ԵՄ դիտորդական առաքելությունը սպասարկում է կոլեկտիվ Արևմուտքի աշխարհաքաղաքական պատվերի մեջ դրված շահը. Վիգեն Հակոբյան

Եվրամիության դիտորդական առաքելությունը համացանցում հրապարակված տեսանյութից հետո երեկ, ի վերջո, կողմնորոշվեց և հաստատեց տեղեկությունը, որ սահմանային պարեկության ընթացքում իրենց դիտորդները եղել են կրակոցների գոտում:

Իսկ դրանից առաջ առաքելությունը կարմիրով՝ «կեղծ է» մակագրությամբ, հերքել էր Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ կեսօրին Ադրբեջանը հրաձգային զենքից կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող եվրոպացի դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ։

Թե ինչո՞ւ է ԵՄ դիտորդական առաքելությունը խուսափում իրերն իրենց անունով կոչելուց, ինչո՞ւ Բրյուսելը չի ուզում որևէ կերպ փչացնել հարաբերություններն անգամ իրենց թիրախավորող Բաքվի հետ՝ հարցերի պատասխանները 168.am-ը լսել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանից:

«Պատճառներն ակնհայտ են. դիտորդներն այստեղ ոչ թե նրա համար են, որպեսզի ինչ-որ զսպող գործոն լինեն, այլ ի սկզբանե հասկանալի էր, որ այստեղ հետախուզական ֆունկցիա ունեն, և նրանք հիմնականում սպասարկում են այն աշխարհաքաղաքական շահը, որը դրված է կոլեկտիվ Արևմուտքի աշխարհաքաղաքական պատվերի մեջ: Այսինքն՝ ամեն գնով, ում հաշվին էլ դա լինի, տարածաշրջանում, Արցախի շուրջ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ նվազագույնի հասցվի ռուսական գործոնը: Ու այս պարագայում Ադրբեջանի հետ որևէ լուրջ հակամարտության մեջ մտնելը բացարձակապես իրենց շահերից չի բխում:

Կարդացեք նաև

Մարդիկ այլ ֆունկցիայով են այստեղ գտնվում, և այդ իսկ պատճառով իրենք փաստացի ժխտում էին ակնհայտը, և միայն այն բանից հետո, երբ ցանցում տեսանյութերը հայտնվեցին, ընդունեցին և, ըստ էության, խոստովանեցին, որ իրենց ուղղությամբ կրակոցներ եղել են»,- մանրամասնեց Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգը, սակայն, շեշտեց, որ այս «խոստովանությունը» քաղաքական հետևանքներ չի ունենա. դրան չեն հաջորդի սանկցիաներ ու պատժամիջոցներ:

«Այս պարագայում դարձյալ հարց է առաջանում՝ ո՞րն է դիտորդական առաքելության իմաստը:

Երբ խոսում ենք, թե ռուս խաղաղապահներն իրենց գործը չեն անում (բնականաբար, չեն անում), բայց իրենց միսիան գոնե հասկանալի է՝ ինչքան կարողանում են կանգնել այնտեղ, որ ադրբեջանցիները չսկսեն էթնիկ զտումներ իրագործել:

Թե դիտորդներն ի՞նչ են ֆիքսում. մենք մինչև հիմա չգիտենք, եթե իրենք ինչ-որ բան տեսնում են, ո՞ւմ են զեկուցում, այդ զեկույցն ի՞նչ հետևանքներ է ունենում, ի՞նչ քաղաքական հետևանքներ, և այլն»,- ամփոփեց Վիգեն Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս