Հայաստանը՝ առանց ժամանակի ու տարածության

Միայն առանձնակի տաղանդ ու մոլեռանդ քանդարարություն ունեցողը կարող է անել այնպես, որ հասարակությունն ատելությամբ լցվի այն ամենի հանդեպ, ինչը նորմալ հանրույթների համար բաղձալի, երազելի նպատակ է: Հենց դրանով է զբաղված հիմա Նիկոլ Փաշինյանը, որը հետևողականորեն արժեզրկում ու ատելի է դարձնում, օրինակ, խաղաղություն հասկացությունը:

Ադրբեջանի  հետ խաղաղություն հաստատելու, «խաղաղության դարաշրջան բացելու» մանտրան նա կրկնում է այնպիսի անպատեհությամբ ու էժանությամբ, ինչպես ժամանակին խոսում էր, ասենք, ՀԴՄ կտրոնի «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության մասին»: Որոշակի տարբերություններով, բայց արդյունքը գրեթե նույնն է՝ բոլոր նորմալ մարդիկ արդեն իսկ ատելություն են տածում՝ ինչպես ՀԴՄ կտրոնի, այնպես էլ ու առավել ևս՝ հեղափոխության հանդեպ:

Խաղաղության արժեզրկումը, սակայն, Նիկոլ Փաշինյանն իրականացնում է մեթոդական, հետևողական նախանձախնդրությամբ ու այնպես, որ ինքնասիրություն ունեցող ցանկացած մեկն ուղղակի զզվանք է ապրում նրա ազդարարած խաղաղությունից: Ինչպես ամենայն ինչի, այնպես էլ խաղաղություն հասկացության նշաձողը Նիկոլ Փաշինյանն իջեցրել է սեփական արժեհամակարգի ու սկզբունքայնության մակարդակին, այսինքն՝ զրոյական կետի:

Նա խաղաղությունը նույնացրել է նվաստացման, ստորացման, անարժանապատվության, նսեմացման հետ: Բանականություն ունեցող ունկնդիրը չի կարող այլ ասոցիացիաներ ունենալ, երբ Արցախի հումանիտար աղետի, էթնիկ զտման ամենաառարկայական սպառնալիքի պայմաններում Նիկոլ Փաշինյանն օր առաջ կրկնում է «խաղաղության օրակարգին նվիրվածության» մասին իր դատարկաբանությունը: Սեփական հայրենակիցներին ցեղասպանությամբ սպառնացողի հետ խաղաղություն մուրացողն առնվազն այդ ցեղասպանության հանցակիցն է, իսկ ազգակցին սովամահության ենթարկողի հետ խաղաղության մեջ երևալու են անոթի երեխաների դեմքերն ու լսվելու են հիվանդ արցախցիների հառաչանքները:

Կարդացեք նաև

Ահա այսպիսի խաղաղությունը, որի առաջմղմամբ Նիկոլ Փաշինյանը զբաղվում է ադրբեջանական գովազդային գործակալի համառությամբ, խաղաղությունը դարձնում է ատելի բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են առանց արժանապատվության խաղաղության նողկալիությունը:

Այլ պարագաներում խաղաղության նկատմամբ ատելություն սերմանողը կարող էր առաջնորդվել պատերազմին հաղթականություն հաղորդելու սկզբունքով: Բայց Նիկոլ Փաշինյանը՝ խաղաղության գաղափարն այլասերելուց առաջ, հասցրել է ատելություն սերմանել նաև պատերազմի հանդեպ՝ ոչ թե այն հումանիստական սկզբունքով, որ պատերազմներն ինքնին ատելի են, այլ հայկական բանակի անկարողության, անխուսափելի պարտության, համընդհանուր անկարողության իմաստներով:

Նիկոլ Փաշինյանը հայ հասարակությանը, առնվազն՝ դրա առողջ հատվածին, դրել է ըստ էության անայլընտրանք իրավիճակի մեջ՝ մի կողմից՝ ատելի դարձնելով իր կողմից առաջարկվող նվաստացուցիչ խաղաղությունը, մյուս կողմից՝ անարժանապատվությունից խուսափելու համար հնարավոր պատերազմը դարձնելով է՛լ ավելի սարսափելի: Սա մոտավորապես նման է իրավիճակի, որում մարդը կամ հանրույթը զրկվում է տարածությունից և ժամանակից միաժամանակ: Որովհետև, երբ անհատը, հանրույթն ապրում է թշնամական միջավայրում, որում առաջարկվող խաղաղությունն անընդունելի է, իսկ դրա հնարավոր այլընտրանք համարվող պատերազմը՝ անկարելի, առաջանում է վակուում, անդունդ, որում չխորտակվելու համար շատերը գերադասում են արտագաղթել Հայաստանից:

Իրականում այդ անդունդում հիմա պետությունն է, որի հանդեպ ևս Նիկոլ Փաշինյանը կարողացել է ատելություն սերմանել հասարակության զգալի հատվածի շրջանում՝ պետության լինելիությունը հասցնելով «կադաստրի վկայականի» մակարդակի:

Մարդիկ, նորմալ մարդիկ իրականում ատում են ոչ թե պետությունն ինքնին, ոչ թե պետությունը՝ որպես մատերիա, այլ պետության այն կերպը, որը Հայաստանին հաղորդել է Նիկոլ Փաշինյանը:

Իսկ պետությունն ատող հասարակությունն իսկական նվեր է Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ այն կարող է հանդուրժել՝ ինչպես անարժանապատիվ խաղաղությունը, այնպես էլ՝ իր նմանի իշխանությունը, որի հանդեպ նրա սերն իրեն ստիպում է ողջ ուժով ատել ուժեղ հայկական պետությունը, որում ինքը չէր կարող պաշտոնավարել անգամ ամենավարդագույն երազում:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս