Մարդուն փոխպատվաստված խոզի երիկամները ոչ միայն չեն մերժվել, այլև առաջին անգամ սկսել են նորմալ գործել
Ալաբամայի համալսարանի գիտնականներին հաջողվել է մարդու երկու երիկամները փոխարինել գենետիկորեն մոդիֆիկացված խոզի օրգաններով։ Խոզի երիկամները, ընտանիքի թույլտվությամբ, փոխպատվաստել են հիվանդի, որի մոտ ուղեղի մահ է ախտորոշվել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Բժշկության պատմության մեջ առաջին անգամ դոնորական օրգանները ոչ միայն չեն մերժվել, այլև սկսել են նորմալ գործել, այսինքն՝ արտադրել մեզ՝ մաքրելով օրգանիզմը նյութափոխանակության թունավոր արգասիքներից։
Այս բացառիկ վիրահատության մանրամասն նկարագրությունը գնահատվել է գիտական հանրության կողմից և հրապարակվել այս շաբաթ JAMA Surgery գիտական ամսագրում:
Թեև այս դեպքն առայժմ եզակի է, սակայն այն հույս է ներշնչում երիկամների քրոնիկ հիվանդությամբ տառապող և փոխպատվաստման կարիք ունեցող տասնյակ հազարավոր հիվանդների։
Ամբողջ աշխարհում դոնորական օրգանների պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը։ Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում փոխպատվաստման սպասող յուրաքանչյուր հինգ հիվանդից երկուսը մահանում են ախտորոշվելուց հետո հինգ տարվա ընթացքում՝ չկարողանալով ստանալ համապատասխան դոնորական օրգան:
Իրականում սա մարդուն խոզի երիկամի առաջին փոխպատվաստումը չէ, որը կարելի է հաջող անվանել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նմանատիպ փորձեր արդեն երկու անգամ արվել են, և երիկամը չի մերժվել օրգանիզմի կողմից։ Սակայն միայն այս անգամ է բժիշկներին հաջողվել ապահովել, որ դոնոր օրգանը նաև լիովին նորմալ գործի՝ կատարելով իր բոլոր գործառույթները, որոնցից հիմնականն օրգանիզմի մաքրումն է կենսագործունեության վնասակար նյութերից, առաջին հերթին՝ կրեատինինից:
Փոխպատվաստման ենթակա խոզի երիկամները հատուկ աճեցվել են և գենետիկ ադապտացիայի մեթոդով «մարդկայնացվել», որպեսզի վիրահատությունից հետո հիվանդի օրգանիզմը չմերժի դոնորական օրգանը՝ որպես օտար։ Դրա համար ԴՆԹ-ի շղթայում գիտնականները գտնում և «անջատում են» չորս՝ բացառապես խոզի գեներ (GTKO, CMAH, B4GALNT2, GHR), որից հետո այն լրացնում են մարդու վեց գեներով (CD46, CD55, CD47, THBD, PROCR, HMOX1):