահանջներ՝ նրա շուրթերից անգամ աքցանով հնարավոր չէ դուրս բերել «Արցախ», «Արցախի ժողովուրդ», «Արցախի ինքնորոշման իրավունք», «Արցախի անկախություն» արտահայտությունները, մինչդեռ Արցախից ամբողջությամբ դուրս են բերվել ՀՀ զինված ուժերը, իսկ Հայաստանի պաշտոնական գրագրությունից ու քարոզչությունից՝ Արցախի քարտեզը, ի վերջո, նա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ:
Բայց դատելով իրադարձությունների ներկա զարգացումներից, Ալիևի ախորժակը դեռ չի բավարարվել, և նա ունի նորանոր պահանջներ, որոնց մի մասն է առայժմ հայտնի՝ «ադրբեջանցի փախստականների վերադարձ Հայաստան», այդ թվում՝ Երևան և մարզեր, «անկլավների» վերադարձ Ադրբեջանին, տարածքային նկրտումներ Սյունիքի նկատմամբ, Հայաստանն ամբողջությամբ որպես «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելու անթաքույց քարոզչություն:
Ահա այս պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանի դրածո Ավինյանը պատրաստակամություն է հայտնում անել այն, ինչ կասեն, դրա առնվազն ենթատեքստային ուղերձը հղվում է ոչ թե Երևանի, այլ Բաքվի ընտրողներին, որոնց ընտրած կամ չընտրած իշխանության պահանջները Հայաստանի ղեկավարները կատարում են արդեն իսկ պատժված և ևս մեկ դնգստոց չուտելու նպատակով ամեն ինչի պատրաստ աշակերտի հանգույն:
Այնպես որ, եթե Տիգրան Ավինյանի քարոզչական խումբն ախմախ կարգախոս մոգոնելուց բացի՝ գտնի նաև դրա իրական հասցեատերերի հետ հաղորդակցության ճշգրիտ ուղիները, նրա ջախջախիչ հաղթանակը երաշխավորված է: Բաքվում:
Հարություն Ավետիսյան