Բնակիչները ցորենը հավաքել՝ իրենց հարևանին ու բարեկամին մի-մի 100 կգ տվել են, բայց դիզվառելիք չկա, որ դա հասցնենք ալրաղաց». Առաջաձորի համայնքապետ

254-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ 8 ամիս տևող շրջափակման արդյունքում Արցախն ու արցախահայությունը հայտնվել են ծայրահեղ ծանր պայմաններում,  նրանց սպառնում է ցեղասպանություն։

Հունիսի 15-ից զրկված լինելով հումանիտար որևէ օգնությունից, 120 հազար արցախահայեր մատնված են սովի, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը կրակում է  դաշտերում աշխատող գյուղացիների վրա, թույլ չտալով հավաքել ցորենը։

168.am հետ զրույցում Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի ղեկավար Վահրամ Անդրեասյանն ասաց, որ գյուղում, լավ թե վատ, գյուղատնտեսական մթերքով սնվում են, ավելի լուրջ է հացամթերքի խնդիրը։

«Հացի ու ալյուրի խնդիրն է շատ սուր։ Գյուղում մի քանիսը ցորեն ցանել են, բերքը հավաքել են, իրենց հարևանին ու բարեկամին մի-մի 100 կգ տվել են, բայց դիզվառելիք չկա, որ դա հասցնենք ալրաղաց ու ալյուր անենք»,- նշեց Վահրամ Անդրեասյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, եթե գյուղում հիվանդ է լինում, ապա համայնքապետարանի միջոցներով որևէ բան չեն կարողանում անել, դիմում են շրջվարչակազմին, այնտեղից անմիջապես օգնության են գալիս, հասցնում Ստեփանակերտ կամ հարակից պոլիկլինիկա։

«Չեմ կարող ասել, որ խնդիրն ամբողջությամբ լուծվում է, բայց գոնե կիսով չափ լուծվում է։

Ստեփանակերտում էլ հացի խնդիր կա, բայց եթե դիզվառելիք լինի, բնակիչներից ամեն մեկը կկարողանա 5-4 հարյուր կգ ցորեն տանի ալրաղաց, աղա, ալյուր բերի։ Ալրաղաց Մարտակերտում, Ստեփանակերտում կա, Նորագյուղում էլ կա, բայց ինչպես ցորենը հասցնենք։ Եթե, ենթադրենք, մի պարկ ցորեն ձիով տանենք, ապա օրեր կտևի, մինչև հասնեն ու հետ գան, հնարավոր չի,- շեշտեց համայնքապետը՝ ընդգծելով,- Չնայած դժվար է, բայց մենք մեր հույսը չենք կորցնում»։

Միաժամանակ նա փոխանցեց, որ գյուղում ընտանիք կա՝ պատրաստվում է  սեպտեմբերի 1-ին, որ կարողանա երեխային ինչ-որ կերպ դպրոց ուղարկել, ընտանիք կա, դեռ չի պատրաստվում, դեռ չունի հնարավորություն։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակելով դեպի Հայաստան տանող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, և ապօրինի անցակետ տեղադրելով Հակարիի կամրջի մոտ, թույլ չի տալիս որևէ հումանիտար բեռ մտցնել Արցախ, բազմաթիվ երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք պարզապես սովի են մատնված։

Տեսանյութեր

Լրահոս