Սադոմազոխիստական Հայաստան

Քաղաքականությունը՝ որպես մարդու կողմից ու մարդկանց ներգրավում պահանջող գործունեության տեսակ, իր վրա մեծապես կրում է հոգեբանության, հագեբանական գործոնների ազդեցությունը։ Խոսքը վերաբերում է և՛ քաղաքականության սուբյեկտներին՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, կուսակցական առաջնորդներ, հեղինակություն ունեցող գործիչներ, և՛ քաղաքականության օբյեկտին՝ հասարակությանը։ Այսինքն՝ պետության ու հանրային կյանքում տեղի ունեցողն ախտորոշելու համար կարևոր է՝ ինչպես կառավարողների, այնպես էլ՝ կառավարվողների հոգեբանական նկարագիրը և դրա վրա խարսխվող վարքագիծը։

Այն, ինչ Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ու շարունակում է անել Արցախի, հիմա նաև՝ Հայաստանի հետ, հոգեբանական տիպաբանության տեսանկյունից կարող է վերագրվել կա՛մ մազոխիզմին, կա՛մ սադիզմին։

Եթե հավատանք Նիկոլ Փաշինյանի հուզումնառատ ճառերին ու հավաստիացմանը, թե ինքը Հայաստանի ամենահայրենասեր մարդն է, ապա պետք է արձանագրել, որ նրա մոտ առկա են մազոխիզմի սուր արտահայտված ախտանիշներ։

Միայն մազոխիստական պաթոլոգիա ունեցողները կարող են իրենց սիրո առարկայի հետ վարվել այնպես, ինչպես վարվում է Նիկոլ Փաշինյանն Արցախի ու Հայաստանի հետ։ Նա գործնականում հրաժարվել է Արցախից, Հայաստանի լինելիությունը հասցրել է «կադաստրի վկայականի» մակարդակի և իր կողմից վարվող քաղաքականությամբ անում է հնարավոր առավելագույնը՝ Արցախի կորուստն ու Հայաստանի վախճանն անդառնալիության հասցնելու համար։ Սա, կրկնում ենք, այն դեպքում, եթե որպես մեկնակետ ընդունեք վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր հայրենասերներից ամենահայրենասերն է և հայրենիքը սիրում է սեփական անձից առավել։

Կարդացեք նաև

Բայց բացառելի չէ, իսկ եթե անկեղծ, շատ ավելի հավանական է, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է ոչ թե մազոխիստական, այլ սադիստական մոտիվատորներով։

Այս դեպքում, սակայն, նախորդ վարկածը չի կարող գործել ու որպես մեկնակետ պետք է ընդունել հասարակության շրջանում գրեթե տիրապետող՝ դավաճանության, կոլաբորացիոնիզմի թեզը, ըստ որի, ինչ-ինչ շահերից ելնելով, Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակահայկական քաղաքականություն, հենց այդ նպատակով է իշխանության բերվել, դրա շրջանակներում արդեն իսկ հանձնել է Արցախը և հիմա զբաղված է Հայաստանը կազմաքանդելու գործով։

Բայց երբ խոսքը համապետական, համահասարակական գործընթացների մասին է, նույնքան կարևոր է ոչ միայն երկրի ղեկավարի հոգեբանական տիպաբանության գնահատումը, այլ նաև հասարակության վերաբերմունքը նրա, նրա գործողությունների նկատմամբ։ Վերը նշված նկարագրություններում մեր հասարակությունը՝ չնայած տեղային դժգոհություններին ու ըմբոստությանը, այդուհանդերձ, համակերպվել է իր նկատմամբ մազոխիստական կամ սադիստական մոտիվներով իրականացվող, ըստ էության, բռնության հետ։

Իսկ դա նշանակում է, որ հանրային առումով ևս կան հոգեբանական ախտանիշներ, որոնք գուցե ուղղակիորեն նույնական չեն սադիզմի կամ մազոխիզմի հետ, սակայն իրենց մեջ պաթոլոգիա են պարունակում։

Եթե դիմենք կրկին հոգեբանական եզրաբանությանը, բացառված չէ, որ այս դեպքում գործ ունենք հայտնի «ստոկհոլմյան համախտանիշի» հետ, սակայն դա բավական խոցելի թեզ է, քանի որ դրա առկայության համար անհրաժեշտ էր Նիկոլ Փաշինյանի հանրային բարձր վարկանիշը, որը հիմա նրա համար ողբերգականորեն փոքր է։ Հնարավոր է՝ մեր դեպքում տեղի ունի միանգամայն այլ, գուցե գիտության կողմից դեռևս բավարար չափով չհետազոտված համախտանիշ, որով հնարավոր կլիներ բացատրել հակասությունը, թե ինչու է հասարակությունը հանդուրժում իր նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնություն գործադրողի իշխանությունը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս